Նալբանդյանի զգուշացումն Իսրայելին. իրավիճակի փոփոխության մեկնարկ

    • Մեկնաբանություն - 11 Նոյեմբերի 2017, 14:37

«Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել», իսրայելական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը Իսրայելի վարչապետի հրավերով նոյեմբերի 6-ին այցելել էր այդ երկիր եւ հանդիպել նրա հետ:

Իսրայելի վարչապետի հետ Նալբանդյանի հանդիպման ամենաուշագրավ դրվագներից մեկն այն էր, որ դրա մասին Իսրայելի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, թե վարչապետ Նաթանյահուն Նալբանդյանի հետ խոսել է տարածաշրջանում Իրանի ռազմական ներկայացվածության ընդլայնման եւ դրա բացասական հետեւանքի մասին: Դրվագն առավել հետաքրքիր էր այն առումով, որ Նաթանյահու-Նալբանդյան հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ չկար Իրանի վերաբերյալ քննարկման մասին խոսք:

Այդ հանգամանքի հնարավոր շարժառիթներից ու նրբերանգներից մի քանիսը դիտարկված են «Նաթանյահուի ուշագրավ առաջարկը Նալբանդյանին. Հայաստանի նոր դերը» եւ «Հայաստանն Իսրայելին առաջարկել է ընտրել» հոդվածներում:

Սպառազինության խնդիրը հայ-իսրայելական օրակարգի գուցե առաջնային եւ ցավոտ հարցերից է: Խոսքը Ադրբեջանին Իսրայելի վաճառած մահաբեր սպառազինության մասին է, որը, օրինակ ապրիլյան պատերազմում բավական խնդիրներ առաջացրեց հայկական կողմի համար: Այդ համատեքստում առաջացավ նաեւ աղմկոտ պատմությունը, որ մամուլ սպրդեց Հայաստան Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարի այցից հետո, կապված հարվածային անօդաչուների հետ, երբ Ադրբեջանի իսրայելական մատակարար ընկերությունը դրանք փորձարկել էր հենց հայկական դիրքերի վրա՝ բարեբախտաբար առանց զոհերի:

Պաշտոնական Թել-Ավիվը արձագանքեց համարժեք, սկսվեց քննություն, իսկ դրա ընթացքում արգելափակվեց վաճառքը: Բայց աներկբա է, որ Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմա-տեխնիկական գործակցության հարցում Երեւանն ու Թել-Ավիվն ունեն քննարկելու լայն հարցեր:

Ահա այդ համատեքստում ուշագրավ է դառնում Իրանի տարածաշրջանային ռազմական ներկայության մասին հարցի բարձրացումը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, երբ Հայաստանն ակնհայտորեն չունի Իրանի վրա այդ հարցում ազդելու որեւէ հնարավորություն կամ լծակ: Այստեղ է սակայն գուցե բուն խնդիրը, որ Իսրայելը հարցը բարձրացնում է ոչ թե ակնկալելով, որ Հայաստանը կօգնի կանգնեցնել Իրանին, այլ ակնկալիքով, որ Հայաստանն Իրանին չի օգնի Մերձավոր Արեւելքում ռազմական խնդիրների լուծման հարցում:

Թվում է, թե ինչպես պետք է Հայաստանն օգնի Իրանին: Բայց այստեղ է, որ առաջ է գալիս Ադրբեջանին իսրայելական մատակարարումների խնդիրն ու ուշագրավ երանգ է ստանում Նալբանդյանի առաջ Իրանի հարցի բարձրացման Նաթանյահուի քայլն ու Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը իսրայելական հեռուստաընկերությանը: Իսրայելը թերեւս ունի կամ տեղեկություն, կամ լուրջ մտավախություն, որ Ադրբեջանին մատակարարած իսրայելական սպառազինություն խոցող հայկական զինուժը փաստորեն ձեռք է բերում այդ սպառազինության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, որը կարող է դրվել նաեւ հայ-իրանական գործակցության սեղանին, այսինքն հայտնվել Իրանի տրամադրության տակ:

Առավել եւս, որ բոլորովին վերջերս իրանական մամուլին տված հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանն արել էր խիստ ուշագրավ մի հայտարարություն: «Ըստ էության՝ մեր երկու երկրները ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ, որոնց գործակցությունը միտված է միմիայն կայուն և խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը: Հայաստանը և Իրանը, ըստ իս, ունեն մի կարևոր ընդհանրություն. միջազգային ասպարեզում մեր իրականացրած քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու տեսլականի վրա, ինչը չափազանց կարևոր է առկա բազմաթիվ խնդիրների խաղաղ և հիմնավոր լուծման առումով», հայտարարել էր Սերժ Սարգսյանը, փաստացի ակնարկելով անվտանգության խնդրում հայ-իրանական ընդհանուր շահի եւ գործողությունների տրամաբանության կարեւոր ընդհանրությունների մասին:

Այդ համատեքստում, Իսրայելի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով սպառազինության վաճառքի խնդրին, Էդվարդ Նալբանդյանն անում է ուշագրավ ակնարկ. «Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների», ասում է Հայաստանի արտգործնախարարը, կարծես թե բավականին նրբորեն ակնարկելով, որ Իսրայելի մտահոգությունը ունի հիմք կամ կարող է հիմք ունենալ, բայց դա հենց Իսրայելի գործողության, այսինքն Ադրբեջանին սպառազինության վաճառքի «սեւ» եւ «բացասական» կողմն է, ըստ այդմ վաճառքից առաջ Թել Ավիվը պետք է ծանրութեթեւ անի, դրանից իր շա՞հն է ավելի առարկայական, թե խնդիրները:

Ինչ է հաջողվել այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանին Իսրայել այցի ընթացքում, ինչի՞ են հանգել Հայաստանն ու Իսրայելը նրա ասած անկեղծ քննարկումների արդյունքում: Թեեւ այն, որ թեման դարձել է հայ-իսրայելական բավականին բարձր մակարդակի քննարկման հարց, արդեն իսկ դրական  եւ ողջունելի իրողություն է, քանի որ կարող է վկայել իրավիճակի փոփոխության մեկնարկի մասին:

Ամենաընթերցվածը