Վարչապետը վերցրեց ձեռնոցը. Նա անակնկալ է պատրաստել

    • Մեկնաբանություն - 09 Օգոստոսի 2017, 11:26
Օրերս Հայաստանում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը չարժանացավ լայն մեդիալուսաբանման, ինչը ավելի հետաքրքրություն է հաղորդում այդ իրադարձությանը եւ այն շրջանակին, որի համատեքստում տեղավորվում է դա: Եվ առավել հետաքրքիր է, որ իրադարձությունն արժանացել է ռուսական Սպուտնիկ գործակալության ուշադրությանը, տեղ գտնելով Սպուտնիկ Արմենիայի լրահոսում:

Խոսքը «Ձայն բազմաց» կոչվող ակումբի փորձագետների ներկայացրած մի սոցհարցման մասին է, որի խորագիրն ինքնին ամեն ինչ ասում է, կամ գոնե շատ բան. «Միգրացիոն հարցերը կառավարության գործունեության ենթատեքստում»:

Բանն այն է, որ մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդագրական վիճակը «մեղմ ասած ճգնաժամային» է եւ նաեւ առաջարկեց կառավարության գործունեությունը գնահատել ոչ թե ծրագրերում ներառված տնտեսական աճի ցուցանիշներով, այլ ժողովրդագրական պատկերի միտումներով՝ եթե պատկերը գնում է բարելավման, ապա կառավարությունը լավ է աշխատել, եթե ոչ՝ ապա աշխատանքը վատ է, անկախ նրանից, թե ինչպես են կատարվել ծրագրային ցուցանիշները:

ՀՀԿ պատգամավորի այդ նախաձեռնությունն ըստ երեւույթին անսպասելի էր նույնիսկ հենց ՀՀԿ համար, որի ներկայացուցիչներից խիստ հազվադեպ անդրադարձ է եղել ժողովրդագրական խնդրի սուր վիճակին: Մեկ այլ երիտասարդ պատգամավոր Միհրան Հակոբյանն է հանդես եկել հայտարարությամբ, որ ժողովրդագրական եւ անվտանգության խնդիրներն են Հայաստանի իշխանության լուծելիք գերակա հարցը՝ «մնացածը լոլոներ» են:

Լոլո՞ է արդյոք այն, ինչով զբաղված է վարչապետ Կարապետյանը, կամ նրա ստեղծած Հայաստանի ներդրողների ակումբը, թե ոչ: ՀՀԿ-ականները հավանաբար կունենան այդ խնդիրներին անդրադառնալու առիթ, երբ ավելի ու ավելի թեժանա 2018 թվականի վարչապետության հարցը:

Բայց ժողովրդագրական իրավիճակի շեշտադրումը նոր նշաձող է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, ընդ որում ոչ միայն 2018-ի կտրվածքով: Բանն այն է, որ ուշադրությունն ամբողջությամբ բեւեռացված է 2018-ին, սակայն իշխանության մեջ խնդիրը դրանով ամենեւին չի հանգուցալուծվելու, եւ իրավիճակը հիշեցնելու է հայտնի մարզական իրավիճակները, եւ գուցե նաեւ շատ ծեծված, բայց այդուհանդերձ դիպուկ բնորոշումը՝ առաջին տեղ դուրս գալը գուցե ավելի դյուրին է, քան այնտեղ մնալը: 2018-ին մնալու դեպքում Կարեն Կարապետյանը դեռ պետք է կարողանա պահել վարչապետի պաշտոնը հետագայում:

Այդ իմաստով, ժողովրդագրական վիճակի շեշտադրումն անկասկած նրան նետված ձեռնոց է դառնում՝ հենց իր իսկ ներկայացրած կուսակցությունից, ձեռնոց ոչ թե միայն 2018-ի, այլ առնվազն միջնաժամկետ որոշակի հեռանկարի համար:

Վերջին հաշվով, իշխանության համար պայքարն անընդհատ պրոցես է, եւ ոչ միայն Հայաստանում՝ ամենուր: Խնդիրը մեխանիզմներն ու օրակարգերն են:

Ներկայում ՀՀԿ շրջանակից Կարեն Կարապետյանին թելադրվում է բավական լուրջ, Հայաստանի համար հույժ կարեւոր, միաժամանակ բավական բարդ օրակարգ՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավում:

Եվ ահա այդ համատեքստում էլ խիստ ուշագրավ է դառնում Հայաստանում հրապարակված հարցումն ինքնին. ըստ հարցման հեղինակների՝ հարցվածների 79 տոկոսը դրական սպասում ունի կառավարությունից, սոցիալ-տնտեսական բարեփոխումների մասով: Նաեւ հայտարարել են, թե 72 տոկոսը ասել է, որ չի պատրաստվում հեռանալ երկրից եւ դրական պատասխան տվել է միայն 9 տոկոսը:

Մի կողմ թողնենք այն, որ արդեն 3 միլիոնից էլ պակաս մշտական բնակչությամբ թվով Հայաստանում արտագաղթի 9 տոկոս պոտենցիալ ցուցանիշը ինքնին արդեն չափազանց բարձր է:

Շարունակենք տեղի ունեցողի ներքաղաքական, ավելի շուտ ներիշխանական հնարավոր ասպեկտի դիտարկումը:

Այդպիսով, հնչում է պատասխան ժողովրդագրական ձեռնոցին, որ նետվել է Կարեն Կարապետյանին:

Կարապետյա՞նն է այդ պատասխանի հեղինակը, թե՞ Ռուսաստանը: Պատահակա՞ն է, որ հենց ռուսական գործակալությունն է ուշադրության արժանացրել հարցումը, այն դեպքում, երբ հայկական մեդիադաշտում այն կարծես թե մատնվեց անուշադրության: Ընդ որում, հետաքրքիր է, որ կա շեշտադրում նաեւ ԵՏՄ արդյունավետության  վրա, եւ նշվում է, թե կառավարությունը հաջողություն է արձանագրում, որովհետեւ լավ է օգտագործում ԵՏՄ ներուժը եւ հնարավորությունները:

Այդպիսով, Կարեն Կարապետյանը Ռուսաստանի աջակցությամբ վերցնու՞մ է նետված ժողովրդագրական ձեռնոցը, կամ նետվելու պատրաստվող ձեռնոցը, թե՞ Ռուսաստանն է նրա փոխարեն վերցնում այն: Թե՞ ռուսական գործակալությունը, թեկուզ պետական, դեռեւս Ռուսաստան չէ եւ չի բացառվում, որ ինչպես Ադրբեջանին հայկական կյանքերի գնով սպառազինությունն է Մոսկվայի համար «բիզնես», այդպես էլ գուցե նրա առանձին քարոզչական ենթակառուցվածքների համար «բիզնես» է Հայաստանի ներիշխանական կյանքը, որտեղ մեծ դիմակայություն է նոր դասավորության հարցում:

Ավելի հավանական կարող է թվալ վերջին տարբերակը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ներկայում ունի շատ ավելի մասշտաբային խնդիրներ, եւ Հայաստանի հարցը այլեւս գրեթե լիովին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության տիրույթում է, ինչը մեծ հաշվով այդ մակարդակում այլեւս նվազ կարեւոր է դարձնում, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը:

Սերժ Սարգսյանն ի վերջո բավական թափանցիկ ակնարկեց դա Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը, ասելով, թե Հայաստանում մոդել է փոխվել, եւ անցել է անձի կառավարման շրջանը: Սարգսյանը Հայաստանի կառավարման մոդելի մասին իր խոսքի տողատակում նկատի ուներ թերեւս ավելի շուտ հենց միջազգային հարաբերությունների, մասնավորապես ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության մոդելի փոփոխությունը, որը լիովին այլ բնույթ է հաղորդում Հայաստանի իշխանության խնդրին:

Ըստ այդմ, ժողովրդագրական «նշաձողին» պատասխանում է Կարեն Կարապետյանը, գուցե ընդամենը ռուսական որոշ շրջանակների, բայց ոչ պաշտոնական Մոսկվայի աջակցությամբ: Այդուհանդերձ, իրավիճակը ուշագրավ է, հատկապես նկատի ունենալով մի հայտարարություն, որ անում են սոցհարցման հեղինակները: Նրանք ասել են, թե տնտեսական միտումները պահպանվելու դեպքում 2018-ի հունվարին սպասվում է Հայաստանի բնակչության աճ՝ միգրացիայի ալիքի նվազեցման շնորհիվ:

Դա արդեն հետաքրքիր է եւ կարող է պարունակել ակնարկ Կարեն Կարապետյանի պատրաստած անակնկալի մասին: Ըստ երեւույթին, Կարեն Կարապետյանը Հայաստանի ներդրողների ակումբի փոխարեն կամ դրանից բացի «Հայաստան մարդ բերողների ակումբի» գաղափարն է ծրագրում ներառել իր գործիքակազմում՝ գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանի հետ միասին:

Մի բան, որին այլընտրանք չմնալու մասին ենթադրել էի Սերժ Սարգսյանը փոխեց խնդիրը. Կարապետյանների նոր ակումբը հոդվածում: Կարապետյանները խոշոր հաշվով ունեն այդ մարդկային ռեսուրսը: Նրանց ռուսական բիզնես-համակարգում աշխատում են հազարավոր, իսկ գուցե տասնյակ հազար հայաստանցիներ, որոնք կամ որոնց մի զգալի մասը կարող է տեղափոխվել Հայաստան: Առավել եւս, որ Ռուսաստանի տնտեսական խորացող խնդիրները ստեղծում են մի վիճակ, երբ այդ տեղափոխությունը կարող է գործատուի համար շահեկան լինել ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական իմաստով:

Ամենաընթերցվածը