Փոքր երկրի մեծ աշխարհը. Սա ոչ թե տարածքի, այլ իշխանության խնդիր է

    • Մեկնաբանություն - 12 Օգոստոսի 2017, 22:52
Ի՞նչ են մարդիկ որոնում իրենց պատմությունում: Այս հարցը հատուկ իմաստ է ստանում, երբ հանդիպում ես միմյանց հետ հակասության մեջ գտնվող երկու արտահայտությունների՝ «դասեր քաղել պատմության սխալներից» եւ «պատմությունը ոչինչ չի սովորեցնում»: Անմիջապես մեկ այլ հարց է ծագում՝ «ինչու՞ սխալներ որոնել պատմությունում, եթե այն ոչինչ չի սովորեցնում»: Սակայն, երեւում է պատմության մեջ շատերն այլ բան են որոնում՝ հասկանալ ինքզինքը  եւ սեփական աշխարհը ներկայում: Այսինքն՝ հասկանալ, ինչու ես մտածում եւ գործում հենց այնպես, ինչպես որ կա: Եթե պատմությունն օգնում է ինքնագիտակցման այդ գործընթացին, նշանակում է ինչ-որ տեղ այն ուսուցողական է: Այլ բան է, եթե մարդն այլ նպատակներով է փորփրում պատմությունը: Այդ դեպքում այն դժվար թե կարողանա օգնել: Ըստ երեւույթին, հենց վերջին մոտեցումն է բերել եզրակացության, որ «պատմությունը ոչինչ չի սովորեցնում»: Իրոք, այն ինչպե՞ս կարող է սովորեցնել մարդուն չփնտրել ոչ այլ ինչ, քան ինքնագիտակցության ռեսուրս: Դրանում պատմությունը ոչ միայն անզոր է, այլ նաեւ անգութ այլ նպատակներ ունեցող մարդկանց նկատմամբ: Այն յուրովի ստրկացնում է այդպիսիներին: Դրանում, ըստ երեւույթին, ինչ-որ տեղ արդարություն էլ կա: Պատմությունը ոչ միայն սովորեցնում է, այլ նաեւ դաստիարակում:

Եթե այդպես է, ապա արժե փորձել իմաստավորել ու հասկանալ մեր ժամանակների որոշ իրադարձություններ: Տվյալ դեպքում, ինձ հետաքրքրում է մեր օրերի քաղաքական իրողությունների մի կարեւոր ասպեկտ՝ հայ ժողովրդի անվտանգության շուրջ վեճերը: Կարելի է համարձակորեն պնդել, որ այս վեճերը ներկայի քաղաքական իրողությունների իմաստը գիտակցելու անկարողության վկայությունն են: Եվ պատահական չէ, որ ներկայիս սերնդի հասարակական գիտակցությունում այսքան ուժեղ նստել է այդ իրողություններից վախը. մարդը վախենում է նրանից, ինչ չի հասկանում: Առավել եւս, երբ այդ իրողություններում ինչ-որ անբացատրելի բան է նկատվում:

Անբացատրելի բան չկա, կա այդ իրողությունները ճանաչելու ցանկության բացակայություն: Ցանկությունը առաջան՝ վախը կվերանա: Այս հակվածությունը, իհարկե, խորն ուսումնասիրություն է պահանջում, սակայն որոշ նախնական եզրակացություններ կարելի է անել կոնկրետ օրինակներից ելնելով: Օրինակ, ինչպե՞ս հաղթահարել վախն արցախյան պատերազմի ժամանակների շատ փաստերի ու իրադարձությունների հանդեպ: Գաղտնիք չէ, որ շատերին մինչեւ հիմա թվում է, որ հայ ժողովուրդը վերջին քառորդ դարում զբաղվում է «անթույլատրելի գործերով» (խախտում է միջազգային կանոնները, նեղացնում է թուրքերին, հավակնում է ուրիշի ունեցվածքին եւ այլն) եւ կարող է պատժվել դրա համար: Այդ պատկերացումների պատճառը իրավունք երեւույթը չհասկանալն է: Խոսքը ոչ թե «պատմական իրավունք» էֆեմեր հասկացության, այլ մարդու եւ ժողովրդի ազատության ու անվտանգ կյանքի պարզ իրավունք մասին է:

Այստեղ պատմությունը կարող է օգնել մարդուն գիտակցել նշված հանգամանքը եւ նրան հանել անհիմն վախի սարդոստայնից: Պատմեմ պատմության ընդամենը մեկ դրվագ, որը շատ բան կպարզի մեր օրերի իրողությունների էության մեջ:

***

Մի քանի տարի առաջ զբաղվում էի ուշ միջնադարի իշխանական պալատներից մեկի՝ մելիք Եգանի պալատի ռեստավրացիայով, որի ավերակները պահպանվել են Տող գյուղում: Ինձ՝ որպես քաղաքագիտությամբ զբաղվող մարդու, գրավել է այն, որ ճարտարապետական արգելոց հիմնելու վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշումը կապված է ոչ միայն նրա հետ, որ այստեղ պատմության տարբեր ժամանակահատվածների ճարտարապետական արժեքավոր հուշարձաններ են պահպանվել, այլ նաեւ մելիք Եգանի ընդունարանի շքամուտքին պահպանված 1737 թվականի գրությունը, որը պատմական եւ քաղաքական տեսանկյունից շատ հետաքրքիր է: Ինձ միշտ հետաքրքրել է այդ տեքստի քաղաքական նշանակությունը: Սա այն դեպքն է, երբ պատմությունն օգնում է մեր իրողությունների մասին ոչ թե շատ բան, այլ ամեն ինչ հասկանալ: Իհարկե, քչերին է հայտնի, որ այդ իշխանը նշանակալի դեր է խաղացել հայ ժողովրդի ուշ միջնադարյան պատմության մեջ: Սակայն դա զարմանալի չէ պատմության նկատմամբ մեր վերաբերմունքի պայմաններում: Մենք պատմությունում սովորաբար հզորություն ենք որոնում, սակայն ճիշտ տեղում չենք որոնում: Եթե հաղթահարենք այդ անիմաստ հակումը, ապա արգելոցի ճարտարապետական շինությունների, ինչպես նաեւ այդ իշխանական տան քաղաքական գործունեության պատմությանը ծանոթությունը կարող է օգնել մեզ հասկանալ Արցախի պետականության հանկարծական փոփոխությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում ներկայիս շատ վեճերի առանցքային պատճառները: Եթե խորանանք վերջին 300 տարվա պատմության մեջ, իշխանության իրավունքի շուրջ անլուծելի վեճերի պատճառներից շատերը կարող են բացատրվել:

Իշխանական պալատի գլխավոր շինությունները կառուցվել են 1737 թվականին, այն բանից հետո, երբ Եգան անունը ստացած մելիք Ավանը 1736 թվականին պարսից շահ Նադիրից խանի (բեկլարբեկ) աստիճան ստացավ: Դա հայկական իշխանության կայացման ժամանակաշրջանն էր (պարսկական վարչական բաժանման համաձայն՝ Խամսեի խանություն): Կարող է թվալ, որ այս իրադարձությունն առանձնապես կարեւոր չէ: Սակայն մեր օրերի քաղաքական իրողություններն իմաստավորելու գործում այդ ժամանակաշրջանի քաղաքական գործընթացների նշանակությունը, ինչպես նաեւ հայ ժողովրդի համար դրանց ճակատագրական էությունը հասկանալու համար հարկ է կարճ էքսկուրս կատարել 16-րդ դարի վերջ, երբ Պարսկաստանի շահ դարձավ հայտնի Շահ Աբաս I-ը Սեֆյանների դինաստիայից: Ինչպես ողջ պարսից պետության, այնպես էլ հայ ժողովրդի համար այդ ժանակաշրջանը կարելի է շրջադարձային եւ ճակատագրական անվանել:

Բանն այն է, որ 1587 թվականին գահ բարձրանալուց հետո Շահ Աբաս I-ը իսլամի շիա ճյուղը պետական կրոն հայտարարեց եւ երկրում եւ դրա սահմաններից դուրս պատերազմ հայտարարեց սուննիներին ի դեմս Օսմանյան կայսրության թուրքերի: Միաժամանակ, նա հանդուրժող էր իր կայսրության քրիստոնյաների, ինչպես նաեւ քրիստոնյա տերությունների հանդեպ: Նա պետականաշինության ինտենսիվ գործընթաց սկսեց: 1612 թվականին Շահ Աբաս I-ը գրավեց Արեւելյան Հայաստանը, Վրաստանը եւ Կովկասի կասպիամերձ գավառները՝ օսմաններին ստիպելով պայմանագիր ստորագրել: Նշված հանգամանքները միանշանակ դեր չխաղացին պարսկական կայսրության քրիստոնյա ժողովուրդների համար: Մի կողմից հազարավոր հայեր ու վրացիներ վտարվեցին իրենց հողերից դեպի կայսրության խորքեր, ուր շահը տեղափոխել էր կայսրության մայրաքաղաքը (Սպահան):

Մյուս կողմից, սուննիների դեմ պայքարում շահը հայերին եւ վրացիներին (ֆարսերի հետ միասին) դարձրեց սուննիներին ճնշելու իր քաղաքականության գլխավոր հենքը: Հայերի ու վրացիների ներկայացուցիչները պետությունում էլիտար կարգավիճակ ստացան՝ կարեւոր տեղեր զբաղեցնելով առեւտրի, ռազմաշինության ոլորտներում, պետական վարչակազմում եւ այլն: Հայերն անգամ հնարավորություն ստացան մայրաքաղաք Սպահանի մոտ իրենց արբանյակ-քաղաքը՝ Նոր Ջուղան կառուցելու: Պետականությունը կորցրած, ինչպես նաեւ քոչվոր ցեղերի զանգվածային արշավանքների հետեւանքով սոցիալական, քաղաքական ու մշակութային դեգրադացիայի ենթարկված հայ ժողովրդի համար այս հանգամանքը հոգեւոր, մշակութային, սոցիալ-տնտեսական վերելքի դետոնատորի դեր խաղաց:

Ի տարբերություն Օսմանյան կայսրությունում իրավազուրկ կարգավիճակում ապրող իրենց հայրենակիցների, Պարսկաստանի հայերը զարգացման հերթական «ոսկեդարը» ստացան: Արեւելյան Հայաստանի ողջ տարածքում 17-րդ դարի ընթացքում մեծ թվով եկեղեցիներ կառուցվեցին, վերականգնվեցին բոլոր միջնադարյան վանքերը, այլ շինություններ կառուցվեցին: Շինարարության այդ մասշտաբներն անհնար կլինեին առանց շահական իշխանության կենտրոնացված խրախուսման: Նախիջեւանի, Արցախի եւ Սյունիքի գրեթե յուրաքանչյուր բնակավայրում պահպանված եկեղեցական հզոր կառույցները դրա վկայությունն են: Զարգացան արհեստները, արվեստը, գրությունը: 15-16-րդ դարում կորսված միջնադարյան մշակույթի ավանդույթները սկսեցին վերածնվել եւ զարգանալ: Ճարտարապետությունում անգամ նորարարական ձեւարարության գործընթաց կար:

Շահ Աբաս I-ի քաղաքականության հայեցակարգն ու ոգին պահպանվել են մոտ 1 դար: Պարսից գահի ժառանգորդներն արդյունավետության այս կամ այն չափով շարունակել են այդ քաղաքականությունը: Սակայն ամեն ինչն էլ ավարտ ունի. 17-րդ դարի վերջից Պարսկաստանում կենտրոնացված պետությունը սկսեց քայքայվել ու ենթարկվել օսմանների, ինչպես նաեւ արեւելքից թյուրքական ցեղերի հարձակմանը: Ամենուր սկսեցին տեղական ֆեոդալական բռնատիրություններ ծագել իրենց բնորոշ միջկլանային պատերազմներով:

Հայերը կորցրին արտոնյալ դիրքը: 18-րդ դարի սկզբից հայ ժողովրդի ներկայացուցիչները ժողովրդի անվտանգ գոյության համար նոր քաղաքական ռեսուրսների որոնումներ սկսեցին: 1723 թվականին օսմանյան զորքերը ներխուժեցին Հարավային Կովկաս (ներկայիս տերմինաբանությամբ): Հենց այս ժամանակաշրջանում տեղի ունեցավ հայերի ազգային ազատագրական շարժումը եւ մեծ քրիստոնյա տերություններին օգնության խնդրանքով դիմումը: Սակայն ճակատագիրը եւս մեկ անգամ կարճ ժամանակով ժպտաց Արցախի հայերին:

1736 թվականին իրեն Պարսկաստանի շահ հռչակած երկրի գլխավոր ռազմական հրամանատար աֆշար Նադիրը վերջ դրեց Սեֆյանների դինաստիային եւ ժամանակավոր վերականգնեց կայսրության ամբողջականությունը: Հենց այս շրջանում անհնազանդ ֆեոդալների (խաների) դեմ պայքարում Նադիր շահը Դիզակի մելիք իշխան Ավանին առաջարկեց խան-բեկլարբեկի եւ Արցախի բոլոր հայկական մելիքություների կառավարչի կարգավիճակը: 6 մելիքությունները՝ Դիզակը, Վարանդան, Խաչենը, Ջրաբերդը, Թալիշը եւ Քոչիզը, միավորվեցին «Խամսե» քաղաքական-վարչական միավորի մեջ: Կարճ ժամանակ՝ 20 տարուց էլ պակաս, Արցախի ժողովուրդը հնարավորություն ստացավ ինքնուրույն կառուցել իր կյանքը համեմատաբար անվտանգության պայմաններում: Այս մասին Եգան (միակ) անունը ստացած Ավան բեկլարբեկը իր ընդունարանի շքամուտքի մոտ գրություն թողեց, որում նշված է.  

«ՌՃՁԶ (1737թ.): Այս ընդունարանը հիշատակ է: Այսպես է, որ ես Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք-Եգան, նախապես ժողովուրդը հավաքվեց և ինձ քյոխվա [տանուտեր] կարգեց: Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան-Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց: Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա: Արաղից (Կենտրոնական Իրան) շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրը օսմանլուի ձեռքից առավ: Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա, ինձ որպես խան և բեկլարբեկ կարգեց. շնորհ արեց: Ով հետո կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի: Եղավ: Ամեն»:

Այս գրությունն անգին տեղեկատվություն է պարունակում: Մեր հոդվածի թեմայի համատեքստում այս գրությունը հատկանշական է նրանով, որ դրանում իշխանն իր երկիր է անվանում Հայաստանը: Ընդ որում, իր երկրի տարածքը համընկնում է ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հետ: Բացի այդ, պատմագրության համար հանելուկ կա, որտեղ մինչեւ հիմա «Խամսեի» կազմը ներկայացվում է 5, այլ ոչ թե 6 մելիքություններով:

Հետաքրքրություն է ներկայացնում նաեւ «ծառայություն ցույց տվի» կրկնվող արտահայտությունը, որը բացահայտում է մելիք Եգանի քաղաքականության բնույթը: Դեռ պետք է պարզել, թե ինչ կարող է նշանակել արտաքին ուժերի հետ հարաբերությունների կառուցման նման մեթոդը: Անկասկած, պատմագրությունն ու քաղաքագիտությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Արցախի՝ վերջին դարերի իրադարձություններին: Առնվազն այդ գրությունում բյուրեղացած է սուբյեկտի սուվերեն գործողությունների տրամաբանությունը տարածաշրջանում ամուր քաղաքական հարաբերությունների քայքայման պայմաններում: Եգանի ծառայությունը Նադիրին բոյկոտն էր վերջինիս քաղաքական հակառակորդ Գյանջայի խանին, որի իրավասության տակ էին Արցախի մելիքությունները: Այդ քաղաքականության շնորհիվ Եգանը խանի տիտղոս ձեռք բերեց: Էլ ավելի վաղ շահ Թահմասպին նրա իշխանության թուլացման շրջանում նմանատիպ ծառայություն մատուցելու շնորհիվ մելիքի տիտղոս ձեռք բերեց: Դեռ պետք է բացահայտել օսմանցիներին «ծառայության» գաղտնիքը, որն այդպես էլ չգրավեց Արցախը: Ամեն դեպքում, մենք տեսնում ենք սուվերեն քաղաքականության ուժի ֆենոմենը, որի հետ այդ ժամանակվա ուժեղ սուբյեկտները հաշվի էին նստում եւ պարգեւատրում:

Ամենեւին էլ պատահական չէ, որ Տող բնակավայրը «Խամսե» նոր իշխանության (խանության) քաղաքական-վարչական կենտրոնը դարձավ: Նախքան Դիզակի մելիքության կենտրոն դառնալը Տողը աչքի ընկնող բնակավայր էր, որի մասին վկայում է պատմագրությունը:

Նկարագրությունների համաձայն` ուշ միջնադարում Տողը աչքի ընկնող բնակավայր է եղել` 1,5 հազար տնով ու ամրոցային պարսպով (քաղաք-ամրոց): Գյուղի տարածքում պահպանվել են ուշ միջնադարյան երեք եկեղեցիներ:

Բնակավայրի արժեքավոր նկարագրություն կա Առաքել Վարդապետի աշխատության մեջ, համաձայն որի` «Բերդաքաղաքս ի հնումն բաղկանայր ի հազար ի հինգհարիւր տանց, ըստ շնչագրութեան Պարսից արքային: Ամենեքեան ընտիր վաճառականք, և բազմազանց հարստութեան ճոխացյալք, ընդ ամենայն երկիրս և ի հեռավոր քաղաքս տերութիւնս ցրուեալ և տարակայեալ իւրաքանչիւր ոք ի շահավաճառութեան պարապեալ: Տունս և բնակութիւնս բազմածախ գանձուք զարդարեալ: Նաև զթէատրոն` կազմ և պատրաստ զորանց պատրաստեալ միշտ և յավէտ ձիընթաց արագութեամբ խաղային: Թիւ աղիւսագործ կրպակաց վաճառականաց մինչև ի հազարաւորս հասանէր: Արևելեան կողմ ամուր պարսպապատ պատուարօք ամրացուցեալ. ընդ նմին թողեալ զերիս մեծամեծ դրունս երկաթակակապ կախեալ, բայց մնացյալ կողմանսն ընդ դրութեամբ իւրով փակեալ է թիկնապահ լեառն բարձրաբերձ: Նաև` չորս սագաշեն սրբատաշ կամարակապ կառուցեալ զեկեղեցիս հիմնեալ ի վերայ մասանց սրբոց... Իսկ մինն եկեղեցացն իսպառ աւերեալ աւերեցավ հիմնայատակ, արատաւորեալ էր ի հին ժամանակի յայլազգաց. մնացեալքն ամբողջք են»:

Խանի տիտղոս ստանալուց հետո Մելիք Եգանը ակտիվ գործունեություն սկսեց իր նստավայրի ամրապնդման, պաշտպանական շինությունների կառուցման եւ եկեղեցիների վերականգնման ուղղությամբ: Միաժամանակ, նա ակտիվ ռազմական քաղաքականություն եւ միջազգային դիվանագիտություն էր վարում՝ հասնելով շատ կառավարիչների կողմից ճանաչման:

Մելիք Եգանի մահից հետո նրա ժառանգորդը դարձավ որդին` Արամը, ով վախճանվեց 1745 թվականին: Հաջորդ մելիքը դարձավ մելիք Եգանի որդի Եսային, ով կառավարեց մինչեւ 1775 թվականը:

Հենց մելիք Եսային էր կառավարում այն ժամանակահատվածում, երբ սկսվեց քաղաքական դեստրուկցիայի հերթական փուլը: Պարսկաստաում իշխանությունը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո: Քայքայվող Պարսկաստանում մեկը մյուսին փոխարինող շահերը նախկին ենթակա գավառներում նոր հենք էին փնտրում իրենց համոր: Այժմ արդեն Արցախը վերածվեց նոր շահերի հակառակորդի: Դարի կեսերին Արցախում պարսկական իշխանության նոր կենտրոնի ստեղծման միտումներ նկատվեցին:

Օգտվելով մելիք Եգանի մահից հետո Արցախի մելիքների միջեւ ծագած գժտություններից՝ Շուշիի բերդում այլածին իշխանության նոր կենտրոն հիմնվեց Փանահի քոչվոր ցեղի ներթափանցման շնորհիվ: Մելիք Եսային երեք տասնամյակ շարունակ ստիպված էր պաշտպանել Տողը Շուշիի խաների հարձակումներից: Տողն այդպես էլ անառիկ մնաց: Սակայն նրա մահվանից հետո խաները փոխեցին իրենց քաղաքականությունը. սկսվեց Եգանի մելիքական տոհմի ներկայացուցիչների համակարգված վերացում եւ «Խամսե» իշխանության մայրաքաղաքի ոչնչացում: Շուշիում իշխանության նոր կենտրոնը չէր կարող հաստատվել առանց իշխանության նախկին կենտրոնի վերացման: Փաստացի, Շուշիի խաների եւ Տողի մելիքների մոտ կեսդարյա պատերազմի պատմությունը որոշիչ դարձավ Արցախի պատմության հետագա 250 տարիների համար:

Ժառանգաբար մելիքի կարգավիճակ ստացած Բախտամը` մելիք Եգանի եղբայրը, ձերբակալվեց եւ շատ տարիներ անցկացրեց պարսից բանտում: Ազատվելուց հետո սպանվեց Շուշիի Իբրահիմ խանի կողմից 1781 թվականին: Սպանվեց նաեւ հաջորդ մելիքը` Աբասը: Մելիքների ընտանիքների անդամները բռնի կերպով կամ էլ խաբեությամբ իսլամացվեցին: Մելիքական տոհմի հալածանքը շարունակվեց ընդհուպ մինչեւ 1828 թվականին կովկասյան գավառների միավորումը Ռուսաստանին: Մելիք Արամի որդի Բաղդատը իր զավակներով բռնի իսլամացվեց: Իսլամի ընդունումը հարկադրվեց նաեւ մելիքական տոհմի մյուս ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ` տոհմի ներկայացուցիչներից իսլամն առաջինը ընդունած Ասլանին (մելիք Բաղդատի որդուն) որպես բեկ Տող ուղարկեց ռուսաստանյան վարչակազմը 1828 թվականին: Հավանաբար` այդ պահից իշխանությունը Տողում անցել էր մելիք Եգանի տոհմի իսլամական ճյուղին: Մելիքական ապարանքը երկու մասի էր բաժանվել, եւ հետագա զարգացում էր ստացել միայն այն մասը, որտեղ հաստատվել էին բեկերը: Հայկական թեւը կորցրեց իշխանությունն ու ազդեցությունը:

Ըստ էության, Ռուսաստանը շարունակել է Արցախի եւ Սյունիքի հայերի վրա օտարածին իշխանության պահպանման ավանդույթը՝ բեկերի կարգավիճակը եւ Ղարաբաղի խանության հողերը տալով Շուշիի բերդի եւ ղարաբաղյան գավառի մուսուլմաններին: 20-րդ դարի սկզբին անգլիացիները եւս պահպանեցին օտարածին իշխանությունն Արցախում: Նույնն արեց Խորհրդային Միությունը՝ Արցախը տալով նորաստեղծ մուսուլմանական Ադրբեջան պետությանը՝ դրանով հայերի ու մուսուլմանների վրա վերահսկողության մեխանիզմ ստեղծելով: Պարսկական քաղաքական ավանդույթը, որն ասում է՝ «ով տիրում է Շուշիին, տիրում է Կովկասին», ձեւավորեց հետագայի նվաճողների քաղաքականությունը:

Այսօր արդեն կարելի է համարձակ պնդել, որ 1992 թվականի մայիսին իր վերահսկողության տակ վերցնելով Շուշին՝ հայ ժողովուրդը վերջնականապես վերացրեց իր հողում օտարածին իշխանության պլացդարմը: Այս փաստի նշանակությունը դժվար է թերագնահատել. Արցախի եւ Սյունիքի հայերի 250 տարվա ստրկացման պատմությանը վերջ դրվեց: Սակայն դա լուրջ միջազգային խնդիր ստեղծեց: Շուշիի եւ Արցախի անցումը հայկական վերահսկողության տակ փոխեց տարածաշրջանի 250 տարվա ստատուս-քվոն: Այստեղից էլ սկսվեցին կոշտ միջազգային վեճերը:

Հատկանշական է, որ Շուշիի ազատագրման օրը՝ 1992 թվականի մայիսի 8-ին, ողջ միզգային դիվանագիտությունը «թռավ» տարածաշրջան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանգնած էին Արցախի սահմանին՝ Աղդամում, Շուշի մտնելու մտադրությամբ: Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներն այդ օրը հապճեպ հավաքվեցին Թեհրանում: Այդուհանդերձ, միջազգային հարաբերություններում տեկտոնական տեղաշարժը տեղի ունեցավ: Իսկ դա նշանակում է, որ պատմությունն ավարտել է եւս մեկ շրջափուլ:

Կատարված վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ հայ ժողովրդի ներկայիս խնդիրները սերտորեն կապված են նախորդ 2.5 դարերի քաղաքական հարաբերությունների տրամաբանության հետ: Այդ խնդիրներում ոչ մի մտացածին բան չկա. հին աշխարհը փլվել է՝ տեղ բացելով ժողովուրդների ազատության եւ անվտանգ կյանքի իրավունքի համար: Սակայն Արցախի խնդիրն առանցքային հետաքրքրություն է ներկայացրել տարածաշրջանի բոլոր տերությունների համար: Ամեն մեկը մինչեւ հիմա ներկայացնում է իր իրավունքների փաթեթը: Սա ոչ թե տարածքի, այլ իշխանության խնդիր է:

Պատահական չէ, որ շահագրգիռ տերություններից ոչ մեկը քառորդ դարի ընթացքում չի կարողացել իր զորքերն այդ տարածաշրջան մտցնել: Այդ պատճառով էլ ոչ ոք չի ցանկանում ճանաչել այդ հողում ապրող մարդկանց իշխանության իրավունքը: Ըստ երեւույթին, այս բոլոր բարդություններից էլ շատերի մոտ ծնվում է միստիկ վախը:

Ամենաընթերցվածը