Անսպասելի հայտարարություն Մոսկվայից

  • Մեկնաբանություն - 12 Նոյեմբերի 2017, 14:36
Անցած շաբաթ Ղարաբաղյան «կարգավորման» գործընթացում տեղի ունեցավ ուշագրավ իրադարձություն՝ Սերժ Սարգսյանը Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ պետք է իրագործվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի պայմանավորվածությունները:

Այստեղ իհարկե կարեւորը Վիեննայի հիշատակումն էր: Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ ամերիկյան նախաձեռնությամբ եւ ընդունեց բանակցությունը վերսկսելու հայկական պայմանները, մասնավորապես դիտարկման մեխանիզմների տեղակայման մասով:

Սերժ Սարգսյանն ու հայ մյուս պատասխանատուները տեւական ժամանակ դադարել էին խոսել այդ թեմայով, իսկ Բաքուն հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է իր պայմաններից եւ վերադարձել բանակցության:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանն անմիջապես հետեւեցին հայ այլ պաշտոնյաների նմանատիպ հայտարարությունները: Իր հերթին, ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում հայկական պատվիրակության ղեկավար դեսպան Արման Կիրակոսյանը վերահաստատել է հայկական կողմի անվերապահ աջակցությունը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք նախատեսում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ստեղծում եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում:

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցած այդ նիստում քննարկվել է նաեւ ղարաբաղյան խնդիրը, որն անցել է ուշագրավ սցենարով: ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ժամանակավոր ղեկավար Հարրի Քամիանը կոչ է արել կողմերին իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները:

«Կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի մանդատը, որը, հուսով ենք, կարտացոլվի ԵԱՀԿ 2018 թվականի բյուջեում: ԱՄՆ նաեւ կոչ է անում կողմերին աշխատել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ստեղծման առաջարկների շուրջ», ասել է նա:

Հայկական կողմի «լռության» ժամանակահատվածում ամերիկացիները մի քանի անգամ կողմերին, հատկապես Հայաստանին «հիշեցրել» էին Վիեննան, այդպիսով նաեւ աջակցություն հայտնելով Երեւանին, նկատի առնելով, որ հայկական կողմի լռությունը եւ Վիեննայից հրաժարվելը կարող էր պայմանավորված լինել Մոսկվայի ու Բաքվի ճնշմամբ:

ԵԱՀԿ-ում այս քննարկումները տեղի ունեցան այն պայմաններում, երբ Մոսկվա-Անկարա-Բաքու եռանկյունում Ղարաբաղի խնդրի շուրջ տեղի ունեցավ տեղեկատվական արտահոսք ինչ որ պլանի մասին, ըստ որի ենթադրվում է Արցախի տարածքների հանձնումն Ադրբեջանին՝ ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցելու եւ ռուսական զորքի ներկայությանը համաձայնվելու դիմաց:

Այս արտահոսքը կարող է կապված լինել այդ եռանկյունում որոշակի խնդիրների հետ, այնուամենայնիվ ուշագրավ էր այն, որ Հայաստանին որեւէ հղում չկար, նրա կարծիքը որեւէ կերպ հաշվի չէր առնվում: Ըստ ամենայնի, սրա հետ էր կապված Սերժ Սարգսյանի «լռության ուխտի» խախտումը, որը փաստացի սկսվել էր Սանկտ Պետերբուրգի «սեպարատ» հանդիպումից, որտեղ Մոսկվան ու Բաքուն փորձեցին չեղարկել Վիեննայի օրակարգը:

Հայաստանը փաստացի քաղաքական լուրջ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից ու Եվրոպական կառույցներից, Վիեննայի օրակարգի շեշտադրմամբ: Ընդ որում, տեղի ունեցավ ինչ որ առումով անսպասելի բան՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Ռուսաստանը նույնպես հանդես եկավ Վիեննայի իրակարգի օգտին: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը: Նորից նշում ենք, որ այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: ... Շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանում կայունության շահերից է բխում նաև հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմների ստեղծումը»:

Ռուսաստանը մինչ այս կարծես թե հստակ չէր արտահայտվել այս հարցում: Կամ չեն ցանկացել շեղվել ԵԱՀԿ քննարկման «պրո-հայկական» միտումից, կամ էլ դա պատասխան էր վերոհիշյալ տեղեկատվական արտահոսքին, որը ոչ այլ ինչ էր, քան Ռուսաստանի հակահայկական հերթական քայլի «բացահայտում»:

Մյուս կողմից, չնայած Վիեննայի օրակարգի պնդումներին, հայ եւ ռուս շատ փորձագետների կարծիքով՝ դրանք կարող են մնալ ընդամենը հայտարարություններ, այն պայմաններում, երբ պաշտոնական Երեւանը վերջին ամիսներին չափից ավելի մեծ զիջումների է գնացել Ադրբեջանին, հրաժարվելով իր պայմաններից, այդպիսով կորցնելով քաղաքական շահեկան դիրքերը ապրիլյան պատերազմից հետո:

Հայաստանը վերադառնո՞ւմ է իր կոշտ դիրքորոշմանը, թե սա կրկին որոշակի արտաքին կոնյունկտուրայից բխող հայտարարություն էր եւ կապված է Բաքվի ու Անկարայի հետ Մոսկվայի ինչ որ խնդիրների հետ: Վիեննայի գործընթացը տապալվե՞լ է, թե հնարավոր է իրագործել:

Ամենաընթերցվածը