Վարչապետի անսպասելի պատասխանը Սերժ Սարգսյանին

    • Մեկնաբանություն - 15 Օգոստոսի 2017, 21:22
Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարը հանրայնացրել է, թե վարչապետը որտեղ է անցկացնելու եռօրյա կարճատեւ արձակուրդը՝ Արցախում՝ օգոստոսի 15-18-ը:

Դժվար է ասել, արդյոք Կարեն Կարապետյանն այդպես որոշել էր հենց սկզբից, թե՞ դա նոր որոշում է: Բանն այն է, որ վարչապետի արձակուրդի մասին օգոստոսի 11-ին տարածված տեղեկության մեջ չէր նշվում, թե որտեղ է նա անցկացնելու կարճատեւ արձակուրդը:

Արձակուրդից առաջ Կարեն Կարապետյանը մեկնեց Ղազախստան՝ ԵՏՄ վարչապետների հավաքին մասնակցելու: Սակայն ղազախական այցի շրջանակում ամենահետաքրքիր դրվագը նրա հանդիպումն էր ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստան Մեդվեդեւի այցի ժամկետը: Ընդ որում, այդ հանդիպման ուշագրավ տողատակն այն է, որ երկու վարչապետները գոհունակություն էին հայտնել տնտեսական վիճակից եւ խոսել «ընթացիկ վիճակի» մասին, ինչը նշանակում է, որ նրանց խոսակցության թեման եղել է «քաղաքական իրավիճակը»:

Դրանից հետո հայտնի է դառնում Կարեն Կարապետյանի արձակուրդի վայրը՝ Արցախ:

Բանն այն է, որ արձակուրդային այդ ընտրությունը կամա թե ակամա ստանում է հետաքրքիր ներիշխանական տողատակ: Բանն այն է, որ Արցախը կամ արցախյան խնդիրը համարվում է Կարեն Կարապետյանի այսպես ասած «աքիլեսյան գարշապարը»՝ 2018-ի վարչապետության հարցում: Հետեւողականորեն գեներացվում է տեսակետը, ընդ որում նաեւ ՀՀԿ-ականների ջանքով, որ Կարապետյանը չի համապատասխանում «արցախյան խնդիր» ունեցող պետության Առաջին դեմքի քաշային կատեգորիային, որ այդ խնդիրը նրա «հագով» չէ: Անթաքույց կերպով մատնացույց է արվում Կարապետյանի հանդեպ Սերժ Սարգսյանի այդ «առավելությունը»:

Առերեւույթ, առավելությունն անկասկած ակնառու է՝ Սարգսյանը արդեն մոտ երեք տասնամյակ այդ «խնդրի» մեջ է, ու թեեւ նրա դերակատարությունը դեռեւս պետք է արժանանա պատմության գնահատականին, ինչպես երեւի թե այդ «խնդրում» եղածների ճնշող մեծամասնության (բանն այն է, որ այդ «խնդրին» ռազմական կամ քաղաքական առումով առնչված ոչ շատ մեծ թվով անձանց դերակատարում է, որ միարժեք է իր պատմական անկասկածության առումով, եւ այդ անձանց մի մասն էլ ցավոք սրտի ողջ չէ), այդուհանդերջ Սարգսյանի առավելությունը Կարապետյանի նկատմամբ անվիճելի է:

Համենայն դեպս, Կարեն Կարապետյանը մինչեւ այժմ չի տվել այդ հարցում «վիճելու» առիթ:

Մյուս կողմից, սակայն, Կարեն Կարապետյանն արդեն մի անգամ արել է այդ ուղղությամբ խիստ եւ բազմիմաստ խորհրդանշականությամբ մի քայլ՝ Արցախ կատարած իր առաջին այցի ընթացքում Արցախի վարչապետի հետ մամուլի ասուլիս տալով Տիգրանակերտ հնավայր-թանգարանում, որն Աղդամում է: Իսկ այդ մասով միշտ հիշվում է դեռեւս պաշտպանության նախարարի պաշտոնում նախագահ դառնալուն հավակնող Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Աղդամը մեր հայրենիքը» չէ:

Բանն այն չէ, որ Կարեն Կարապետյանի համար Աղդամն ավելի հայրենիք է, քան Սերժ Սարգսյանի համար: Ամենեւին: Պարզապես ուշագրավ է, որ իշխանության Առաջին դեմք դառնալու ճանապարհին Սարգսյանը «Աղդամը մեր հայրենիքը չէ» մեսիջն էր հղում աշխարհին, իսկ Կարեն Կարապետյանն Առաջին դեմքի ճանապարհին ասուլիս էր տալիս Տիգրանակերտում:

Այժմ էլ Կարեն Կարապետյանը երկրորդ խորհրդանշական քայլն է կատարում, արձակուրդն անցկացնելով Արցախում, որը յուրօրինակ պատասխան է իր արձակուրդների «մի մասը արտասահմանում» անցկացնող Սերժ Սարգսյանին, նաեւ նրա խաղարկած «արցախյան խնդրի» առավելության համատեքստում:

Հենց այդ առումով հետաքրքիր է՝ Կարեն Կարապետյանի այդ գաղափարն առկա էր մինչեւ Աստանա՞, թե՞ հղացավ կամ ստացվեց այնտեղ, իսկ գուցե այնտեղ հաստատվեց՝ որպես քաղաքական պայքարի լավ կամ գոնե ոչ վատ գաղափար: Բանն այն է, որ Մեդվեդեւի հետ Աստանայի հանդիպմանը Կարեն Կարապետյանը դե ֆակտո ակնարկել էր, որ տնտեսական մասով ամեն ինչ լավ է, իսկ ահա քաղաքական առումով հարցեր կան, այսինքն ինքը տանուլ է տալիս քաղաքականությունը Սերժ Սարգսյանին:

Ամենաընթերցվածը