Սերժ Սարգսյանը սկսել է Տարոն Մարգարյանի հեռացումը. օֆշորի հետհաշվարկը

    • Մեկնաբանություն - 07 Հոկտեմբերի 2017, 10:00
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, պատասխանելով Lragir.am-ի հարցերին, հրաժարվել է խոսել այսպես կոչված պանամական օֆշորի մասին, մի քանի անգամ կրկնելով, որ այդ էջն այլեւս փակ է:

Պանամական օֆշորի էջը փակել է Հայաստանի իրավապահ համակարգը, որն արձանագրել է, որ չկա Միհրան Պողոսյանի հետ կապված որեւէ քրեական խնդիր:

Պողոսյանի անունը պանամական օֆշորային սկանդալում հայտնվեց միջազգային բացահայտման արդյունքում: Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից, «հայրենասիրական» ձեւակերպմամբ: Նա չընդունեց, որ առնչություն ունի օֆշորային հարյուրավոր միլիոններին, որոնց հետ կապված էր իր անունը: Պողոսյանն ընդամենը հայտարարեց, որ չի ցանկանում, որպեսզի Հայաստանի պետական պաշտոնյայի անուն լինի այնպիսի մի կոռուպցիոն սկանդալում, որտեղ կա Ադրբեջանի նախագահի անունը, եւ մինչ կպարզվի, որ ինքն անմեղ է, հրաժարական է տալիս պաշտոնից:

Հետո Միհրան Պողոսյանը դարձավ պատգամավոր, իսկ մինչ այդ իրավապահները փակեցին նրա կյանքի պանամական օֆշորի էջը, նրան իրավաբանորեն դարձնելով անմասն այդ աղմուկից, Ալիեւին «լրիվ թողնելով մենակ»:

Իսկ Միհրան Պողոսյանը Հայաստանի իշխող համակարգում ստանում է երկրորդ շնչառություն, ընդ որում ոչ միայն պատգամավորական մանդատի տեսքով: Բանն այն է, որ Պողոսյանի համար մանդատը գործնականում ճանապարհ է դեպի քաղաքային իշխանություն: Ընդ որում, նա այդ ճանապարհին արդեն իսկ կատարել է մի էական քայլ, հասնելով նրան, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակցի փոխարեն նշանակվի իր թիմակիցը:

Ընդ որում, այդ «համայնքային» մակարդակի կապիտուլյացիան Տարոն Մարգարյանը ստորագրել է իր իսկ ձեռքով:

Որը կլինի Միհրան Պողոսյանի հաջորդ քայլը Երեւանի իշխանության ճանապարհին, կորոշի թերեւս Սերժ Սարգսյանը, կախված իր քաղաքական ծրագրերից: Երեւանի իշխանությունն անկասկած չի կարող լինել այդ ծրագրերից դուրս, քանի որ հատկապես նախագահի ընտրության չեզոքացումից հետո Երեւանի քաղաքապետի ընտրությունը գործնականում իր դե ֆակտո կարգավիճակով դառնում է Հայաստանի մասշտաբով երկրորդը, ներառելով Հայաստանի առնվազն կեսը ենթադրող ռեսուրսային հսկա բազայի իշխանության հարց:

Սերժ Սարգսյանն աներկբայորեն գնում է Հայաստանի իշխանության ներկայիս տրամաբանությունը վերափոխելու ճանապարհով, եւ անհնար է այդ ճանապարհին չփոխել Երեւանի իշխանության տրամաբանությունը, այլապես Տարոն Մարգարյանի երեւանյան իշխանությունը կվերածվի Սերժ Սարգսյանի նախաձեռնած ներիշխանական միջնաժամկետ տրանսֆորմացիայի անիվի մեջ խրված փայտի:

Դա իհարկե ամենեւին չի ենթադրում Տարոն Մարգարյանի փոխարինում Միհրան Պողոսյանով, սակայն դա ենթադրում է Երեւանում Տարոն Մարգարյանի այսպես ասած հակակշռի, կամ այլ կերպ ասած՝ Երեւանի մասշտաբով «ոչտարոնական» բեւեռի ձեւավորում, որը հնարավորություն կտա Երեւանի իշխանությունը բերել Հայաստանի իշխանությանը համարժեք տրանսֆորմացիայի՝ նոր քաղաքապետի եւ քաղաքային նոր իշխանության համար: Ի վերջո, Հայաստանի մասշտաբով գործընթացը բեկելը հնարավոր դարձավ ոչիշխանական բեւեռի ձեւավորման եւ որոշակի խնդիրներ լուծելուց հետո լուծարման միջոցով:

Եվ այդ իմաստով, երբ Միհրան Պողոսյանը հայտարարում է, որ փակված է պանամական օֆշորի էջը, այդ հայտարարությունն իհարկե չի կարող լինել առավել աներկբա, ինչպես օրինակ երբեք նախագահ կամ վարչապետ չլինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը հեղինակը ադեն հասցրել է «ուրանալ» նվազագույնը երեք անգամ, կամ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները իր կյանքի քաղաքականության էջը փակելու մասին:

Հայաստանի պարագայում բացված եւ փակվող էջերը խիստ հարաբերական են, ինչպես Սուրբ գիրքն է ավետում՝ առաջինները կդառնան վերջին, վերջիններն առաջին: Հայաստանի իշխանության կտակարանն էլ վաղուց է ավետել, որ բացված էջերը կփակվեն եւ փակված էջերը կբացվեն, եթե առաջանա իշխանության մեջ դրա քաղաքական պահանջարկը:

Իսկ այն առաջանում է անխուսափելիորեն: Համենայն դեպս, Հայաստանի ներքաղաքական զարգացումների երկու տասնամյակի պատմությունը վկայում է, որ ոչ մի էջ չի փակվում մեկընդմիշտ եւ որեւէ էջ հնարավոր է փակ համարել միայն այն բանից հետո, երբ այն փակվում է նվազագույնը երկրորդ անգամ: Հետեւաբար, առաջին անգամ փակվելու դեպքում սկսում է ընդամենն էջը բացվելու հետհաշվարկը:

Ամենաընթերցվածը