Կարսի պայմանագրի վախճանը. Կովկասի նոր պայմանագրի երկու տարբերակ

    • Մեկնաբանություն - 14 Հուլիսի 2017, 15:25
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարում է, թե նաեւ ռուսական սպառազինության շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել ապրիլի պատերազմում:

Ապրիլի պատերազմում Ադրբեջանի հաջողության հանգամանքը նվազագույնը հարաբերական է: Մարդասպանության խնդրի առումով, որ հանդիսանում է Ադրբեջանի պետական քաղաքականություն ղարաբաղյան խնդրում, ապրիլն Ադրբեջանի համար իսկապես հաջող էր, այնպես, ինչպես հաջող են իրականացվող ահաբեկությունները ահաբեկիչների համար:

Ռազմական հաջողության առումով վիճակը հատկապես հարաբերական է: Ադրբեջանը վերցրել է մի քանի դիրք, ոչ մեծ, բայց շոշափելի տարածք: Բայց դա արել է մեծ կորոստի գնով: Ավելին, այդ հաջողության հարցում գուցե ոչ այնքան ադրբեջանական բանակի հմտության, որքան հայկական անվտանգության համակարգում գոյություն ունեցած բացերի ազդեցությունն է, որը լրացվել է առավելապես մարդկային սխրանքի գնով:

Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն այն չէր, ինչ ստացվել է: Ադրբեջանն անկասկած ակնկալում էր էական առաջխաղացում, եւ այդ նպատակը տապալվել է: Իհարկե հասկանալի է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իրավիճակը պետք է ներկայացներ լիովին հակառակ տեսանկյունից: Դա քարոզչական պատերազմի տարր է:

Այստեղ առավել հետաքրքիր է այն, թե ինչու՞ է Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցը Հասանովին տալիս այդ պատերազմը մղելու դիրք: Ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը դրա դիմաց: Պարզապես փո՞ղ, այսինքն քարոզչական պատերազմի մատակարարումներն էլ բիզնես են ՌԴ համար՝ այս դեպքում մեդիաարդյունաբերական բիզնես, թե՞ Ռուսաստանը Հասանովին տվել է տարածք, դրա դիմաց ակնկալելով քաղաքական տարածություն դեպի Ադրբեջան:

Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի մտրակի եւ կարկանդակի քաղաքականությունն ակնառու է: Ի՞նչ է ուզում Ռուսաստանն Ադրբեջանից: Իսկ Ադրբեջա՞նը Ռուսաստանից: Որովհետեւ նկատելի է, որ Բաքուն էլ ունի պահանջներ եւ ակնհայտորեն «պոչ է խաղացնում» վաղուց:

Ապրիլի պատերազմից հետո ունեցել եմ առիթ մի քանի հրապարակումներում նշելու, որ քառօրյայից հետո Ռուսաստանը հայտնվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դժվար վիճակում: Մի կողմից Հայաստանն է ներկայացնում կուլիսային պահանջներ՝ հավատարմություն հայտնելով, բայց անընդհատ հիշեցնելով ապրիլյան օրերն ու Ռուսաստանի դիրքորոշումը, որ առաջացրեց հայկական հասարակության սուր արձագանք, մյուս կողմից Բաքուն է Ռուսաստանին հիշեցնում փոխադարձ պայմանավորվածությունները եւ պահանջում ճնշում բանեցնել Հայաստանի վրա տարածքներն ազատելու հարցում:

Ռուսաստանն իրականում կորցրել է վերահսկողության թելը Կովկասում, հատկապես Արցախի հակամարտության վրա կամ ավելի պատկերավոր ասած՝ հայտնվել է ասիական ընտանիքի ամուսնու կարգավիճակում, որին կինը տվել է տնից դուրս լիակատար ազատություն եւ իշխանություն, բայց դրա դիմաց պահանջել է սոցիալական լիարժեք ապահովություն եւ բարեկեցություն:

Հայաստանն ու Ադրբեջանն ապրիլի պատերազմից հետո գործնականում այդպես են վարվում Մոսկվայի հետ: Ռուսաստանը սադրում է երկուսին էլ, սադրում «ըմբոստության» կամ «ապստամբության», բայց նրանք հրաժարվում են «ապստամբել», չեն անում դիմադրության վճռորոշ քայլը, որը Մոսկվային կտա իր քայլն անելու եւ իրավիճակի հանդեպ վերահսկողությունը վերականգնելու հնարավորություն:

Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը «կախվել» է: Պատահական չէ, որ թե որոշակի պաշտոնական մակարդակում, եւ թե փորձագիտական հարթությունում սկսել են հաճախակի հղումներ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրին:

Բանն այն է, որ Ռուսաստանի տարածաշրջանային ռազմավարության առանցք հանդիսացող ռուս-թուրքական պայմանագիրը փաստացի կաթվածահար է, այն վերականգնելու ապրիլյան փորձը տապալվել է: Մոսկվան փնտրում է տարածաշրջանային քաղաքականության ռազմավարական նոր առանցք եւ այժմ սկսել է ակնարկել ռուս-իրանական պայմանագրի մասին:

Դա շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման, կամ Վիեննայի օրակարգի այլընտրանքն է, որ առաջ է քաշել Արեւմուտքը: Այդ մեխանիզմի ներդրումը գործնականում հանդիսանալու է Հայաստան-Արեւմուտք դե ֆակտո պայմանագիր կամ «Հայաստան-Հյուսիսատլանտյան անվտանգության համակարգ» պայմանագիր, որը կկազմի տարածաշրջանային անվտանգության համակարգի եւ հեռանկարի նոր առանցք, որտեղ Ռուսաստանը կարող է լինել մասնակից, բայց ոչ թելադրող:

Մոսկվան փորձում է դիմադրել դրան, ներգրավելով նաեւ Իրանին, ընդ որում ինչ որ իմաստով նաեւ շանտաժի տարրերով: Բայց Թեհրանի համար թերեւս առավել նախընտրելի է Կովկասի անվտանգության այն համակարգը, որտեղ Ռուսաստանը մասնակից է, ոչ թե թելադրող: Իրանը միայն այդ դեպքում կարող է դառնալ կովկասյան խաղի քիչ թե շատ լիարժեք մասնակից:

Ամենաընթերցվածը