Ինչու է Ելքը դնում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը, բայց չի դնում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց

    • Մեկնաբանություն - 13 Սեպտեմբերի 2017, 20:25
Վարչապետ Կարեն Կարապետյանին ակնհայտորեն վրդովեցրել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցը, թե ինչու նա մինչ այժմ որեւէ այց չի կատարել արեւմտյան որեւէ պետություն: Կարեն Կարապետյանը պատասխանել է, որ այցերը կախված են օրակարգից՝ կա օրակարգ, կա այց: Այլապես, ըստ Կարապետյանի, այցը վերածվում է տուրիզմի:

Վարչապետի ակնարկը բազմիմաստ է եւ հարց է առաջանում, թե արդյոք նույնը վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանի եվրոպական այցերին:

Արդյոք օրակարգի մասին խոսքը Կարապետյանի ակնարկն է առ այն, որ ԵՏՄ անդամության դեպքում Հայաստանից եվրոպական այցերը այլ բան չեն, քան «տուրիզմ» կամ խաբկանք, համենայն դեպս քանի դեռ օրակարգ թելադրողը ԵՏՄ-ն է:

Այդ իմաստով խորհրդանշական է, որ Կարեն Կարապետյանն այդ մասին խոսում է ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն ներկայացնող քաղաքական միավորի եւ գործչի հարցին ի պատասխան:

Եվրոպական այցերի բացակայությունը դիտարկվում է Կարապետյանի այսպես ասած քաղաքական խոցելիության համատեքստում, նրան Ռուսաստանի տեղապահ ներկայացնելու համար: Կարեն Կարապետյանը գործնականում ակնարկում է, որ քանի դեռ Հայաստանը ԵՏՄ անդամ է, Ռուսաստանի տեղապահ են գործնականում բոլորը ու Եվրոպա այցերը ամենեւին չեն նշանակում բովանդակային օրակարգ Եվրոպայի հետ:

Խոշոր հաշվով, այստեղ շոշափվում է իսկապես առանցքային խնդիր՝ Հայաստան-Եվրամիության հարաբերության բովանդակությունը, օրակարգը: Ո՞րն է այստեղ օրակարգի հարցը: Եվրամիության հետ շրջանակային համաձայնագի՞րը: Իսկ ո՞րն է այդ համաձայնագրի բովանդակությունը եւ կարո՞ղ է արդյոք այդ համաձայնագիրը փոքրիշատե հակակշիռ լինել ԵՏՄ-ին, եթե դրա ամեն տառն ու բառը համաձայնեցված է ԵՏՄ հետ՝ այդ կառույցի  առաջ Հայաստանի պարտավորության խախտման որեւէ խնդիր չլինելու համար:

Կարո՞ղ է խոսք լինել Հայաստանի եվրոպական օրակարգի, կամ հայ-եվրոպական օրակարգի մասին, եթե այդ օրակարգը ենթարկվում է ԵՏՄ առաջ Հայաստանի պարտավորությանը:

Այստեղ է հարցերի հարցը, ոչ թե Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի եվրոպական, արեւմտյան այցերը:

Գործնականում Հայաստանի օրակարգը որոշվում է ոչ թե արեւմտյան այցերով, այլ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերության դինամիկայով: Այդտեղ է որոշվում, թե Հայաստանն ինչ անկյան տակ է Արեւմուտքի կամ Ռուսաստանի հանդեպ իր հարաբերությամբ, կամ թեկուզ Իրանի եւ Չինաստանի:

Այլ հարց է արդեն, թե Հայաստանի որ բարձրաստիճան պաշտոնյան ինչ արդյունավետությամբ է կարող խաղալ, մանեւրել, ինչպես է պատկերացնում Հայաստանի քաղաքականությունն այդ հարցերում:

Սակայն Հայաստանում այդ հարցում բանավեճ չկա, որովհետեւ անգամ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ հանդես եկող ԵԼՔ դաշինքը խուսափում է այդ նախաձեռնության քաղաքական ամբողջությունից եւ, ներկայացնելով ԵՏՄ-ից դուրս գալու հիմնավորումները, օրինակ, չի դնում ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր: Այն դեպքում, երբ բացարձակապես նույն հիմնավորումները կարող են լինել ՀԱՊԿ դեպքում, ու եթե ըստ դրանց պետք է դուրս գալ ԵՏՄ-ից, ինչու՞ է պետք մնալ ՀԱՊԿ-ում, կամ եթե պետք է մնալ ՀԱՊԿ-ում, ինչու՞ է պետք դուրս գալ ԵՏՄ-ից:

Հայաստանի այսպես կոչված ներքաղաքական կյանքում չկան արտաքին քաղաքականության շուրջ բանավեճ եւ հայեցակարգային պատկերացումներ այդ հարցում:

Դրա փոխարեն փորձ է արվում ստեղծել տպավորություն, տվյալ դեպքում Կարեն Կարապետյանին «մերկացնելով»:

Հայաստանում ընդդիմությունը շարունակում է մնալ նույն տրամաբանության մեջ եւ կարեւոր չէ՝ մեկը ցանկանում է Սերժ Սարգսյանին «մերկացնել», մյուսը Կարեն Կարապետյանին, երրորդը՝ Վիգեն Սարգսյանին, չորրորդը որեւէ այլ պաշտոնյայի:

Մինչդեռ ընդդիմությունը Հայաստանում շարունակում է մնալ նվազագույնը կիսամերկ, քանի դեռ խուսափում է քաղաքական խնդիրների ամբողջական ձեւակերպումից:

Ամենաընթերցվածը