Նշաձողերը դրել ենք պլինտուսին՝ թռիչք- բարձրություն ենք խաղում

    • Մեկնաբանություն - 09 Օգոստոսի 2017, 22:11
91-ից մենք իմիտացիաների-տնազների մեջ ենք՝ դրսից ներմուծեցինք միայն ձևեր, առանց համապատասխան բովանդակումների: Պետություն՝ առանց իրական պետականության, նախագահ՝ առանց նախագահության գիտակցության ու պատասխանատվության, իշխանություն, նախարարություններ ու պաշտոններ՝ առանց ֆունկցիոնալության, մտավորականություն՝ առանց մտավորականի, դատարան՝ առանց չափանիշերին համապատասխանող դատավորի ու օրենքների, կուսակցություններ՝ առանց կուսակցական միջավայրի, հայրենասեր՝ առանց ներկա հայրենիքի խնդիրների պատկերացման, քաղաքացի՝ առանց քաղաքացիականության:

Անկախությունից ի վեր ես չեմ հիշում իշխանական որևէ ազգանպաստ, նորմալ, տրամաբանված տնտեսական կամ քաղաքական որոշում։ Դա զուտ ոչ մասնագիտականությամբ բացատրելն անհնար է։ Ինչ որ դիվային, ճակատագրական դաժանություն կա հայկական այս անկախության մեջ։

Աշխարհով մեկ առաջընթացի այս 21-րդ դարում մեր երկրում դրության տեր են ոչ թե կերտողները, արարողները, գիտելիք սփռողները, սարքողները, տեխնոկրատները, այլ միայն ավերող ու տհաս աճպարարները ապիկարները, պատեհապաշտները։

Մարդիկ  վախից “հարգում” են միայն իրենց սպառնացող, շահագործող, վնաս տվողներին, իսկ գործի ընդունակները անտեսված են և անկյուն քշված։

Առկա ներհայկական հարաբերությունները գայլ-ոչխարային են կենսաբանորեն, հակամարդկային են հոգեբանորեն: Տնտեսական հարաբերությունները ճորտատիրական-ստրկատիրական-վայրենական են պատմականորեն, աբսուրդային են տրամաբանորեն: Քաղաքական-քաղաքացիական սկզբունքները նախամարդու աստիճանի են էթնոգրաֆիկ առումով, սադոմազոխիստական՝ բժշկական առումով:

Միայն տիրող իշխանականն է տրամաբանված՝ իր գողական, ավատատիրական, ախպերական սրիկայական, հակամարդկային ու անկրկնելի եղկելիությամբ:

Առաջներում, երբ պետությունը միապետինն էր, միապետի խնդիրն էր ներսում գոնե նվազագույն  հանրային արդարություն ու համերաշխություն ունենալը, որ կարողանա պաշտպանվել արտաքին թշնամիներից։

Իսկ մեր երկրում, խամաճիկության պատճառով, արտաքին պատասխանատվության հարցն ուղղակի հանված է օրակարգից, քանի որ ռուսներն են որոշում մեր լինել-չլինելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով  իշխանության միակ խնդիրը ցանկացած ձևով ներսում վերարտադրվելն է։

Անոմիայի, ակնառու դեմքերի բացակայության պատճառով երկիրը հայտնվել է ցուգցվանգային տետանուսի մեջ՝ չկան արարողներ, չկան պատասխանատուներ, չկան մասնագետներ, չկան արժանապատիվ մարդիկ ու տեխնոկրատներ, որոնք զուտ մարդկայինից ու ռացիոնալից ելնելով հրապարակ կմտնեին ու հարցերը կլուծեին։

Ամերիկյան կյանքում կա perfectionist կոչված անհատի տեսակը: Այսինքն մեկը, որն իր անելիքի մեջ մշտապես ձգտում է կատարելության՝ մանրամասն վերանայելով, քննելով, հղկելով իր անելիքը՝ ստեղծագործությունը, լինի դա գիտական աշխատանք, արվեստի գործ, թե բակ մաքրելը:

Մեզանում հենց  դա չկա: Համատարած կա դրա հակառակը՝ բառադիզմը, եղունգով գլուխ քորելն ու տղամարդուն անվայել թեթևությամբ համակերպվելն ու իշխանական տանիքի տակ ծվարելը։

Փերֆեքշոնիզմը ակտիվ, սուբյեկտային վիճակ է: Ինչ որ առումով նույնն է նաև բառադիզմը, եղունգով գլուխ քորելն ու տանիքի տակ ծվարելը։ Սրանք ևս “ակտիվ” սուբյեկտային դիրքորոշումներ են։ Բառադին, քորողն ու ծվարողը հենց թույլատրվածի սահմաններում, որպես խամաճիկներ, վերցնում են ղեկն ու իրենց “առաջնորդությամբ” մարդկանց տանում կործանման։

Մեզանում դրսևորվողը հանրային ինտելեկտի շատ խորը ճգնաժամ է՝ երբ պաշտոնյաների մոտ տգիտության շքերթ է, իրավապահների մոտ բեսպրեդելի խրախճանք, տարիքավորների մոտ մեծամիտ տկարամտություն, ջահելների մոտ՝ մեծամիտ տգիտություն, պատասխանատուների մոտ՝ համատարած անպատասխանատվություն։

Մինչև վերջերս ազգովի փրկիչների հույսին էինք։ Բայց Սասնա ծռերից հետո պարզ դարձավ, որ  մեզանում քաղաքագիտական տեսականի ու անելիքների մեթոդաբանական լուծման անհաղթահարելի վիհ կա, որը պատմականորեն գնալով ահագնացել է և երբևէ չի էլ նկատվել։

Առհասարակ ներկա հայության միակ հարցը խնդիրները լուծելու ձևն է՝ ՈՆՑ անելն է։

ՈՆՑ-ից բան չհասկացողների պատճառով կորցնում ենք երկիրը, մարդուն ու ազգի վերացման ճանապարհին ենք։ Իշխանությունն իր “ոնց անելը” չգիտի, ընդդիմությունը՝ իր, ժողովուրդն՝ իր։

Հետսովետական ոչ մի երկրում դրված չի եղել ազգի գոյության հարցը: Պետականություն ունեցող աշխարհի որևէ երկրում հիմա նման հարց չկա դրված: Միայն Հայաստանում է, որ հայը հային հոշոտելով բնաջնջում է:

Հայաստանում իշխանության խնդիրը չէ հիմնականը, այլ ներհասարակական ֆաշիզմի հարցն է։ Շահարկելով արցախյան պատերազմը, իշխանության հասած ու առանձին խումբ դարձած քրեականը հետապնդում է մյուսներին ամենալկտի ու վայրենի ձևերով։

“Օրինականցված” են վիճակագրական-դեմոգրաֆիական կեղծիքները և դրա միջոցով  անպատժելի է դարձել ընտրությունների կեղծիքով իշխանական վերարտադրությունը։ Այս հիմնարար կեղծիքի վրա են խարսխված մնացած բեսպրեդելներն ու կեղծիքները՝ դատական ու իրավական բեսպրեդելը, բնական ռեսուրսների կողոպուտը, կաշառակերության ու բյուրոկրատիզմի լծակներով ձեռներեցության ու տնտեսական գործունեության փաստացի արգելումը: Եվ այս ամենի արդյունքը համատարած արտագաղթն է։

Մի կողմից, մարդկայինի դիտանկյունից, անբացատրելի, որևէ տրամաբանությունից դուրս բացարձակ անհաղորդ, վայրենի իշխանական թալանն ու բեսպրեդելն  է, մյուս կողմից մարդկանց կատարյալ անելանելիությունն ու փախուստը երկրից։

Իշխանությունները չեն զիջում, որովհետև իրենց ստիպողը չկա։ Ընդդիմությունն անուժ է, որովհետև տգետ է  թե տեսականում ու թե գործնականում-մեթոդականում։ Մարդիկ էլ մատնված են խուճապի, որովհետև դրված է իրենց ֆիզիկական գոյության հարցը։

Եվ այս օրհասական վիճակում ներհանրային քաղաքական հարթակում մտավոր դատարկություն-ամայություն է տիրում՝ “փրկիչները” սպառվել են, իշխանականից ոչ մի սպասելիք չկա, գործունյա, վստահելի անհատներ չկան։

Արտաքին միջամտություն ու օգնություն չկա ու չի էլ լինելու, որովհետև 25 տարի շարունակ տրված օգնությունը մսխվել-թալանվել, փոշիացվել է, ու ներկա իշխանական դեմքերը շատ ավելի տհաս, տգետ ու անընդունելի են, քան սկզբում էր։

Հետևաբար, եթե որևէ մեկի մտքին իրոք կա գոյատևելու, կամ առավել ևս վերակենդանանալու խնդիրը, ապա ակնհայտ է, որ անելիքները միայն ու միայն ներսում են՝ ներհանրայինի ու ներանձնայինի դաշտում։

Մենք մազաչափ իսկ չենք փոխվել դեռ Խորենացու տված ազգային նկարագրից։ Հետևաբար, որն է հույսը, որ 1600 տարի անց ինչ որ հրաշքով կհասկանանք ինքներս մեզ, կտեսնենք մեր արատների ակունքները, կընդդիմանանք եղածին, կփոխվենք ու կվերակերտվենք։

Հավանականությունն իհարկե զրոյի կարգի է։ Բայց կյանքի ու աշխարհի փորձից իմ հասկացածն ասեմ։

Տեսական նախապայմանները։

- Պետությունը սուբյեկտային է ոչ թե իր իշխանությամբ, այլ առաջին հերթին իր ժողովրդով ու քաղաքացիներով։ Հենց սուբյեկտային, ինքնուրույն մարդիկ են, որոնք կերտում են իրենց ենթակա իշխանությունը, որը պատասխանատու է իր քաղաքացուն և հենց այդ պատասխանատվության պահանջով պետություն է կերտում, այլ ոչ մսխում։

- Սուբյեկտային մարդն այն մարդն է, ով ունակ է ինքնուրույն իր շահերը տեսնելու ու պաշտպանելու ցանկացած մեկից, ներառյալ իր հարևանից, իր բարեկամից և յուրաքանչյուրից, ով ոտնձգություն կանի իր շահերի հանդեպ։

Իր անփառունակ գոյությունը քարշ տվող ներկա ապասուբյեկտային հայաստանցին պարտավոր է հասկանալ, որ իր հայ լինելու ու մնալու հետագան միայն իրենից է կախված և ոչ որևէ այլ մեկից։ Որ նա պարտավոր է իր ներկա՝ զուտ օբյեկտային, ստորադրյալ վիճակից դուրս գալ և դառնալ իր հարցերն ինքնուրույն վերահսկող ու լուծող սուբյեկտ։

Սուբյեկտային մարդը նաև նա է, ով ոչ Լաոյի ու ոչ էլ Սասնա ծռերի հույսին չէ։ Ով չի վաճառվում ընտրական չնչին կաշառքով՝ զիջելով իր ապագան։

Սուբյեկտային մարդը նա է, ով իր շրջապատի այլանդակը տեսնելով փորձում է իր ջանքերով այն ուղղել, փոխել, կարգի գցել, այլ ոչ սպասել պետական, կամ արտաքին օգնության։

Սուբյեկտային մարդը նա է, ով չի հանդուրժում հրապարակային կամ կենցաղային թաքնված այլանդակը և ինքնուրույն է դեմ դուրս գալիս այն  շտկելու նպատակով։ Սուբյեկտային մարդը նա է, ում չես կարող անվնաս ասել՝ բա քեզ պետք ա, եղունգ ունես գլուխդ քորի, ով էշ, ես փալան, դուզ խոսքը էշին են ասում, ոնց բոլորը, էնպես էլ ես, ու էս կարգի հարյուրավոր, դեռ նախնիներից եկող մեր արժեքային “գոհարները”։

Ինչ է նշանակում սուբյեկտային մարդը գործնականում։

Նշանակում է, որ եթե մեկը թոշակառու է, իր ազատ ժամանակը չի մսխի նարդի գլորելով, այլ շրջապատի կեղտը կմաքրի, ջարդված դուռը կվերանորոգի, բակը կարգի կգցի, ինչ որ անհրաժեշտ գործ կանի։

Եթե մասնագետ է, իր մասնագիտականով կփորձի մասնակցել նորի, նորմալի, ժամանակակիցի ստեղծմանն ու ներդրմանը՝ անկախ նրանից, թե վերևներից կամ դրսերից փող տվողը կա, թե ոչ, կողքի տհասը  դրան կողմ է, թե ոչ, իր արածն այդ պահին շահույթ կբերի, թե ոչ։

Եթե քաղաքականապես հասուն է, չի հանդուրժի որևէ բեսպրեդել և իրեն հասու մեթոդներով կընդդիմանա, կսահմանափակի, կպատժի կարգազանցին։

Եթե մարդը տրամադրված է, նա միջոց կգտնի իր անելիքն անելու։ Ամեն մեկս է պարտավոր  իր խղճուկ, անօգնական, դրսից ու կողքինից օգնություն սպասողի հոգեբանական կաղապարից դուրս գալ և ինքնուրույն ինչ որ բան անել։

Մեր այս վիճակը խեղճություն գովերգող արժեքային դեֆեկտայնությունից է ու աշխարհճանաչողական պարզունակությունից։

Ներքին սրիկայությունն ու բեսպրեդելը խրախուսող այնքան տաբուներ ունենք, որ նորմալին ուղղակի տեղ չի թողնված։ Ինչ է նշանակում “շնից մազ պոկելն էլ քյար է”. Բա նորմալ ուղեղը ոնց կարող էր մարդուն ստորացման խրախուսող նման միտք գեներացնել։

Հենց շնից մազ պոկելու “քյարն” է, որ մեզ արդեն 22 տարի մխրճել է ընտրական գեհենի ու պետական ինքնակործանման դժոխքի մեջ։ Հենց շնից մազ պոկողների կոհորտաների “շնորհքով” է, որ քաղաքական ու քաղաքացիական ամեն ստորություն է հնարավոր մեզանում։

Իսկ ուր է մարդկային-հանրային արժանապատվությունը, որը նման “փիլիսոփայություն” տարածողին կսաստեր ու կասեր, որ հարգելիս, ավելի լավ է ֆիզիկապես ոչնչանաս, քան շան մազի հույսին մնաս։

Մեզանում չկա այս կարգի ողորմելի տաբուների  հակատաբուն։ Հայկական միջավայրում վայրենության, պրիմիտիվիզմի, տհասության ու հետամանցության դեմ խոսելն է փաստացի արգելված։

Խորենացին նկարագրել է եղածը։ Հետագայում բազմաթիվ պատմաբաններ ու քաղաքագետներ  նորից ու նորից նկարագրել են նույնը, բայց չի եղել դեֆեկտների ակունքների ու պատճառների բացահայտում ու առաջարկների ներկայացում՝ թե ինչը ոնց հաղթահարվի։ Ու հիմա էլ չկա նման բան, և  որը հենց սուբյեկտի բացակայության միարժեք բնութագրիչ է։

Աշխարհում ոչ մի հարց նկարագրելով չի լուծվում։ Նկարագրին հաջորդում է հասկանալու-վերլուծելու փուլը, և դրա հիման վրա արդեն գալիս է առաջարկելու և իրական լուծումների գալու գործնական փուլը։

Սույն հոդվածը փորձ էր ոչ թե նկարագրելու, այլ իրավիճակի պատճառները վեր հանելու և լուծումներ առաջարկելու մասով։ Այսինքն իմ դիտակետից տեսականն էր այն մասին, թե  ինչու է այսպես, և ինչ է հնարավոր անել։

Ես միամիտ չեմ այն աստիճան, որ հավատամ, թե սույն հոդվածով մազաչափ իսկ կփոխվի  հանրային ընկալումը անելիքների մասով։ Բայց որպես անգործ  թոշակառու ես արել եմ իմ իսկ անելիքը՝ բարբառել եմ հանապատին։

Իսկ եթե մեկ ալեգորիկ մտքով ամփոփեմ,  ապա կասեմ հետևյալը՝ նշաձողերը դրել ենք պլինտուսին՝ թռիչք-բարձրություն ենք խաղում։

Նախ դա  նկատելի է դրսերից և  մեղմ ասած, սիրուն չէ։

Ամենաընթերցվածը