Սերժ Սարգսյանը վարչապետ չլինելու մասին. նա լուծել է հարցը

    • Մեկնաբանություն - 17 Հուլիսի 2017, 10:17
Սերժ Սարգսյանը նախօրեին Արմենիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով 2018 թվականի վարչապետի վերաբերյալ հարցին, փաստացի կրկնել է նախկինում արված հայտարարությունները: Սերժ Սարգսյանն ասել է, որ երբեք չի պլանավորել, թե որտեղ է լինելու հաջորդ պահին: Միեւնույն ժամանակ նա ասել է, թե ի՞նչ կարեւոր է վարչապետի ով լինելը, եթե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում այլեւս անձը չէ որոշող, այլ խորհրդարանում իշխող մեծամասնությունը:

Սերժ Սարգսյանը գործնականում շոշափում է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի կառավարման մոդելի անցման, Սահմանադրության փոփոխության գործընթացի առանցքը: Այդ փոփոխությունը շատերը վերագրեցին նախագահի պաշտոնից հետո վարչապետ մնալու Սերժ Սարգսյանի ցանկությանը: Սակայն, ինչպես Սերժ Սարգսյանն ինքը բնորոշեց մի քանի ամիս առաջ, քչերն են խորապես պատկերացնում, թե ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանում:

Հայաստանում այսպես ասած ընդդիմադիր դիսկուրսի կրողների մեծ մասի շրջանում պատկերացումները եղել են ու կան անձնավորված եւ այդ իմաստով ամեն ինչ հանգել է կոնկրետ անձի, որը տվյալ պահին եղել է իշխանության գլուխը: Իրականում սակայն Հայաստանի իշխանությունը երբեք չի եղել անձիշխանություն: Իշխանական համակարգը եղել է մի քանի անձերի շուրջ ձեւավորված տարբեր խմբերի եւ կլանների հավաքականություն, որոնք կոնկրետ պայմանավորվածությունների են եկել տնտեսաան եւ իշխանական, անվտանգային շահերի շուրջ եւ սրբորեն պահել այդ պայմանավորվածությունները, համակարգի ներքին տրամաբանության մեջ առաջնորդվելով բավական դեմոկրատական մոտեցումներով՝ պատժվել է միայն նա, ով օրենք է խախտել, պարզապես ոչ թե պետական, այլ ներիշխանական օրենքը: Անձը տվյալ պարագայում եղել է «արբիտր», ինչպես Ռոբերտ Քոչարյանի մասին էր մի առիթով ասել Գագիկ Ծառուկյանը:

Այն, որ Սերժ Սարգսյանը կարող է ունենալ վարչապետ դառնալու ներքին ցանկություն, կամ ունի այդպիսի ծրագիր, միանգամայն հնարավոր է եւ հավանական: Սակայն, բանն այստեղ զուտ անձնական քմահաճույքը չէ, այլ ներիշխանական հարաբերությունների կառուցվածքն ու բովանդակությունը, ռիսկերն ու հնարավորությունները:

Այդ իմաստով, Սահմանադրության փոփոխությամբ Սարգսյանն ավելի շուտ ոչ թե վարչապետ դառնալու հնարավորություն է ապահովել, այլ հակառակը՝ ապահովել է իր համար հնարավորինս մանեւրելի եւ ճկուն դաշտ վարչապետ չդառնալու դեպքի համար: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ստեղծել է վարչապետ չդառնալու առավելագույն հարմարավետ միջավայր, որտեղ գործնականում դե ֆակտո բազմակենտրոն եւ բազմաշերտ իշխանությունը այդպիսին է դարել դե յուրե, էապես նվազեցնելով ստվերային, ինտրիգային, պալատական բնույթը, ինստիտուցիոնալացնելով ներիշխանական անվտանգության մեխանիզմները:

Այդ պայմաններում, Սերժ Սարգսյանն իրեն առավելագույն հարմարավետ կարող է զգալ իշխանության դե յուրե լծակ չունենալու դեպքում: Դա չի նշանակում, որ նա չի ունենա այդպիսի լծալ կամ առավել եւս չի ձգտում ունենալ: Հակառակը, նա գուցե նույնիսկ ձգտում է, թեեւ հնարավոր է մարտավարական ինչ-ինչ նկատառումներով՝ օրինակ առավելագույնին ձգտելով նվազագույնը ստանալու համար:

Բայց տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ կարող է չլինել վարչապետ, որովհետեւ ով էլ լինի, միեւնույն է առնվազն տեսանելի ապագայում չի կարողանալու լուծել խնդիրներ ավելի, քան ասենք վարչապետ չլինող Սերժ Սարգսյանը: Մնացյալը կլինի արդեն իշխանության ներսում «սողացող դիմակայության» հարց, որի համար անգամ 2022 թվականը կլինի միջնաժամկետ թիրախ:

Ամենաընթերցվածը