Համանախագահների առաջարկն Ալիեւին. Սարգսյանն այդ տարբերակին համաձայնել է վաղուց

    • Մեկնաբանություն - 16 Հոկտեմբերի 2017, 18:05
Սարգսյանն ու Ալիեւը Ժնեւում որոշել են միասին հեռանա՞լ իշխանությունից, թե՞ միասին մնալ: Թերեւս այդ հարցն է, որ պատասխան է սպասում Ժնեւի հանդիպումից հետո, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին: Հանդիպման գործնականում «սղագրությունը» հրապարակված լուսանկարն է, որ պատկերում է Սարգսյանի եւ Ալիեւի ջերմ զրույցը: Նրանց տրամադրությունը բարձր է:

Մյուս կողմից դա ամենեւին զարմանալի չէ: Իսկ ու՞մ տրամադրությունը չի բարձրանա, լինելով Ժնեւում, արեւային տաք եղանակին, գողտրիկ այգում: Չի բացառվում, որ Սարգսյանն ու Ալիեւը պատկերացնում էին, թե ինչպես են եվրոպական արեւն ու ջերմությունը վայելում առանց քաղաքական պատասխանատվության, առանց քաղաքական ճակատագրի շուրջ մտահոգության եւ քննարկումների, առանց տասնյակ տեսախցիկների, համանախագահների, համանախագահ երկրների նախագահների:

Բացառված չէ անգամ, որ Սարգսյանին ու Ալիեւին համանախագահները հենց այդ զգացողությունների համար էին տարել Ժնեւ, թողել այգում միայնակ, դեմ դիմաց, արեւի ներքո, նրանց կյանքի քաղցրությունը զգացնել տալու համար, գուցե նույնիսկ իբրեւ ձեւակերպված ոչ պաշտոնական առաջարկ՝ որ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները երաշխավորում են Սարգսյանի եւ Ալիեւի անվտանգությունը, անձեռնմխելիությունը, հետիշխանական հանգիստը, եթե նրանք համաձայնում են համատեղ թողնել իշխանությունն ու անցնել թոշակի, իշխանությունը փոխանցելով թեկուզ ժառանգորդների եւ նրանց հանձնելով արցախյան բանակցության մանդատը:

Համենայն դեպս, դժվար է պատկերացնել, որ հնարավոր է որակապխես փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, մթնոլորտը, ձեւավորել կամ ձեւակերպել նոր ֆորմատ, որը հնարավորություն կտա ներկայիս իրավիճակն ու ստատուս-քվոն պահել արդեն շատ ավելի լիցքաթափված, այսպես ասած ոչ մարդասպան մթնոլորտում: Դժվար է պատկերացնել, որ դա հնարավոր է Իլհամ Ալիեւի պաշտոնավարման պայմաններում: Եվ դժվար է նաեւ պատկերացնել, որ եթե Ալիեւը շարունակի պաշտոնավարել, Հայաստանում իշխանությունը թողնի Սերժ Սարգսյանը: Այդ առումով ձեւավորվել են մի շարք «օբյեկտիվ» հանգամանքներ, որոնք ենթադրում են կամ երկուսի համատեղ հեռացում, կամ երկուսի համատեղ իշխանություն Հայաստանում ու Ադրբեջանում:

Եթե չի ստացվում հեռացումը, ապա ինչպես են համանախագահ երկրները պահելու ներկայիս թեկուզ հարաբերական խաղաղությունն ու անդորրը եւ շարունակելու առաջ մղել դրա պահպանությունը, բերելով միջազգայնորեն այսպես ասած ինստիտուցիոնալ մակարդակի:

Այն, որ դա չի կարող լինել ստատուս-քվոյին ձեռք տալով եւ այն փոխելու փորձով, առավել քան ակնհայտ է: Կայունությունը եւ խաղաղությունը շարունակելու համար պետք է փոխվի ոչ թե ստատուս-քվոն, այլ փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունը:

Հայաստանում Սահմանադրության փոփոխությամբ եւ կառավարման խորհրդարանական մոդելի անցումով Սերժ Սարգսյանը գործնականում հայտնել է Հայաստանի իշխանության ստատուս-քվոն փոխելու իր պատրաստակամությունը, ձեւավորելով դե յուրե հեռանալու, սակայն դե ֆակտո ազդեցություն պահելու համակարգային մեխանիզմ: Բայց միեւնույն ժամանակ թողել է նաեւ անփոփոխ ստատուս-քվոյի սահմանադրական հնարավորությունը, եթե չի հեռանում Ալիեւը:

Ալիեւն էլ գործնականում ակնարկել է հեռանալու հնարավորության մասին, Մեհրիբան Ալիեւային նշանակելով առաջին փոխնախագահ: Կամ, ցմահ նախագահության սահմանադրական մեխանիզմ ձեւավորած Ալիեւին այդուհանդերձ դե ֆակտո ստիպել են Մեհրիբան Ալիեւայի կարգավիճակի շնորհիվ փոքր ինչ նախադրյալ ստեղծել իշխանության ստատուս-քվոյի փոփոխության համար:

Հաջողվե՞ց Ժնեւում Ալիեւին համոզել առաջընթաց ապահովել այդ հարցում: Գործնականում որեւէ այլ կերպ հնարավոր չէ ապահովել «խաղաղ բանակցության» առաջընթաց, որի մասին խոսում են Մինսկի խմբի համանախագահները Ժնեւի հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ;

Հրադադարի պահպանման մեխանիզմը գործնականում ներդրված է վաղուց՝ հայկական կողմում դա առաջնագծի ռազմա-տեխնիկական հագեցումն է, որն էապես արգելափակել է Ադրբեջանի սադրանքի հնարավորությունները:

Մնում է մեխանիզմի տեղադրումն ադրբեջանական կողմում, դա Մեհրիբան Ալիեւայի նախագահությունն է, որը Բաքվին կտա ապրիլյան պատերազմից հետո փակուղի մտած ռազմատենչ քաղաքականությունից սահուն կերպով հրաժարվելու հնարավորություն, ինչն էլ կբերի ղարաբաղյան խնդրում մթնոլորտի եւ տրամաբանության փոփոխության կայուն մեկնարկի:

Ամենաընթերցվածը