Պատային վիճակ. Տոտալ վախի ու խուճապի դրսեւորում

    • Մեկնաբանություն - 23 Հոկտեմբերի 2017, 23:14
Սերժ Սարգսյանն ահաբեկել է ՀՀԿ-ին

2018 թվականի վարչապետի եւ Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական ճակատագրի, ծրագրերի մասին որեւէ հարցադրման որեւէ ՀՀԿ-ական արձագանքում է գրեթե «մանտրա» դարձած արտահայտությամբ՝ ինչ էլ ուզում է լինի, Սերժ Սարգսյանը կա ու կմնա մեր կուսակցության առաջնորդ, անփոփոխ եւ անփոխարինելի:

Այդ արտահայտությունները հիշեցնում են յուրօրինակ «քաղաքական մահախոսական», այն ենթատեքստով կամ իմաստային հնչերանգով, թե «Սերժ Սարգսյանի քաղաքական հիշատակը միշտ վառ կմնա ՀՀԿ սրտում»:

Սերժ Սարգսյանի անփոխարինելի եւ անբեկանելի առաջնորդությամբ, բոլոր դեպքերում երկրի ղեկավար լինելու մասին ՀՀԿ-ական հավաստիացումները կուսակցությունում տիրող տոտալ վախի եւ խուճապի ակնառու դրսեւորում են: Ընդ որում, կարող է լինել վախի երկու տարբերակ կամ տեսակ. վախ իշխանության եւ քաղաքական որոշումների համար պատասխանատվությունից, եւ վախ այն բանից, որ Սերժ Սարգսյանի իշխանության չլինելու դեպքում իրենք տեղ չեն գտնի ՀՀԿ «նոր ոգում», որի մասին հայտարարել է Սարգսյանը Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելիս:

Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ թերեւս հիանալի էր պատկերացնում այդ հայտարարության ներկուսակցական էֆեկտը: Կարեն Կարապետյանի համար էլ շատ դժվար էր լինելու հերքել, որ այսպես ասած իշխանությունը ժառանգելու դեպքում կթողնի ՀՀԿ «հին ոգին»: Այդ իմաստով, Սարգսյանի հայտարարությունը ուղղակի անվրեպ էր, եւ ներկայում դրսեւորվում է դրա էֆեկտը:

ՀՀԿ ներկայիս մեծամասնությունը չի պատկերացնում «կյանքը Սերժ Սարգսյանից հետո»: Հետեւաբար, չի ցանկանում բաց թողնել Սերժ Սարգսյանին: Սարգսյանն ինքը հայտարարում է, որ Հայաստանի կառավարումն այլեւս մեկ մարդու կառավարում չէ, բայց ՀՀԿ մեծամասնությունը պնդում է ու համառում, որ Սարգսյանը պետք է մնա այդ մեկ մարդը:

Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը լավ գիտե Հայաստանի իշխող համակարգի բնույթն ու մոտիվացիոն հիմքերը: Այդ համակարգը ներկայացնող անձինք փոխվում են, երիտասարդանում, բայց մոտիվացիոն հիմքերը չեն փոխվում, ըստ այդմ չի փոխվում վարքը թելադրող մթնոլորտը: Իսկ դա նշանակում է, որ համակարգը հնարավոր է պահել միայն վախի՝ դիրքերը կորցնելու վախի ազդեցությամբ, երբ մի կողմից գործնականում ոչնչով չես սպառնում համակարգին, մյուս կողմից առաջացնում ես ապագայի հետ կապված վախեր, ահ:

Սարգսյանի մոտ Կարեն Կարապետյանի ներգրավումով դա ստացվեց գրեթե անթերի, եւ այժմ իշխող ամբողջ համակարգը հիշում է ու պահանջում՝ մնալ եւ պատասխանատու լինել իշխանության համար:

Դա նաեւ հետաքրքիր իրավիճակ է առաջացրել Կարեն Կարապետյանի համար: Մի կողմից ակնհայտ է, որ նա փորձում է իր երաշխիքները տալ համակարգին, հատկապես այսպես ասած բիզնես-թեւին, որը զբաղված է պրակտիկ ձեռնարկատիրությամբ: Մյուս կողմից, նրա երաշխիքներին չի հավատում ոչ ոք, քանի որ Կարապետյանը պարզապես պարտադրված է բացօթյա ռեժիմով քննադատել համակարգը:

Երբ Կարապետյանը բուռն կերպով քննադատում է ՏԻՄ ղեկավարներին, ասենք այս կամ այն գյուղապետին կամ քաղաքապետին, միայն առերեույթ է թվում, թե դա զուտ նրանց ուղղված քննադատություն է: Այդ իմաստով Հայաստանի իշխանությունը մի ամբողջ շղթա է, եւ ՏԻՄ որեւէ ղեկավարի քննադատությունը դիպչում է ամբողջ համակարգի սրտին:

Ի վերջո, բոլորը լավ են պատկերացնում, որ Կարապետյանը նրանց է քննադատում, որովհետեւ ուժը ներկայում պատում է նրանց վրա, եւ իշխանության այսպես ասած աստիճանն ու չափը բարձրացնելուն զուգահեռ, Կարապետյանը անկասկած բարձրացնելու է նաեւ ՀՀԿ-ին ուղղված քննադատության հասցեական աստիճանը:

Ստեղծելով այդ վիճակը, Սերժ Սարգսյանը գործնականում շարել է ՀՀԿ մեծամասնության ու Կարեն Կարապետյանի միջեւ չհասկացվածության ամուր մի պատ, կամ շախմատային լեզվով ասած՝ պատային վիճակում է  դրել մեծամասնությանն ու Կարեն Կարապետյանին:

Բայց, դրանով Սարգսյանն ընդամենը այսպես ասած հավասարեցրել է շանսերը կամ իրավիճակները, քանի որ զգալիորեն պատային է նաեւ նրա իրավիճակը: Սարգսյանի համար գուցե ոչինչ չարժե անել 2018-ի ապրիլի որեւէ քայլ, ընդհուպ վարչապետի պաշտոնում հայտնվելը: Ամբողջ հարցը սակայն այն է, որ Սարգսյանի համար խնդիր է այդ քայլից կամ քայլերից հետո ավելի խոցելի վիճակում չհայտնվելը:

Նրա խնդիրը ինչպես վարչապետ դառնալը չէ, այլ վարչապետ դառնալուց հետո ինչ անելը:

Ամենաընթերցվածը