«Բլից-կրիգ». Ռուսաստանի ճակատագրական տապալման այլընտրանքը

    • Մեկնաբանություն - 09 Օգոստոսի 2017, 13:11
Նախօրեին լրացավ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ութերորդ տարելիցը, որն արձանագրվեց մի շարք ուշագրավ իրողությունների պայմաններում: 2008-ի օգոստոսին սկսված պատերազմը Հարավային Կովկասում ստեղծեց նոր իրավիճակ եւ իրադարձությունների զարգացման նոր ճյուղավորումներ, ընդ որում տարբեր ուղղություններով:

Ինքնին բուն պատերազմն առ այսօր առաջացնում է մի շարք հարցեր, որոնք չունեն հստակ պատասխան: Կարծիքները տարբեր են, թե ինչու եւ ինչպես սկսվեց այդ պատերազմը: Կարծես թե աներկբա է, որ Հարավային Օսիայի ուղղությամբ ռազմական գործողությունը սկսել է Միխայիլ Սահակաշվիլին: Միեւնույն ժամանակ, եղան տեղեկություններ, որոնք կարծես թե բավական հստակ ցույց էին տալիս, որ Ռուսաստանը սպասում էր դրան ու մինչեւ այդ հարձակումը իր տարածքից՝ Հյուսիսային Օսիայից Հարավային Օսիա տանող Ռոկի լեռնանցքի մոտ կուտակել էին մեծ թվով ռազմական տեխնիկա եւ զինուժ, պատրաստ մուտք գործել Հարավային Օսիա:

Ինչու՞ Սահակաշվիլին գնաց այդ քայլին, ո՞վ էր նրան տվել որեւէ երաշխիք, որ Ռուսաստանը չի ներխուժի, ո՞վ էր Ռուսաստանին հայտնել Սահակաշվիլիի գործողության մասին: Հարցերը, ինչպես իհարկե ցանկացած այդօրինակ մասշտաբային պատերազմական գործողության դեպքում, շատ են ու անպատասխան: Հատկանշական է, օրինակ, որ պատերազմից տեւական ժամանակ անց Միխայիլ Սահակաշվիլին իր ելույթներից մեկում որոշակի դժգոհություն էր հայտնում արեւմտյան դաշնակիցներից, որ չհասան օգնության:

Մյուս կողմից, հենց Արեւմուտքը կանգնեցրեց Ռուսաստանին, այլապես Մոսկվան հազիվ թե կանգ առներ Թբիլիսիի ճանապարհին, առավել եւս, որ գործնականում անցել էր այն եւ մնում էր ընդամենը Վրաստանում իշխանության փոփոխությունն ու ռուսական իշխանության հաստատումը:

Այդ իմաստով, Ռուսաստանը փաստորեն չլուծեց իր համար թերեւս գլխավոր հարցը՝ Վրաստանի վերադարձը ռուսական ուղեծիր: Եվ հակառակը, փաստացի վերցնելով այն, ինչ դե ֆակտո մինչ այդ էլ գրեթե երկու տասնամյակ արդեն ռուսական ազդեցության ներքո էր՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան, Ռուսաստանը կարծես թե վերջնականապես կորցրեց Վրաստանն իր ազդեցության գոտի վերադարձնելու հնարավորությունը:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ն ստացավ Վրաստանի հետ հարաբերությունն ինստիտուցիոնալացնելու ռազմա-քաղաքական ծանրակշիռ փաստարկ, եւ դատելով անցնող ութ տարիների ընթացքից, բավական արդյունավետ օգտագործում է այդ փաստարկը:

Ի դեպ, այդ իմաստով խիստ խորհրդանշական է, որ օգոստոսյան այդ պատերազմի ութերորդ տարելիցի օրերին Վրաստանում անցկացվում է ՆԱՏՕ զորավարժություն: Դրան մասնակցում է նաեւ Հայաստանը: Ի դեպ, զորավարժության մասնակիցներն օգոստոսի ութին հարգել էին պատերազմի վրացական կողմի զոհերի հիշատակը:

Պատերազմի տարելիցին Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությունն անկասկած միակ ուշագրավ հանգամանքը չէ: Խիստ խորհրդանշական է այն, որ պատերազմից ութ տարի անց գործնականում առանց քաղաքացիության է մնացել Միխայիլ Սահակաշվիլին, որը Վրաստանի նախագահն էր պատերազմի օրերին եւ որի իշխանությունը գործնականում դատապարտվեց փոփոխության հենց դրա հետեւանքով, ինչն էլ սահուն կերպով իրականացավ 2012 թվականի խորհրդարանի ընտրությամբ, մինչ այդ կառավարման մոդելի սահմանադրական փոփոխությամբ:

Ուշագրավ էր նաեւ պատերազմի ութերորդ տարելիցի առիթով Պուտինի այցն Աբխազիա: Նախ, պատերազմը գործնականում տեղի էր ունեցել վրաց-օսական ուղղությամբ, բայց պատերազմի տարելիցին Պուտինն այցելում է Աբխազիա: Դա վկայում է, որ գործնականում իրողություններն ու խնդիրները շատ ավելի խորն են, ու չի բացառվում նաեւ, որ Պուտինը պատերազմի տարելիցը օգտագործում է նաեւ Աբխազիայի մասով իրականում բոլորովին այլ խնդիրներ ունենալու եւ դրանց առիթով այնտեղ այցելելու համար:

Այդ համատեքստում խիստ ուշագրավ էր, որ Պուտինի այցից առաջ Աբխազիայում բավական տարօրինակ բաներ էին կատարվում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ, որոնց վրա տեղի ունեցավ հարձակում, հետո նրանցից երկուսը դարձան Աբխազիայում ռազմական պահեստի պայթյունի զոհ՝ Պուտինի այցից առաջ: Ընդ որում, խնդրի կարեւորությունը վկայում է այն, որ Պուտինն այցի ընթացքում հատուկ անդրադարձել է զբոսաշրջիկների անվտանգության հարցին:

Այցն ինքնին ուշագրավ է եղել նրանով, որ տեւել է ընդամենը երկու ժամ: Պուտինը նաեւ հայտարարել է, որ Աբխազիայի հետ ունեն «լիովին առանձնահատուկ» հարաբերություն եւ հայտարարել է, որ Ռուսաստանը կապահովի Աբխազիայի անկախությունն ու անվտանգությունը:

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմում Ռուսաստանի հաղթանակը իսկապես հարաբերական է, գործնականում խիստ իրավիճակային: Խորության եւ ընդգրկման մեջ, դա Կովկասում ազդեցությունն էապես եւ հիմնարար կերպով մեծացնելու նրա «բլից-կրիգի» տապալումն էր: Ավելին, այդ պատերազմն ինչ որ առումով հիշեցնում է Ռուսաստանի իշխանության համար պատրաստված «աշխարհքաղաքական» ծուղակ, որի հետեւանքը զգացնել է տալիս աստիճանաբար:

Ի դեպ, բավական համարժեք տպավորություն է թողնում նաեւ ապրիլյան պատերազմը, որը գործնականում տարիներ շարունակ պատրաստված ռուս-թուրք-ադրբեջանական «բլից կրիգ» էր, երկու տասնամյակ առաջ հայկական հաղթանակով խախտված ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի ստատուս-քվոն վերականգնելու համար:

Բայց տապալվեց նաեւ այդ «բլից-կրիգը»:

Կգնա՞ Ռուսաստանը «երրորդին», այսինքն «երրորդը կլինի՞» Ռուսաստանի համար, թե՞ նախորդ անհաջող երկուսը բավարար էին Մոսկվայի իշխանությանը գիտակցելու, որ երրորդը կլինի արդեն վերջինը, որը Ռուսաստանը վերջնականապես դուրս կմղի Կովկասից:

Երրորդ «բլից-կրիգի» փոխարեն Ռուսաստանին թերեւս հարկ է Կովկասում ձեռնամուխ լինել քաղաքակիրթ մրցակցության առաջին փորձին: Այստեղ անգամ տանուլ տալու դեպքում հետեւանքը Մոսկվայի համար չի լինի ծանր ու ճակատագրական, որքան երրորդ «բլից-կրիգն» էլ տապալելու դեպքում: Ի վեջո, Ռուսաստանի «բլից-կրիգային» ռեսուրսներն այդ ընթացքում ոչ միայն չեն ավելացել, այլ նվազել են զգալիորեն:

Ամենաընթերցվածը