Սերժ Սարգսյանը պատասխանել է ադրբեջանական հրթիռներին

    • Մեկնաբանություն - 23 Հոկտեմբերի 2017, 20:25
Սերժ Սարգսյանը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որ օրեր առաջ վավերացրեց Ազգային ժողովը: Ռուսաստանը համաձայնագիրը վավերացրել եւ նախագահի մակարդակով ստորագրության է արժանացրել ավելի վաղ:

Միացյալ զորախումբը ոչ թե նոր է ստեղծվում, ինչպես շատ անգամ նշվում է թերեւս թյուրիմացաբար, այլ ընդլայնվում են դրա կազմն ու որոշակի լիազորությունները:

Համաձայնագիրը Հայաստանում առաջացրեց մեծ ուշադրություն եւ քննադատություն, որի հեղինակները այն համարում էին Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված հերթական քայլ, որը սահմանափակում է արդեն հայկական զինուժի գործողությունները:

Դե յուրե, հայ-ռուսական համաձայնագիրը այդպիսին չէ: Դե ֆակտո, այդպիսի կասկածներն ու մտահոգությունները միանգամայն բնական են, հաշվի առնելով մի քանի հանգամանք, պայմանավորված հայ-ռուսական հարաբերության բնույթով եւ վերջին տարիներին Ռուսաստանի քաղաքականությամբ՝ մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գործակցությամբ, որը ունեցել է եւ ունի ակնհայտ հակահայկական դրսեւորումներ:

Այդ հանգամանքները Հայաստանում անխուսափելիորեն առաջացնելու են անվստահություն հայ-ռուսական ցանկացած, նույնիսկ մարզական ոլորտում գործակցության համաձայնագրերի հանդեպ, էլ չասած այնպիսի կարեւոր ուղղության մասին, ինչպիսին են բանակն ու անվտանգությունը:

Մյուս կողմից, հայ-ռուսական համաձայնագիրը Հայաստանի համար կարող է խնդիր լինել, եթե Հայաստանը չունի ինքնիշխան քաղաքականության կամք եւ միտք, եւ հակառակը՝ կարող է անվտանգության հավելյալ գործիք լինել, եթե Հայաստանն ունի ինքնիշխանության համար անհրաժեշտ կամք եւ միտք:

Եթե Հայաստանը դա չունի, խոշոր հաշվով էական չէ, կա՞ համաձայնագիր, թե չկա՝ եթե իհարկե այդ համաձայնագրում ակնհայտ եւ միարժեք չեն Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող դրույթները, որովհետեւ Ռուսաստանն ունի Հայաստանի վրա ազդելու բազմաթիվ լծակներ, որոնք կարող է գործի դնել եւ Հայաստանի իշխանությանը պարտադրել այս կամ այն քայլը: Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրում դե յուրե չկա Հայաստանի ինքնիշխանության միարժեք սահմանափակում:

Ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպիսի վիճակ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության իր առաքելության համատեքստում, որ իրականացնում է գործնականում երկու տասնամյակ: Այդ առումով, Հայաստանի քաղաքականության մեջ տեղի էր ունեցել էական խզում, այսպես ասած դիվանագիտության եւ զինված ուժերի գործողությունների ու առաքելությունների միջեւ:

Խոշոր հաշվով, դա հանգեցրեց 2016 թվականի ապրիլյան պատերազմին: Դրա ընթացքում զինված ուժերը լցրեցին «ճեղքը»: Փոխարենը, ապրիլյան պատերազմն ու զինուժի դիմադրությունն ու հակադարձումը ադրբեջանական ագրեսիային, բացեցին հայ-ռուսական հարաբերության մեջ առաջացած մեծ ճեղքը:

Ռուսաստանը գիտակցելով լրջագույն խնդիրը, փորձեց այդ ճեղքը լցնել Հայաստանին հատկացվող ռազմա-տեխնիկայով, ընդհուպ Իսկանդեր օպերատիվ-տակտիկական համակարգերը: Ընդ որում, այդ հանգամանքն ակնհայտորեն տեղի է ունեցել աշխարհքաղաքական կոնսենսուսի պարագայում: Այդօրինակ համակարգերի վաճառքն ու տեղակայումը քաղաքական խնդիր են, հետեւաբար այդ հարցում էական է ուժային կենտրոնների արձագանքը: Հայաստանում Իսկանդերի առկայությունից դժգոհել է միայն Ադրբեջանը, ինչը խոսուն փաստ է:

Մյուս կողմից, այդ հանգամանքը միանգամայն բնական է: Բանն այն է, որ հայ-ռուսական ռազմա-տեխնիկական գործակցությունն ինքնին Արեւմուտքի համար խնդիր չէ, խնդիր չէ նաեւ Իրանի համար, եթե Հայաստանը այդ գործակցության մեջ ինքնիշխան դերում է, եւ առկա մեխանիզմները ծառայում են Հայաստանի անվտանգությանը, ոչ թե կաշկանդում այն:

Այլ կերպ ասած, խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է: Պատահական չէ, որ թե ՆԱՏՕ, թե ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները պարբերաբար նշում են, որ հայ-ռուսական ռազմական հարաբերությունն ու անդամակցությունը ՀԱՊԿ-ին իրենց համար խնդիր չէ: Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ Հայաստանը ինքնիշխան չէ: Իսկ ինքնիշխանության խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ Հայաստանն ունի տնտեսական արդունավետության եւ այսպես ասած ներիշխանական կայունության խնդիր: Այդ առումով խիստ հատկանշական էր շաբաթներ առաջ ԱՄՆ դեսպան Միլզի հայտարարությունը, որ իրենց նպատակն է Հայաստանին տալ ինքնիշխանության գործիքներ:

Խոշոր հաշվով, խնդիրը Հայաստանը Ռուսաստանից կտրելը չէ, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունում Հայաստանի ինքնիշխան կարողությունը ապահովելը, ինչի շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունն ու ըստ այդմ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը միջազգային անվտանգության համար ռիսկերի փոխարեն կապահովեն արդյունավետ գործիքներ: Հենց դրանով է նաեւ Արեւմուտքի համար Հայաստանի տարածաշրջանային դերն առանցքային:

Այստեղ իրավիճակը բավական բազմաշերտ է, քանի որ առնչվում է նաեւ այն հանգամանքին, թե ընդհանրապես ինչ ասել է Ռուսաստան, ինչպես է այդ երկրում կայացվում այս կամ այն քաղաքական որոշումը, եթե ինստիտուցիոնալ համակարգի փոխարեն աշխատում է այսպես ասած «ցարական» տարբերակը:

Բանն այն է, որ այդ իրողության պարագայում Ռուսաստանը «խոպան» է բառի ոչ միայն միգրացիոն, այլ ըստ էության նաեւ քաղաքականության իմաստով: Ըստ այդմ, հաջողում է նա, ով առավելագույն արդյունավետ է աշխատում այդ «խոպանում»: Անցնող տարիներին Ադրբեջանն այդ առումով ակնհայտորեն գերազանցել է Հայաստանին, եւ իրավիճակը փոխել է միայն հայկական զինուժը 2016-ի ապրիլին: Ու երբ խոսք է գնում հավասարակշռության մասին, ապրիլին զինուժը վերականգնել է հավասարակշռությունը նաեւ այդ՝ «խոպանում» աշխատանքի իմաստով:

Ներկայում խնդիրն այն է, թե ինչքանով է պահվելու զինուժի վերականգնած այդ հավասարակշռությունը հետագայում: Բանն այն է, որ մինչ այդ Հայաստանի իշխանությունը «խոպանում» բավական արդյունավետ աշխատել է, բայց առավելապես սեփական իշխանությունը պահելու ուղղությամբ, իսկ պետական անվտանգությունը՝ զուգահեռ, որքանով կստացվի: Իսկ ներկայում Հայաստանում կրկին իշխանության սուր խնդիր է:

Ամենաընթերցվածը