Չինաստանի էֆեկտը Հայաստանում. Ռուսական պատի ճեղքման փորձը

    • Մեկնաբանություն - 10 Օգոստոսի 2017, 11:43
Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատան շենքի հիմնարկեքը դարձավ զգալի ուշադրության առարկա, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Չինաստանի ներկայիս աշխարհքաղաքական դերը, տնտեսական կարողությունները: Գործնականում աշխարհի երկրորդ սուբյեկտը Հայաստանում բացում է եվրասիական տարածաշրջանի իր ամենամեծ դեսպանատունը, որը զիջում է միայն Ռուսաստանում Չինաստանի դեսպանատանը:

Չինական բեկում Հայաստանում. Պեկինն անցնում է գործի հոդվածում ներկայացրել եմ Հայաստանով Չինաստանի հետաքրքրության աճի աշխարհքաղաքական, տարածաշրջանային շարժառիթները:

Անկասկած է, որ Հայաստանում կառուցելով եվրասիական տարածաշրջանում իր մեծությամբ երկրորդ, հետեւաբար Կովկասի եւ ավելի լայն՝ մերձավորարեւելյան տարածաշրջանի ամենամեծ դեսպանատունը, Պեկինը դրանով փորձելու է ծածկել ամբողջ հենց այդ տարածաշրջանը, այդպիսով Հայաստանը դիտարկելով գործնականում որպես լայն տարածաշրջանային ռազմավարության դիվանագիտական հենակետ:

Դա նշանակում է, որ Պեկինը շահագրգռություն է ցուցաբերելու Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման, ընդհանրապես տնտեսական կարողությունների բարձրացման հարցում, քանի որ հակառակ դեպքում վտանգի տակ է հայտնվում նաեւ չինական հենակետը: Տարածաշրջանում ամենամեծ դեսպանատան կառուցումը ենթադրում է երկարատեւ ռազմավարություն, դա էլ պետք է ենթադրի կայունության երկարատեւ ռեժիմի հարցում շահագրգռություն:

Այդպիսով, Չինաստանի ակտիվացումը կամ ինչպես Չինաստանի դեսպանն էր ասել՝ Հայաստանում «ավելի լավ ներկայացված» լինելու հանգամանքն առանցքային է դառնում տարածաշրջանային կայունության եւ անվտանգության տեսանկյունից: Չինաստանն ընդհանրապես «փափուկ ուժի» իր ռազմավարությամբ տարածաշրջանային ներկայության ավելացման միտումով կարող է էապես նպաստել Կովկասում ռազմա-քաղաքական հավասարակշռության ամրացմանը, հետեւաբար կայունության եւ անվտանգության ամրապնդմանը:

Չինաստանը կհամալրի այն սուբյեկտների շարքը, որոնց համար գործիքը կայունությունն է, խաղաղ, քաղաքական եւ տնտեսական մրցակցությունը: Չինաստանը կհամալրի Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Եվրամիության եւ ԱՄՆ շարքը, որոնք աներկբայորեն հանդես են գալիս տարածաշրջանի կայունության, ռազմական լարման ռիսկերի նվազեցման օգտին, ընդհուպ այդ ռիսկերի կառավարման ինստիտուցիոնալ նոր մեխանիզմների ձեւավորման նախաձեռնությունները՝ ինչպիսին Վրաստանի դեպքում ՆԱՏՕ ներկայացվածության աճն է այդ երկրում, իսկ Հայաստանի պարագայում՝ Արցախի գոտում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման նախաձեռնությունը:

Այն բախվում է Ադրբեջանի բացահայտ եւ Ռուսաստանի կուլիսային դիմադրությանը, քանի որ Մոսկվան մնում է տարածաշրջանային մրցակցության կենտրոններից թերեւս միակը, որի գործիքակազմում առաջնայինը մնում են ոչ թե զարգացման ծրագրերը եւ նախաձեռնությունները, այլ մահակը, շանտաժը, սպառնալիքը:

Չինաստանի ներգրավումը եւ ներկայացվածության աճը անկասկած սրելու է մրցակցությունը տարածաշրջանում, բայց միեւնույն ժամանակ դա կարող է նպաստել այդ մրցակցության բնույթի փոփոխությանը, կամ փոփոխության արագացմանը՝ շանտաժից ու սպառնալիքից դեպի առաջարկների ու գաղափարների, նախաձեռնությունների եւ տեխնոլոգիաների մրցակցություն:

Ընդ որում, Չինաստանի դեպքում կա ամենակարեւոր եւ առանձնահատուկ մի հանգամանք. Ռուսաստանի որոշակի կաշկանդվածությունը Պեկինի նկատմամբ, Պեկինի հետ բացահայտ դիմակայության մտնելու հարցում:

Մոսկվան հստակ պատկերացնում է, որ իր համար գործնականում ամենամեծ սպառնալիքը Չինաստանի, ոչ թե Արեւմուտքի էքսպանսիան է, բայց Մոսկվան չունի Չինաստանի հետ բացահայտ առճակատման անգամ բանավեճի գնալու կարողություն:

Եվ այդ իմաստով, նաեւ ինչ որ պատասխան կարող է ստանալ Հայաստանում Չինաստանի ներկայացվածության աճի միտումից ծագող առաջնային հարցերից մեկը՝ Ռուսաստանի խանդը: Ռուսաստանն էապես կաշկանդված է լինելու Հայաստանում Չինաստանի ներկայացվածության աճի դեմ քայլերում, ի տարբերություն Արեւմուտքի դեմ քայլերի:

Ի վերջո չափազանց բարդ է լինելու քարոզչական մանիպուլյացիաներով խաղարկել այսպես ասած «հային ոչ վայել արժեքների», «միասեռականության» եւ այդ կարգի այլ մանիպուլյատիվ գործոնների տրցակը Չինաստանի դեպքում:

Ամենաընթերցվածը