Ինչպես հանձնվեցին ծռերը եւ չհանձնվեց Հայաստանը.միակ ճիշտ որոշում, շատ հարցեր

    • Մեկնաբանություն - 17 Հուլիսի 2017, 14:08
Մեկ տարի առաջ հուլիսի 17-ին Հայաստանը հանգստյան կիրակին դիմավորեց անհանգիստ եւ ցնցումային լուսաբացով: Համացանցում հայտնվեց Սասնա ծռեր խմբավորման տեղեկությունն այն մասին, որ գրավել են ՊՊԾ գունդը, սկսել են զինված ապստամբություն եւ հանրությանը կոչ են անում միանալ, դուրս գալ փողոց: Հայտարարություններում ասվում էր նաեւ, որ իրենց կմիանան նաեւ այլ զորամասեր:

Այդ հաղորդագրությունները համացանցում էին հայտնվել առավոտյան ժամը 5-ի սահմաններում, երբ հանրությունը հիմնականում քնած է: Մինչ հանրությունը կարթնանար, իրավիճակն արդեն զգալիորեն գտնվում էր իրավապահների վերահսկողության տակ, Սասնա ծռերն արգելափակված էին ՊՊԾ գնդի տարածքոմ, տաևրածքն արգելափակված էր զգալի հեռավորության վրա, իսկ հանրությունը գործնականում դարձավ ոչ թե մասնակից՝ որեւէ գործողության, այլ սպառող՝ օրվա տագնապալի լրահոսի:

Այդպես Հայաստանում գործնականում սկսվեց եւ մի քանի ժամ անց ավարտվեց զինված ապստամբությունը, հետագա երկու շաբաթների ընթացքում երածվելով անհասկանալի է, թե ինչի, առաջացնելով բազմաթիվ անպատասխան հարցեր, խորհրդավոր զարգացումներ, պարունակելով հսկայական լարվածություն եւ վտանգ պետության համար, պրունակելով նաեւ մարդկային ողբերգության տարրեր եւ թերեւս միակ դրական կետն այն էր, որ հուլիսի 17-ին տեղի ունեցածը երկու շաբաթների դրամատիկ զարգացումից հետո չվերածվեց զանգվածային արյունահեղության եւ բախումների, թեեւ կային պահեր, երբ թվում էր, թե իրավիճակը մոտ է դրան:

Զուգահեռ տեղի ունեցան Սարի թաղի իրադարձությունները, ձերբակալություններ այդ կապակցությամբ: Եղան միջազգային արձագանքներ, ընդ որում բավական տարօրինակ: Օրինակ, դրանցից մեկն այն էր, երբ ՌԴ արտգործնախարարությունը պաշտոնապես դժգոհություն էր հայտնել Եվրամիության այն դիրքորոշումից, որով Հայաստանի իշխանությանն ընդամենը արվել էր կոչ զերծ մնալ ուժի անհամաչափ կիրառումից:

Ընդ որում դա մի կոչ էր, որը բխում էր Հայաստանի շահից, անկախ ՊՊԾ գնդի գրավման գնացած ջոկատի գործողության հանդեպ վերաբերմունքից: Բանն այն է, որ արդեն փաստ էր, որ ստեղծվել է ծայրաստիճան լարված իրավիճակ, որին կայծն էր բավական համապետական աղետի վերածվելու համար: Եվրամիությունը, ԱՄՆ, Հայաստանի իշխանությանը գործնականում ուղղում էին այդ կայծը թույլ չտալու կոչեր եւ տարօրինակ էր, որ դրանք դուր չէին եկել Ռուսաստանին, ընդ որում այնքան, որ դրանց դեմ եղավ անգամ պաշտոնական դժգոհություն:

Ինչու՞: Արդյո՞ք այն պատճառով, որ Ռուսաստանը սպասում էր կայծին, թե՞ որովհետեւ Ռուսաստանն էլ ունի Հայաստանի դեպքում իր խուճապը, իր վախը, որ կարող է լինել կայծ եւ Հայաստանը կարող է պարզապես դուրս գալ ռուսական վերահսկողությունից: Հայաստանում «մայդանի» խուճապահար վախը Ռուսաստանի մոտ նկատելի է, այն դրսեւորվեց անգամ ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց Էլեկտրի Երեւանի խաղաղ անհնազանդության պայմաններում:

Առավել եւս ապրիլյան պատերազմից երեք ամիս անց՝ հաշվի առելով այդ պատերազմում ՌԴ պահվածքն ու Հայաստանի հանրության վերաբերմունքը դրան, Մոսկվան իսկապես կարող էր ունենալ այդ վախերն ու տեսնել «մայդանի» ռիսկեր:

Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ բանը ոչ միայն այդ վախն էր, այլ նաեւ պարզապես ինչ-ինչ ծրագրերի տապալումը: Բանն այն է, որ հուլիսյան իրադարձություններին նախորդել էին ղարաբաղյան կարգավորման գործընթացում զարգացումներ, հունիսի հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում, դրան հաջորդել էին ռուսական ու ադրբեջանական մամուլի հրապարակումներ, որ Պուտինը համոզել է Սերժ Սարգսյանին 5 շրջանի փոխարեն զիջել երկուսը՝ առայժմ, որ ամեն ինչ մոտ է համաձայնությանը եւ այլն:

Ի՞նչ ձեռք էր այդ հրապարակումների հետեւում, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ եթե կարող էր լինել այդպիսի իրական վտանգ, ապա հուլիսյան իրադարձություններն այդ առումով կատարեցին արգելակող ֆորս-մաժորի դեր: Ի դեպ, հետաքրքիր է, որ հուլիսյան այդ գործողությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն Արցախում էր:

Ավելի շուտ, իրականությունն այս դեպքում երկակի է՝ եթե Հայաստանում բանը հասներ արյունահեղության, ապա ֆորս-մաժորը կունենար լրիվ հակառակ ազդեցություն եւ Հայաստանը կթուլացներ այնքան, որ ղարաբաղյան հարցում դիմադրունակությունը գործնականում կդառնար զրո: Եթե Հայաստանում իրավիճակը չէր հասնում արյունահեղության, ապա իր ամբողջ դրամատաիզմով եւ մարդկային ողբերգականությամբ հանդերձ, ֆորս-մաժորը կունենար ղարաբաղյան գործընթացում որեւէ անցանկալի զարգացման արգելակի, Հայաստանի դիմադրունակությունը բարձրացնող նշանակություն:

Ի՞նչ կատարվեց իրականում, ներքի՞ն, թե՞ արտաքին շարժառիթներ ու պատճառներ էին ընկած հուլիսյան իրադարձությունների հիմքում, կա՞ր արտաքին ձեռք, կամ կա՞ր ներիշխանական որեւէ թեւի աջակցություն Ծռերին, կատարվածը հաշվա՞րկ էր, թե՞ արկածախնդրություն, հուսահատություն, ռոմանտիզմ, ո՞րն էր ծրագիրը, թե՞ տեղի ունեցավ տարերային ինչ որ բան, կամ ինչ որ բան չաշխատեց, խափանվեց, ինչ որ մեկը ինչ որ պահի չարեց ինչ պետք է աներ: Ինչու՞ խումբը իրադարձությունների զարգացման միայն 13-րդ օրը հայտարարեց, թե իր քայլը պայքար է ռուսական գաղութատիրության դեմ:

Անպատասխան հարցերն ահռելի են եւ դրանց մի մասը գուցե երբեք չստանա պատասխան, ինչպես ռազմական ու պետական շատ գաղտնիքների դեպքում:

Միարժեք է թերեւս մի բան, որ ամենավճռորոշ հարցում թե իշխանությունը, թե Ծռերը, չգործեցին ճակատագրական սխալ եւ իրավիճակը չհասցրին անշրջելի աղետի՝ իշխանությունը չգնալով արյունահեղությամբ հանգուցալուծման, Ծռերն էլ ի վերջո վայր դնելով զենքը. հանձնվելով՝ պետությունը «չհանձնելու» համար:

Ներկայումս, մեկ տարի անց, սկսված է դատավարությունը, որն անցնում է թերեւս սպասելի աղմուկի պայմաններում: Դրան զուգահեռ, ծավալվել է քննարկում կամ բանավեճ՝ ծռերը հերոսներ են, թե ահաբեկիչներ կամ հանցագործներ:

Ո՞րն է այդ բանավեճի իմաստը, բավական բարդ է ասել: Չէ՞ որ պարզ է, որ դա փակուղի տանող բանավեճ է, որը Հայաստանի նորագույն պատմության մեջ թերեւս ամենաառանցքային ու լրջագույն դրվագներից մեկը հասցնում է «սեւի» եւ «սպիտակի» շուրջ թերեւս պարզունակ վեճի:

Այն դեպքում, երբ թե երեւույթն ինքնին, թե այն Հայաստանի անցած ճանապարհի եւ առկա մարտահրավերների ու սպասումների համատեքստում պահանջում է շատ ավելի խորքային եւ ընդգրկուն դիտարկում, հասկանալու համար պատճառները, մոտիվները ավելի լայն սպեկտրով՝ պետականության հիմքի եւ հեռանկարի համատեքստում: Առնվազն դա պետք է լինի գոնե հանրային կարծիք ձեւավորող սուբյեկտների առաքելությունը՝ «սեւ»-«սպիտակ» պարզունակ դիլեմայի փոխարեն, փորձել պարզել լայն համատեքստում եւ հանրությանը ուղղել դրանից բխող ազդակներ, չխաղալ հանրային զգացմունքների վրա, այլ ձեւավորել հանրային ողնաշար, որն արժեհամակարգային եւ գաղափարական նշաձող, պահանջների սանդղակ կձեւավորի հասարակական-քաղաքական գործընթացի հավակնություն ունեցող կամ դրանում արդեն գտնվող բոլոր սուբյեկտների համար, նպաստելով այնպիսի իրականության ձեւավորման, որում Հայաստանն այլեւս որեւէ հարցի լուծման համար չի ունենա որեւէ շարժառիթով ֆորս-մաժորի ապավինելու անհրաժեշտություն:

Ամենաընթերցվածը