Վարչապետը հոգնել է եւ գնում է անհայտ ուղղությամբ

    • Մեկնաբանություն - 11 Օգոստոսի 2017, 19:03
Կառավարությունը օգոստոսի 11-ին տարածել է վարչապետի ժամանակացույցի վերաբերյալ երկու հայտարարություն: Մեկը, որ նա մեկնում է կարճատեւ արձակուրդ՝ օգոստոսի 15-18-ը, եւ մյուսը՝ որ նա մեկնում է Ղազախստան, բայց ոչ թե արձակուրդն անցկացնելու, այլ արձակուրդից անմիջապես առաջ՝ օգոստոսի 13-ին, երկօրյա այցով: Ղազախստանում Կարեն Կարապետյանը մասնակցելու է Եվրասիական միության միջկառավարական խորհրդի նիստին, այսինքն վարչապետների հավաքին:

Իսկ թե որտեղ է Կարեն Կարապետյանն անցկացնելու արձակուրդը, կառավարությունը չի հայտնել՝ Հայաստանու՞մ, թե՞ արտերկրում: Սերժ Սարգսյանի դեպքում կարծես թե գոնե դա հայտնում են, ստանդարտ մի ձեւակերպմամբ, թե նախագահը արձակուրդի մի մասը կանցկացնի արտերկրում: Արտերկրում հատկապես որտե՞ղ, Սերժ Սարգսյանի մասով էլ չեն հայտնում, հարկատուները չգիտեն: Բացատրությունն անվտանգության նկատառումներն են, թեեւ, օրինակ ԱՄՆ նախագահների, կամ Ռուսաստանի նախագահի արձակուրդների վայրերը հաճախ են լինում հայտնի, իսկ ամերիկացի նախագահներին հաճախ նաեւ լրագրողներ են ուղեկցում արձակուրդի ընթացքում:

Սերժ Սարգսյանը գուցե խուսափում է ընդամենը ավելորդ հարցերից, երբ արձակուրդը կարող է իր թանկությամբ անհամապատասխան լինել անձնական եկամուտներին:

Կարեն Կարապետյանի դեպքում եռօրյա արձակուրդի վայրը հայտնի չէ: Գուցե շատ կարճ է, Սերժ Սարգսյանի օրինակով ասելու համար, թե մի մասը կանցկացնի արտերկրում:

Հետաքրքիր է այն, որ Կարեն Կարապետյանն արձակուրդ է մեկնում ԵՏՄ վարչապետների հավաքից հետո: Ընդ որում, հետաքրքիր է, որ տարածման ժամանակացույցով, կառավարությունը նախ տարածեց օգոստոսի 15-ին արձակուրդ գնալու մասին, հետո միայն օգոստոսի 13-ին Աստանա ԵՏՄ վարչապետների հավաքի մեկնելու մասին, թեեւ թվում է, որ նախ պետք էր հայտնել օգոստոսի 13-ին անելիքի, հետո 15-ի մասին:

Կարեն Կարապետյանը Աստանայում վարչապետների հավաքից հետո չի՞ վերադառնալու Հայաստան, մեկնելով «անհայտ ուղղությամբ» արձակուրդի: Արդյոք նրա արձակուրդն անցնելու է Մոսկվայում, հենց ԵՏՄ վարչապետների հավաքի տաք հետքով, եւ այնտեղ Կարապետյանը ոչ ֆորմալ հանդիպումներ կունենա Հայաստանի ներիշխանական զարգացումներում իր ճակատագիրը հստակեցնելու համար: Ընդ որում, դա ամենեւին չի նշանակում, որ ոչ ֆորմալ հանդիպումները լինելու են ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ:

Հազիվ թե այդ ներկայացուցիչներն ունենան Հայաստանի ներիշխանական զարգացումներում այս կամ այն անձի ճակատագրով մտահոգվելու կամ հետաքրքրվելու ժամանակ: Նրանք հետեւում են ընդհանուր միտումներին, իսկ էական հարցերը գտնվում են Վաշինգտոն-Մոսկվա հարաբերության տիրույթում, որին ենթակա են նաեւ Հայաստանում իշխանության հավակնորդ անձերը՝ իհարկե կախված նաեւ, թե ով ինչպես կարող է խաղալ այդ տիրույթում եւ ինչի կարող է հասնել:

Կարեն Կարապետյանի արձակուրդային կոնֆիդենցիալ հանդիպումները կարող են լինել օրինակ Հայաստանի ներդրողների ակումբի անդամների հետ: Առավել եւս, որ ակումբը, որ գործնականում Կարեն եւ Սամվել Կարապետյանի հենարանն է ներիշխանական պայքարում, կանգնել է հենց իշխանության առաջ քաշած նոր մարտահրավերի առաջ՝ ժողովրդագրական պատկեր եւ միտումներ: Հենց իշխող կուսակցությունից հնչել է առաջարկ, որ կառավարության գործունեության արդյունավետությունը պետք է չափվի հենց ժողովրդագրական վիճակի միտումներով, ոչ թե ծրագրային ցուցանիշներով:

Այդպիսով, Կարեն եւ Սամվել Կարապետյանների համար Հայաստան փող բերելը քիչ է, առավել եւս, որ նրանք չեն էլ պատրաստվում բերել շատ փող: Այժմ նրանք ստիպված են նաեւ մարդ բերել՝ ժողովրդագրական պատկերի փոփոխություն ցույց տալու համար:

Դա նշանակում է, որ «ակումբի» առնվազն մարտավարությունը պետք է վերանայվի, եւ ընդհանրապես գուցե պետք է հստակեցվի մարտավարությունն աշնանն ընդառաջ, երբ ներքին կրքերն ակնհայտորեն բավական թեժանալու են մինչեւ 2018-ի ապրիլ:

Իհարկե տեսականում չի բացառվում նաեւ, որ վարչապետը հոգնել է եւ ուզում է հանգստանալ: Հոգնել է ասել, որ Վայոց ձորը կարող է Տոսկանայից լավ երկիր լինել, որ Սյունիքը կարող է Իսրայելի գյուղատնտեսություն ունենալ, որ Ջերմուկը մեգապոլիս է, հոգնել է բոլորին ասել՝ «հուփ տվեք», առավել եւս, որ թե «հուփ տվող» չկա, թե «ծափ տվող»:

Ամենաընթերցվածը