Աներորդու բացահայտումը. Սերժ Սարգսյանը դուրս է գրում Տարոն Մարգարյանին

    • Մեկնաբանություն - 09 Սեպտեմբերի 2017, 13:00
Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը, ուշագրավ հարցազրույց է տվել news.am-ին: Նա ասում է, որ պատերազմող երկրում չի կարող լավ լինել, պատերազմի մեղավորը թուրքն է, իսկ գործազրկություն, աղքատություն, կոռուպցիա եւ անարդարություն, դրանք պատերազմի, հետեւաբար թուրքի մեղավորության հետեւանք են:

Առաջին հայացքից Տարոն Մարգարյանի աներորդին նոր բան չի ասում. Հայաստանի իշխող համակարգի համար թուրքն ինքնարդարացման առանցքային փաստարկներից մեկն է միշտ: Թուրքն ընդհանրապես Հայաստանում առանցքային փաստարկ է բոլոր այն տեղերում, որտեղ հանրային հարցադրումները չունեն տրամաբանված պատասխաններ եւ փաստարկներ:

Բայց այստեղ կա ուշագրավ մի հանգամանք: Բանն այն է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ, ավելի կոնկրետ՝ մայիսի 18-ին, Տարոն Մարգարյանի եւ Ռոբերտ Սարգսյանի կուսակցապետ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի առաջին նիստում ընթերցված ուղերձում ասում էր, որ արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքինը, որն անարդարությունն է:

«Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին որոշակի մտածողություն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը, թերևս, անարդարությունն է: Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը»:

Այդ տողերը մայիսի 18-ին խորհրդարանում ընթերցել է Սերժ Սարգսյանը: Իսկ ունկնդիրների շարքում եղել է նաեւ Ռոբերտ Սարգսյանը:

Ռոբերտ Սարգսյանն ըստ երեւույթին կամ լավ չի լսել Սերժ Սարգսյանի ելույթը, նրան չի հետաքրքրել այն, կամ լսել է, բայց կտրականապես անհամաձայն է նրա հետ եւ կարծում է, որ չկա ներքին թշնամի, ամեն ինչի մեղավորը «թուրքն» է, եւ անարդարության դեմ պատերազմն անտեղի է, կարիք կա պատերազմել միայն «թուրքի» դեմ:

Շատ մեծ է հավանականությունը, որ այդպես մտածում է ոչ միայն Ռոբերտ Սարգսյանը, այլ ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության շատ ավելի մեծ թվով ներկայացուցիչներ: Բանն այն է, որ անարդարությունն այն ճյուղն է, որի վրա նստած են նրանք, հետեւաբար դրա դեմ պատերազմը նշանակում է պատերազմ նրանց դեմ:

Բայց արտահայտվում է միայն Ռոբերտ Սարգսյանը: Գուցե իհարկե առայժմ միայն նա, սակայն դա խորհրդանշական հանգամանք է: Բանն այն է, որ Ռոբերտ Սարգսյանն արտահայտում է իր քաղաքական «պրոտեժեի»՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տրամադրությունը: Իսկ այդ տրամադրության մեջ անկասկած առկա է անվստահությունը Սերժ Սարգսյանի հանդեպ, առնվազն այն պատճառով, որ Մարգարյանն էլ վստահ է իր հանդեպ Սերժ Սարգսյանի անվստահության մասին:

Տարոն Մարգարյանը լավ է պատկերացնում, որ եթե Սերժ Սարգսյանը վստահեր իրեն, ապա Երեւանի քաղաքապետի ընտրությանը կապահովեր որեւէ չորրորդ ուժի մասնակցություն, որպեսզի Զարուհի Փոստանջյանի Երկիր ծիրանին չհայտնվեր Երեւանի Ավագանում, որտեղ անկասկած քայքայելու է Մարգարյանի նյարդերը:

Բայց Սերժ Սարգսյանը փաստացի Տարոն Մարգարյանին թողեց այդ «արհավիրքի» դեմ մենակ, լավ իմանալով, որ Մարգարյանն անկասկած չի փայլում դրա դեմ պայքարի հռետորական եւ ինտելեկտուալ ձիրքով եւ անկարող է լինելու անձամբ համարժեք պատասխաններ տալ իր դեմ գրոհներին: Իսկ եթե պատասխանները անձամբ չեն հնչում, դրանց ազդեցիկությունը նվազում է էապես:

Այդ իմաստով, Մարգարյանը լավ է պատկերացնում, որ ստեղծված իրավիճակը իր տակ դրված ականն է, որը կպայթի կամ իր ժամանակին՝ 2021 թվականին, կամ նույնիսկ ժամանակից շուտ՝ կախված ներիշխանական վիճակից:

Թերեւս դա է պատճառը, որ Մարգարյանը ներկայում փորձում է իտենսիվ կերպով բարձրացնել իր «վարկը» Ռուսաստանում: Չի բացառվում, որ Մարգարյանն այդ առումով ունի երկու հիմնական ելակետ. մեկն այն, որ Սերժ Սարգսյանի պլաններում նա աստիճանաբար կամ միանգամից «դուրս գրվողների» ցուցակում է, եւ այդ ցուցակից ելք կարող է լինել միայն Ռուսաստանի միջոցով, իսկ մյուսն այն, որ Սերժ Սարգսյանի պլաններն այնքան էլ հարթ չեն ընթանում, եւ ավելի գերակա կարող են լինել Կարեն Կարապետյանի մոտեցումները, եւ այստեղ էլ հարցերը հնարավոր է լուծել Ռուսաստանում:

Հայաստանում ներիշխանական վերադասավորումների գործընթացը ժամանակի հրամայականով ընդհանրապես ստանում է ավելի ու ավելի «ինտելեկտուալ» բնույթ, քանի որ ավելի մեծանում է արտաքին զարգացումների ազդեցությունը: Եթե նախկինում կամ մինչ այժմ բավարար էին այսպես ասած հայաստանյան ներհամակարգային ավանդական որակները՝ փող, շուստրիություն, թայֆայականություն եւ այլն, ապա ժամանակի ընթացքում դրանք դառնում են ժամկետանց, քանի որ Հայաստանի իշխանական հարաբերակցության հարցում որոշումներն ու լուծումներն ավելի շատ արտաքին աշխատանքի դաշտում են, քան ներքին:

Եվ այստեղ իհարկե թե Սերժ Սարգսյանը, թե Կարեն եւ Սամվել Կարապետյանները, անկախ ներքին մոտիվներից, առաջիկա տարիների համար փորձելու են հավաքել հնարավորինս եւ համեմատության մեջ առավել «ինտելեկտուալ» թիմեր՝ իշխանություն ձեւավորելու, պահելու, վերարտադրելու համար:

Տարոն Մարգարյանն այստեղ ակնհայտորեն հետնապահների ցանկում է, եւ դրա վառ վկայություններից մեկն էլ նրա աներորդու հղումներն են «թուրքին», ի հեճուկս Սերժ Սարգսյանի:

Ամենաընթերցվածը