Հայաստանը Թրամփի եւ Պուտինի հայտարարության տողատակում

    • Մեկնաբանություն - 11 Նոյեմբերի 2017, 22:46
ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Թրամփը համատեղ հայտարարություն են տարածել, որն առնչվում է Սիրիայի իրավիճակին: Հայտարարությունը տարածվել է չկայացած հանդիպումից հետո, թեեւ նշվում է, թե հայտարարությունը հանդիպման արդյունքում է:

Իրականում, Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան Վեհաժողովի շրջանակում Պուտինն ու Թրամփը հանդիպել են խմբակային լուսանկարի համար շարվելիս, երբ եղել են կողք-կողքի եւ ձեռքսեղմում է տեղի ունեցել նրանց միջեւ, մի քանի բառի փոխանակումով:

Մինչ այդ, Վեհաժողովից առաջ, աշխույժ խոսակցություն եւ տեղեկություն էր տարածվում, որ Վեհաժողովի շրջանակում կլինի ԱՄՆ ու ՌԴ նախագահների հանդիպում: Ռուսական կողմը անգամ նախագահի օգնականի եւ արտգործնախարարի, մամուլի քարտուղարի մակարդակով հայտնում էր իր պատրաստակամությունը: Սակայն, նախ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, թե հանդիպումն իմաստ ունի, եթե ակնկալվում է արդյունք, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղարը արդեն Վեհաժողովի օրվա առավոտյան հայտարարեց, որ պաշտոնական հանդիպում չի լինի, քանի որ չի հաջողվել համադրել կողմերի ժամանակացույցը: Միաժամանակ նա չէր բացառել, որ նույն վայրում գտնվելու հանգամանքը կարող է դառնալ միմյանց պատահելու եւ ողջունելու առիթ:

Այդ առիթը փաստորեն հավաքական լուսանկարի ժամանակահատվածն էր: Իհարկե համատեղ հայտարարությունը չի ծնվել այդ մի քանի րոպեի ընթացքում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ դա նախապես պատրաստված հայտարարություն է, որը անցել է երկու կողմերի թե փորձագիտական մշակում, թե արտաքին գործերի նախարարների հավանություն:

Համատեղ հայտարարության եւ փաստացի չկայացած հանդիպման հանգամանքը առաջացնում է հարցեր: Մասնավորապես, երբ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում էր, որ հանդիպումը իմաստ ունի, եթե կա արդյունք, ապա արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ մերժել է հանդիպումը, քանի որ չի նշմարվել ակնկալվող արդյունքը: Այդ դեպքում ինչի՞ արդյունք է համատեղ հայտարարությունը: Թե՞ համատեղ հայտարարությունը արդյունք է, որին ԱՄՆ հասել է Թրամփ-Պուտին հանդիպումը մերժելով: Կամ, արդյո՞ք համատեղ հայտարարությունը պետք է ինչ որ դրույթով «հարստանար» համատեղ հանդիպումից հետո, սակայն կողմերը չեն եկել համաձայնության, եւ հանդիպման փոխարեն Թրամփն ու Պուտինն ունեցել են ընդամենը ձեռքսեղմում:

Գուցե նաեւ չարժե չափազանց մեծ նշանակություն տալ ամերիկա-ռուսական համատեղ հայտարարությանը, քանի որ այդպիսի հայտարարություններ ու համաձայնություն Սիրիայի հարցում եղել են նախկինում էլ, սակայն դրանք գործնականում չեն հանգեցրել ճգնաժամի հաղթահարման եւ գուցե ընդամենը դիրքային քաղաքական կամ ռազմա-քաղաքական պայքարի դրսեւորում են:

Այս անգամ Թրամփն ու Պուտինը հայտարարում են, որ սիրիական ճգնաժամը չունի ռազմական կարգավորում, միաժամանակ հայտնում են իրենց հավատարմությունը Սիրիայի միասնականությանն ու տարածքային ամբողջությանը, նաեւ արդիական համարելով Սիրիայում ազատ ընտրության անցկացումն ու իշխանության ձեւավորումը: Միաժամանակ խոսվում է ապառազմականացված գոտիների կենսունակությունը բարձրացնելու, նաեւ մարդասիրական օգնության տրամադրման համար հնարավորություն ստեղծելու մասին: Երկու նախագահները կոչ են անում նաեւ մյուս երկրներին մասնակցել մարդասիրական աջակցությանը:

Ինչ ազդեցություն է ունենալու Թրամփի եւ Պուտինի հայտարարությունը սիրիական եւ մերձավորարեւելյան իրավիճակի վրա: Դա մի հարց է, որին թերեւս ոչ ոք չի կարող տալ ստույգ պատասխան: Ընդհանրապես, մերձավորարեւելյան իրադարձությունները զարգացել են մի տրամաբանությամբ, որը պարզապես ավելորդ է դարձնում ստույգ կանխատեսումների ակնկալիքը: Դա աշխարհքաղաքականության մի խառնարան է, որը եռում է, եւ բավական բարդ է ասել, թե ջուրը կլոր կաթսայի պռնկի հատկապես որ հատվածից է թափվելու դուրս: Սիրիական խնդրին հաջորդած քրդական հանրաքվեից հետո էլ այժմ բավական լարված խմորումներ են Լիբանանում:

Միեւնույն ժամանակ, Թրամփ-Պուտին հայտարարությունը ուշագրավ է ոչ միայն չկայացած հանդիպման, ոչ միայն ամերիկա-չինական բարձր մակարդակի հանդիպման ֆոնին, այլ նաեւ օրեր առաջ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարության, թե Նահանգները մշտապես կանգնած են լինելու մերձավորարեւելյան տարածաշրջանի քրիստոնյա փոքրամասնությունների կողքին եւ սկսելու են նրանց մարդասիրական օժանդակության անմիջական տրամադրումը, առանց ՄԱԿ խողովակների, քանի որ դրանցով հատկացվող օգնությունը արդյունավետ չէ, հատկացման գործընթացը անվտանգ չէ:

Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, որ Թրամփի եւ Պուտինի համատեղ հայտարարություն է տարածվում նոյեմբերի 13-ին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ, որտեղ Սիրիայի հարցը անկասկած լինելու էր գլխավոր քննարկվողներից մեկը: Թրամփի հետ համատեղ հայտարարությամբ Պուտինը գործնականում առավելություն է ձեռք բերում Էրդողանի նկատմամբ, հաշվի առնելով նաեւ Էրդողանի խնդիրներն ԱՄՆ հետ: Ի դեպ, հետաքրքիր է, որ օրերս Անկարան քայլեր էր ձեռնարկում Վաշինգտոնի հետ լարվածությունը թուլացնելու համար, եւ դրա համար ԱՄՆ էր մեկնել վարչապետ Յըլդըրըմը:

Հնարավոր է, որ մի կողմից թուրքական, մյուս կողմից ռուսական կողմի հետ խաղով ԱՄՆ փորձեց երկու կողմին էլ մերձավորարեւելյան քաղաքականության մասով ներառել իր պատկերացումների շրջանակ:

Միեւնույն ժամանակ, այդ համատեքստում բավական հետաքրքիր է դառնում նաեւ հայ-իսրայելական շփումը, հաշվի առնելով նաեւ մի կողմից հայ-ռուսական հարաբերության բնույթը, մյուս կողմից իսրայելա-ամերիկյան հարաբերությունը: Արդյոք հայ-իսրայելական հարաբերությունը եւս այն նոր ռազմավարության մաս է, որ տարածաշրջանի հարցում փորձում է ձեւավորել ԱՄՆ-ն եւ դրան բերել նաեւ Ռուսաստանին:

Նոյեմբերի 13-ին Էրդողանի ռուսական այցից երկու օր անց՝ նոյեմբերի 15-ին Մոսկվա է մեկնում Սերժ Սարգսյանը, մինչ այդ Երեւանում հայտարարելով, որ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները պետք է կատարվեն:

Ամենաընթերցվածը