ԱՄՆ-ն ազդարարեց նոր մեկնարկը ղարաբաղյան խնդրում

    • Մեկնաբանություն - 11 Օգոստոսի 2017, 11:21
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ  Հոգլանդը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի խնդրում եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը: Հոգլանդը ասել է, որ իհարկե իրատեսական չէ արագ ժամանակում հասնել իրավիճակի ապառազմականացման, բայց նրա խոսքով առաջիկայում կլինեն ռազմական բախումների հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ արվող քայլեր:

Ամերիկացի համանախագահը փաստացի շոշափում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման խնդիրը, հստակ արձանագրելով, որ պետք է շփման գծից հետ քաշվեն դիպուկահարներն ու տեղադրվեն դիտարկման սարքեր: Առանցքայինն այստեղ այն է, որ պետք է սահմանվի հրադադարի խախտման պատասխանատվություն, որովհետեւ դիտարկման խնդիր գործնականում որպես այդպիսին գոյություն չունի:

Համանախագահներն անկասկած ունեն բոլոր հնարավորությունները իրենց համար հստակ պատկեր ունենալու, թե ով է խախտել հրադադարն ու ինչպես: Խնդիրը պատասխանատվության մեխանիզմի ձեւավորմանը գալն է, թե հրադադարը խախտող կողմն ինչ պատասխանատվության է ենթարկվում:

Եվ գուցե մեկ այլ առանցքային հանգամանք՝ ո՞վ է համարվում հրադադար խախտող կողմ, կամ հրադադարի համար պատասխանատու կողմ: Այսինքն, միայն Հայաստանը, Արցախն ու Ադրբեջա՞նը, թե՞ նաեւ այն պետությունները, որոնք մահաբեր սպառազինություն են մատակարարում հակամարտության գոտի, հատկապես այն պետությանը, որը բացահայտորեն հայտարարում է պատերազմելու մտադրության եւ ռազմական տարբերակով լուծումների հակվածության մասին:

Այդպիսով, խնդիրը միայն այն չէ՝ խախտում է Ադրբեջանը հրադադարը եւ դրա համար կրում պատասխանատվություն, թե ոչ: Վերջին հաշվով իրական քաղաքականության ռեժիմում հնարավորությունը կամ ներուժը կարող են դրսեւորվել, թեկուզ պատասխանատվության ռիսկի պայմաններում, հետո արդեն պատասխանատվության հարցը կարող է լուծվել, իսկ փաստն այսպես ասած կմնա որպես իրողություն:

Օրինակ Աբխազիան եւ Հարավային Օսիան, օրինակ Ղրիմը:

Հետեւաբար, փոխադարձ վստահությունը, հրադադարի պահպանման եւ կայունության մեխանիզմի առավելագույն արդյունավետությունը, խնդրի այսպես ասած ապառազմականացումը պետք է ենթադրի ընդհանրապես խորքային տրամաբանություն, այսինքն նաեւ պատասխանատվության սահմանում հակամարտող կողմերի ռազմական ներուժի գեներացման հարցում:

Պաշտոնական Երեւանն արդեն իսկ շրջանառել է այդ գաղափարը, արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մակարդակով, դեռեւս ապրիլյան պատերազմից  մի քանի շաբաթ անց ավստրիական թերթին տված հարցազրույցում: Քոչարյանը խոսելով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման մասին հայտարարել էր, թե լավ կլինի, եթե ընդհանրապես ՄԱԿ անվտանգության խորհրդի մակարդակով արգելք սահմանվի հակամարտող կողմերին սպառազինության մատակարարման վրա:

Դա թույլ կտա միանգամից լուծել մի քանի հարց, թե զուտ Հայաստանի, թե ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հեռանկարի մասով:

Այլապես, եթե մի կողմից ներդրվի հրադադարի պահպանման մեխանիզմը, բայց մյուս կողմից օրինակ շարունակվեն միլիարդավոր դոլարների ռազմական մատակարարումները Ադրբեջանին, մի օր այդ մեխանիզմը կարող է եւ «չդիմանալ», կրկին հանգեցնելով խոշոր բախման:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հակամարտության գոտի մահաբեր սպառազինություն մատակարարում է միայն Ռուսաստանը: Ընդ որում, դեռեւս մի քանի տարի առաջ Երեւանում Ֆրանսիայի դեսպանը հարցազրույցներից մեկում նշել էր, թե այդ հանգամանքը հարցականի տակ է դնում արդյունավետ միջնորդ լինելու ՌԴ կարողությունը:

Մյուս կողմից, կա հանգամանքը, որ հակամարտությունը եւ դրանում ռազմական շանտաժի ու սպառնալիքի առանցքային առկայությունը Ռուսաստանի տարածաշրջանային ռազմավարության գործիք է, հիմնական գործիքներից մեկը: Ըստ այդմ, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Ռուսաստանը շահագրգռված չեն հրադադարի պահպանման մեխանիզմի հաստատումով:

Դրան զուգահեռ, հնարավոր է, որ Մոսկվան այդուհանդերձ կարող համաձայնել զուտ հակամարտող կողմերի պատասխանատվության սահմանմանը, քանի որ ներկայում Ռուսաստանի համար շահեկան չէ որեւէ նոր եւ մեծ բախում, քանի որ հայկական կողմը կարողանում է Ադրբեջանին հետ մղել առանց Ռուսաստանից օգնություն խնդրելու:

Բայց Մոսկվան կարող է դեմ լինել ավելի լայն, այսինքն միջազգային մասշտաբով հակամարտության գոտու ապառազմականացման, այսինքն սպառազինության վաճառքի արգելանք սահմանելուն:

Չի բացառվում, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ նկատելի անվստահության պատճառներից մեկն էլ հենց այն է, որ հրադադարի պահպանման «փոքր» մեխանիզմին Մոսկվան սկզբունքորեն համաձայն է, առնվազն դրա շուրջ բանակցությանը, եւ դեմ է միայն «մեծ» մեխանիզմի ներդրմանը:

Հոգլանդը հայտարարել է, թե իրենք աշխատում են Ռուսաստանի հետ: Աներկբա է, որ գլխավոր խնդիրը Ռուսաստանն է, այլապես Բաքուն իր դիմադրության մեջ կմնա մենակ եւ ստիպված կլինի գնալ զիջումների: Ավելին, Ադրբեջանի իշխանության ներսում տեղի ունեցող որոշակի գործընթացներ վկայում են, որ Ալիեւն առնվազն պատրաստվում է այդ տարբերակին, մշակելով «ռազմական դիվանագիտությունից» անհրաժեշտության դեպքում նահանջի ուղիներ՝ ներքին լսարանի առաջ, որին այս տարիների ընթացքում վարժեցրել է ատելության ու ռազմատենչության, դառնալով իր իսկ վարժեցրածի պատանդը:

Հոգլանդի հարցազրույցը հուշում է, որ առաջիկայում Նյու-Յորքում սպասվելիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, եւ հնարավոր Սարգսյան-Ալիեւ նախապատրաստվելիք հանդիպմանը այդ հարցն է լինելու օրակարգում առաջնայինը:

Մի քանի ամիս առաջ Հոգլանդը հարցազրույց էր տվել, հայտարարելով, որ ԱՄՆ առաջիկա ամիսներին կաշխուժացնի իր քաղաքականությունը արցախյան խնդրի ուղղությամբ, երբ կհստակեցվի նոր արտաքին քաղաքականության վեկտորը:

Խոշոր հաշվով, ՌԴ դեմ պատժամիջոցների նոր փաթեթրը, արդեն օրենքի ուժով պատժամիջոցների սահմանում, ԱՄՆ համար նոր վարչակազմի պայմաններում արտաքին քաղաքականության զգալի հստակեցման ակտ էր, որից հետո արդեն Նահանգները ձեռնամուխ է լինում արդեն կոնկրետ գոտիներում Ռուսաստանի ազդեցության թուլացման քայլերի, այդ թվում ղարաբաղյան գոտում: Իսկ թուլացնել, նվազեցնել ՌԴ ազդեցությունը, նշանակում է թուլացնել ապակայունացման եւ լարվածության բաղադրիչը, որովհետեւ ՌԴ ազդեցությունը կառուցվում է հենց դրանց գեներացիայի վրա:

Ընդ որում, հավանական է, որ առնվազն միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ինքը ամենեւին դեմ չէ դրան եւ ներքին գոհունակությամբ կարող է գնալ ԱՄՆ հետ այդ հարցում որոշակի համաձայնությունների, քանի որ նկատելի է՝ Ռուսաստանի համար ավելի ու ավելի դժվար է լինում կատարել Կովկասի անվտանգության կառավարման իր գործառույթը, եւ Մոսկվայի համար էլ աստիճանաբար մեծանում է անկառավարելի ռազմական գործողությունների վտանգը: Ռուսաստանը չի կարող այդ վտանգը չեզոքացնել առանց Արեւմուտքի օժանդակության:

Ամենաընթերցվածը