Սերժ Սարգսյանի նյարդերը չդիմացան. Ի՞նչ է կատարվել

    • Մեկնաբանություն - 14 Հոկտեմբերի 2017, 19:02
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմը մի շարք հայտարարություններ արեց բանակցային գործընթացում «հետաքրքիր նորությունների» եւ այդ համատեքստում հայկական կողմի զիջումների պատրաստակամության մասին: Հայաստանի ԱԳ նախարարն ինքը հայտարարություն արեց Ադրբեջանին տարածքների վերադարձի հարցի քննարկման մասին:

Նյու Յորքի հանդիպումից հետո Մինսկի խումբը երկու հայտարարություն արեց, որոնցում չէր խոսվում Վիեննայի պայմանավորվածությունների մասին: Դա հարցեր առաջացրեց հայկական մեդիա-փորձագիտական շրջանակներում, իսկ ադրբեջանական կողմն ավելի սաստկացրեց իր «դիվանագիտական հաղթանակի» ու հայերի զիջման մասին հռետորաբանությունը: Առավել եւս՝ բանակցությունների ու հանդիպումների մասնակցելու հայկական կողմի պատրաստակամության ֆոնին:

Այս ողջ ընթացքում հայկական կողմը հիմնականում լուռ էր, երբեմն-երբեմն հնչում էին անորոշ պարզաբանումներ: Մինչեւ որ հնչեց հայկական կողմի՝ նախապայմաններից հրաժարվելու վերաբերյալ Ալիեւի հայտնի հայտարարությունը, որից հետո Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով կոշտ ու տեղ-տեղ կոպիտ պատասխան տվեց:

Ի՞նչ էր կատարվել, որ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին:

Եթե հակիրճ նկարագրենք ապրիլյան պատերազմից ու Վիեննայից հետո ստեղծված իրավիճակը, պետք է արձանագրենք հետեւյալը. Ադրբեջանի պահանջներն ըստ էության մերժվում կամ անտեսվում են, դրված է շփման գծի՝ այսինքն Արցախ-Ադրբեջան սահմանի մոնիտորինգի, այն է՝ միջազգային որոշակի ճանաչման խնդիր: Սա հայկական կողմի ու միջնորդների դիրքորոշումն է:

Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խուսափել այս օրակարգից, սակայն չի ստացվում: Նա շարունակում է պատերազմի շանտաժը եւ հայտարարում է, որ չի ընդունելու այդ պահանջները: Այս պայմաններում, եթե կողմերը մնում են իրենց դիրքորոշմանը, բանակցության որեւէ իմաստ չկա, ինչպես հայտարարել են հայկական պաշտոնական շրջանակները:

Ըստ էության, Ղարաբաղի խնդիր այլեւս չկա, ըստ այդմ՝ Սարգսյանն ու Ալիեւը քննարկելու բան չունեն, առավել եւս Ադրբեջանի ներկայիս փակուղու պայմաններում: Կա այլ խնդիր, որ հնարավոր է՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումները պետք են ինչ որ կողմի, կամ կողմերի, լիովին այլ խնդիրների համատեքստում:

Քանի որ Ալիեւի դիրքորոշումը լիովին հակասում է ներկայիս ստեղծված իրավիճակին, ավելացրած այն, որ նա շատ բարձր նշաձող է սահմանել բանակցային գործընթացում, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը նրան անհրաժեշտ է Նյու Յորքից հետո իր «հաղթողական դիվանագիտությունը» ապացուցելու համար: Ալիեւը ներկայում ծանր վիճակում է, նրան մեկուսացնում ու հարվածներ են հասցնում Արեւմուտքից, իսկ Ռուսաստանն էլ ԵՏՄ-ի հարցում նրան ուղարկեց Հայաստանի «դուռը»:

Ի տարբերություն Ալիեւի, չի երեւում մի պատճառ, որ Սերժ Սարգսյանը մասնակցի նրա հետ հանդիպմանը, բայց նա գնում է: Ստացվում է մի վիճակ, երբ «կարգավորման գործընթացի» իմիտացիայի համար անհրաժեշտ էր, որ Ադրբեջանը հոխորտար, իսկ Հայաստանը լռեր: Բայց Ալիեւը փաստացի համը հանեց, եւ Սերժ Սարգսյանի նյարդերը չդիմացան՝ նա կոշտ ու կոպիտ պատասխանեց Ալիեւին, այնուամենայնիվ վերջում ասելով, որ գնում է հանդիպման:

Ըստ ամենայնի, Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ոչ միայն նրանց վերջին հանդիպումն է լինելու համենայնդեպս ներկայիս կարգավիճակում, այլեւ նման իմիտացիայի վերջը:

Ամենաընթերցվածը