Անսպասելի հայտարարություն. Վովա Գասպարյանի ակտիվ հայտը

    • Մեկնաբանություն - 15 Հուլիսի 2017, 11:49
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության կոլեգիայի հուլիսի 14-ին տեղի ունեցած նիստում արել է հայտարարություն, որն առանց վարանելու հնարավոր է որակել սենսացիոն: «Հոգսավոր ժողովուրդն ուշ թե շուտ իր դժգոհությունը դրսեւորում է ակտիվ գործողություններով, եւ ուշ թե շուտ, մենք ենք կանգնում այդ ժողովրդի առջեւ», Գասպարյանին մեջբերում է news.am-ը: Ոստիկանապետը հայտարարել է, որ իրենք պետք է փորձեն գտնել նաեւ բնակչության սոցիալական խնդիրները եւ աջակցել դրանց լուծմանը, եթե լուծումն իրենց դաշտում է, եւ ահազանգել այդ մասին՝ եթե այլ դաշտում է լուծումը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը չափազանց ուշագրավ ու բազմաշերտ է, պարունակում է մի շարք ակնարկներ եւ նրբերանգներ, կապված թե սոցիալ-տնտեսական վիճակի, թե ընդհանրապես կառավարման եւ իշխանական համակարգում առկա իրավիճակի հետ:

Ըստ էության, Վովա Գասպարյանն ինչ որ իմաստով կրկնում է այն սենսացիան, որ դեռեւս Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ դրսեւորեց ԱԱԾ այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, Նաիրիտի աշխատակիցների բողոքի ցույցի առիթով միջամտելով վարչապետի եւ էներգետիկայի նախարարի խոսակցությանն ու կառավարության նիստում հայտարարելով, որ ժողովուրդը չի հավատում կառավարությանը:

Ոստիկանապետ Գասպարյանը գործնականում ասում է նույնը, բայց առավել կոնկրետ եւ առավել հեռուն գնացող շերտերով: Նա փաստորեն արձանագրում է երկու հանգամանք՝ իշխանության անգործության բեռը ընկնում է ոստիկանության վրա, հետեւաբար ոստիկանությունը պետք է գործի «կանխարգելիչ» սկզբունքով: Սակայն առավել ուշագրավ է շեշտադրումը: Ոստիկանապետը փաստորեն ակնարկում է ոչ թե հանրությանը զսպելու կանխարգելիչ գործողությունների մասին, այլ փաստորեն հանրային բողոքը «առաջնորդելու», ստացվում է՝ կառավարման համակարգի դեմ կանխարգելիչ գործողությունների մասին:

Առավել հատկանշական է, որ այդ առանց չափազանցության սենսացիոն շեշտադրումները հնչում են ՊՊ գնդի գրավկան իրադարձությունների տարելիցի շեմին, երբ իշխող համակարգի անարդյունավետ գործունեության հետեւանքը ամբողջ ծանրութամբ փաստորեն ընկավ ոստիկանության վրա, ընդ որում նաեւ ոչ միայն լարված, ծանր, իրավական, այլ նաեւ ողբերգական հետեւանքը:

Փաստացի ստացվում է, որ ոստիկանապետ Գասպարյանը կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի ահազանգում է հնարավոր նոր դրսեւորումների մասին, եւ ակնարկում, որ եթե ոստիկանությունն ինքը չփորձի համարժեք գործել եւ չեզոքացնել ռիսկերը, իշխող համակարգի որեւէ կառույց դա չի անի:

Ւրավիճակն անկասկած առավել ուշագրավ է դարձնում 2018-ի խնդիրը, իշխանության վերադասավորման, ուժերի նոր հարաբերակցության խնդիրը: Անկասկած է, որ դրանում մեծ է իրավապահների, այդ թվում ոստիկանության կողմնորոշման կամ դիրքորոշման դերը: Փաստորեն ստացվում է որոշակի երկիմաստ վիճակ: Ոստիկանապետ Գասպարյանը անվստահությու՞ն է հայտնում կառավարությանը, թե՞ հայտնում է կառավարությանն ավելի ակտիվ եւ գործուն աջակցության հայտ:

Խնդիրն այն է, որ ֆորս-մաժորները ամենեւին չեն բխի կառավարության, մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանի շահից: Այդ համատեքստում, Վովա Գասպարյանը փաստորեն խոսում է ֆորս-մաժորների ռիսկերը կառավարելու կանխարգալելու պատրաստակամության մասին: Այլ կերպ ասած, ոստիկանապետի հայտարարությունում նկատելի է նաեւ «սառը ցնցուղի» ակնարկը, որ նա իհարկե ավելի բաց տեքստով արել էր 2015 թվականի ամռանը, երբ սպասվում էր ոչիշխանական հայտնի բեվեռի թեժ, հեղափոխական աշուն: Ի վերջո այդ աշունը տեղի չունեցավ եւ բեվեռը ցրվեց:

Այս անգամ ոստիկանապետը գործնականում խոսում է նոր ենթատեքստի մասին, պարզապես ավելի նրբանկատորեն եւ դիվանագիտորեն: Դա ըստ երեւույթին պայմանավորված է հենց այն անորոշությամբ ու երկիմաստությամբ, որ կա իշխանության խնդրում:

Բոլոր դեպքերում, Վովա Գասպարյանը փաստացի հայտարարում է ակտիվ խաղի մեջ մտնելու մասին: Առայժմ հստակ չէ, թե ու՞մ խաղի մեջ: Առավել եւս, որ նրա տեքստում բավական նշմարելի են անգամ սեփական խաղի ուրվագծեր, ինչը կարող է նույնիսկ պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Վովա Գասպարյանն ունի նաեւ խաղից դուրս մնալու մտավախություն:

Ամենաընթերցվածը