Քրեական հանգուցալուծո՞ւմ. Օրենքով գողերի «զտումը» շարունակվում է

  • Մեկնաբանություն - 14 Սեպտեմբերի 2017, 09:46
ԶԼՄ-ները հայտնում են, որ երեկ ԱԱԾ-ն բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին: Այս գործողությունը կարող է կապված լինել քրեական մի դրամայի հետ, որը սկիզբ առավ այս տարվա մայիսին Դոն Պիպոյի դեմ մահափորձով: Այդ ժամանակ մամուլը գրեց, որ մահափորձը բացահայտել էին Դոն Պիպոյի մարդիկ, պարզել մանրամասները, որից հետո էլ տեղեկացրել իրավապահներին:

Երկու օր առաջ էլ Էջմիածնում սպանվեցին երկու հոգի, որոնց Դոն Պիպոյի մարդիկ կասկածում էին մահափորձի նախապատրաստության համար: Նրանցից մեկը Արտյոմ Կանևսկոյի մերձավորն էր, մյուսը՝ նրա վարորդը: Եվ ահա, այս սպանությունից հետո բերման է ենթարկվել ինքը Կանեւսկոյը: ԶԼՄ-ները գրում են, որ նրա ու Պիպոյի հակասությունները հին նախապատմություն ունեն:

Սա վրեժխնդրությո՞ւն է, որը բնորոշ է այդ համակարգին, թե այլ երեւույթ: Շատերը սա կապում են իշխանության վերադասավորումների հետ, երբ զուգահեռ վերադասավորումներ են ընթանում նաեւ քրեական աշխարհում, հաշվի առնելով հայկական իշխանության ու կրիմինալի սերտաճածության մակարդակը:

Ավելին, Հայաստանում կրիմինալն ու իշխանությունը ոչ միայն սերտաճած են, այլեւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունն ու նոր իշխանության ձեւավորման գործընթացը նշանավորեցին կրիմինալի «պետական լեգիտիմությունը». Այն մտել է պետական ինստիտուտներ եւ մասնակցում է տնտեսա-քաղաքական նոր քվոտաների վերաբաշխման գործընթացին, օրինակ՝ ներդրողների ակումբի միջոցով:

Իր հերթին, պետք է նկատի առնել, որ օրենքով գողերի ինստիտուտը ռուսական քաղաքականության կարեւոր մասն է, լծակ, որը կիրառվում է ամենատարբեր ուղղություններով: Հատկանշական է, որ քաղաքական խորքային տրանսֆորմացիաների այս փուլում Հայաստանը վեր է ածվել կրիմինալ արյունոտ ռազբորկաների թատերաբեմի, ամենատարբեր մաստի գողերի հավաքատեղիի: Սա անկասկած նաեւ ուղղորդված գործընթաց է: Ընդ որում, չի բացառվում, որ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին առումով:

Ժամանակին նախաձեռնելով ապագաղութացման գործընթաց, Սահակաշվիլին առաջին քայլերից մեկով Վրաստանից վտարեց օրենքով գողերին, ովքեր փաստացի վերահսկում էին երկրի ողջ անցուդարձը: Այդպիսով, նա չեզոքացրեց Վրաստանի գործընթացներին միջամտելու մի կարեւոր լծակ:

Այս առումով, Հայաստանում տեղի ունեցողը հնարավոր է գործընթաց է «հակառակ ծայրից»: Բանն այն է, որ երբ գործի է դրվում կրիմինալը, նշանակում է արդեն սպառվել են մյուս բոլոր լծակները, կամ համենայնդեպս դրանք կորցրել են իրենց արդյունավետությունը: Մյուս կողմից, այդ առումով հնարավորություն է առաջանում «բացել» կծիկը եւ գործընթացն ուղղորդել կրիմինալի չեզոքացման յուրահատուկ մեխանիզմով, ինչի նախանշանները երեւում են Կանեւսկոյի ձերբակալման պատմությունից:

Ո՞ր երեւույթի հետ գործ ունենք՝ կպարզվի այս քրեական պատմության հանգուցալուծումից:

Ամենաընթերցվածը