Մոսկվան նորից փրկեց Ադրբեջանին ու նոր սադրանք է պատրաստում Հայաստանի դեմ

    • Մեկնաբանություն - 18 Հոկտեմբերի 2017, 09:33
Հայաստանը Ժնեւի հանդիպումից առաջ ու հետո կարծես թե չի խոսում Վիեննայի օրակարգի մասին, եւ շատերը ենթադրում են, որ Երեւանը հրաժարվել է դրանից: Հետաքրքիր է, որ Ժնեւից առաջ Ալիեւը հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնվել է բանակցել առանց նախապայմանների, եւ եվրոպական ինչ որ կառույց միջնորդել է, որպեսզի հայկական կողմը հանի նախապայմանները բանակցություններից:

Նա չի ասել, թե դա ինչ կառույց է, ենթադրվում է՝ Եվրամիությունը, որի հետ Հայաստանը պատրաստվում է ստորագրել շրջանակային համաձայնագիրը:

Հետաքրքիր է, որ այս մասին խոսում են ռուս փորձագետները, ակնարկելով այն հանգամանքը, որ Բաքուն փորձում է ԵՄ-ին համոզել, որպեսզի Հայաստանի հետ համաձայնագրի նախաբանում Ղարաբաղի հարցով նշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ինչին ԵՄ-ն դեմ է: Այդ կետը չկա նաեւ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաբանում:

Որպես «ապացույց» նշվում է նաեւ, որ Հայաստանի հետ համաձայնագիրը ԵՄ-ն հրապարակեց Ժնեւի նախօրեին:

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ԵՄ երեք երկրներ դեռ չեն թարգմանել Հայաստանի հետ համաձայնագրի տեքստը, իսկ դա նշանակում է, որ այն կարող է եւ չստորագրվել: Այստեղ կարող է լինել ադրբեջանական հետք, սակայն Ադրբեջանն այն պետությունը չէ, որ միայնակ կարողանա նման խնդիր լուծել, առավել եւս Եվրոպայում ադրբեջանական կոռուպցիոն սկանդալների ֆոնին:

Այդ հարցում Ադրբեջանին կարող է օգնել Ռուսաստանը, որը նույնպես կցանկանար, որ Հայաստանը չստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը, ինչպես նաեւ չեղարկվի Վիեննայի օրակարգը Ղարաբաղի խնդրում:

Ժնեւի հանդիպումն Ալիեւին անհրաժեշտ էր մի քանի առումներով: Նախ, սեփական ժողովրդին ցույց տալ իր «հաղթական դիվանագիտությունը նախապայմաններից Հայաստանի հրաժարվելու» միջոցով, եւ երկրորդ՝ այդպիսով փորձելով դուրս գալ քաղաքական փակուղուց ու մեկուսացումից: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ղարաբաղյան գործընթացը դարձել է Արեւմուտքի հետ շփման ոչ միայն Ռուսաստանի, այլեւ արդեն Ադրբեջանի համար միակ հարթակը:

Դրա համար անհրաժեշտ էր Սերժ Սարգսյանի համաձայնությունը, ով ոչ մի պատճառ չուներ մասնակցելու այդ հանդիպմանը, քանի դեռ մեկ տարի առաջ իր նշած երեք պայմանները չէին կատարվել: Հայաստանի այդ դիրքորոշումն ընդունվել էր միջազգային հանրության կողմից, եւ Ադրբեջանը հայտնվել էր ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական փակուղում:

Այս ֆոնին, հարց է առաջանում, թե ինչու է մասնակցել Սերժ Սարգսյանը, եւ ով է նրան «համոզել»: Ալիեւի թեզը, թե համոզել է եվրոպական ինչ որ կառույց, բավական կասկածելի է: Հնարավո՞ր է՝ եվրոպացիներն այդ քայլին են գնացել, որպեսզի ապահովագրեն համաձայնագրի ստորագրումը Բաքվի ու Մոսկվայի սադրանքներից:

Մյուս կողմից, կասկածելի է թվում եվրոպացիների մոտիվացիան, որ ստիպեին Սերժ Սարգսյանին մասնակցել այդ հանդիպմանը:

Սերժ Սարգսյանին կարող էր ստիպել Ռուսաստանը, որն օգտվելով Ադրբեջանի ներկայիս իրավիճակից, կարող էր գործարքի գնալ Բաքվի հետ: Ադրբեջանը ներկայում մեկուսացված ու իզգոյ իրավիճակում է, եւ Մոսկվան կարող էր նրա հետ գնալ գործարքի, լուծելով նրա հետ իր խնդիրները, որոնք շուտով թերեւս պարզ կդառնան: Այդպիսով Մոսկվան կարող է հասնել նաեւ իր համար անցանկալի Վիեննայի օրակարգի չեղարկմանն ու ԵՄ հետ Հայաստանի համաձայնագրի դեմ խոչընդոտներին:

Իսկ Ժնեւին Սերժ Սարգսյանի մասնակցությունը եվրոպացիներին վերագրելը թերեւս շեղող մանեւր է՝ Մոսկվայի ու Բաքվի պայմանավորվածությամբ:

Որ սխեման է աշխատել՝ կերեւա մոտ ժամանակներս:

Ամենաընթերցվածը