Թբիլիսիի արձագանքը Երեւանի անզգույշ հայտարարությանը. սառը ջուր, թե սառը հաշվարկ

    • Մեկնաբանություն - 14 Հուլիսի 2017, 12:29
Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե հույս ունեն, որ ռուս-վրացական բանակցության արդյունքում հնարավորինս շուտ կբացվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանապարհը, որով հնարավոր կլինի նաեւ Հայաստանի բեռներ փոխադրել Ռուսաստան՝ որպես Վերին Լարսի անկայուն ճանապարհի այլընտրանք:

Պրահայում բանակցային հերթական փուլի ավարտին ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էին, որ առաջընթաց են արձանագրել տրանսպորտային միջանցքների մասին 2011 թվականի պայմանագրի իրականացման գործում:

Այդ պայմանագիրը գինն է, որի դիմաց Վրաստանը տվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության համար իր համաձայնությունը: Պայմանագիրը նախատեսում է Վրաստանից բեռնափոխադրում դեպի Ռուսաստան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի այսպես ասած վիճելի տարածքներով, առանց դրանց կարգավիճակի հարցին անդրադառնալու, առանց այդ սուբյեկտների որեւէ իրավական ներգրավվածության: Իսկ բեռնափոխադրումների մոնիտորինգը պետք է իրականացնի շվեյցարական կողմը՝ SGS ընկերությունը:

Պայմանագրի իրագործման շուրջ բանակցությունը շարունակվում է տարիներ: Փետրվարին կողմերը հերթական փուլից հետո հայտարարեցին, որ գրանցել են առաջընթաց: Հուլիսին կրկին հայտարարվեց առաջընթացի եւ անգամ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորության մասին, որը պետք է մշակի արդեն մանրամասները: Թե ռուսական, թե վրացական կողմը հայտարարեցին, որ պայմանավորվել են՝ պայմանագիրն ունի երկու կողմ՝ Վրաստան եւ ՌԴ, իսկ մոնիտորինգը իրականացնելու է շվեյցարական ընկերությունը՝ Աբխազիայի եւ Օսիայի ճանապարհով տարանցման ընթացքում:

Ահա այդ հայտարարությունից հետո Հայաստանի լրագրողների հարցին ի պատասխան Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ ունեն ճանապարհների մոտալուտ բացման հույս, որ Վրաստանն ու Ռուսաստանը հաջողությամբ եւ հնարավորինս արագ կավարտեն բանակցությունը:

Հայաստանցի նախարարին էլ արձագանքեց Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեն, ասելով, որ իրենք ՌԴ եւ շվեյցարական ընկերության հետ բանակցում են բեռնաշրջանառության մոնիտորինգի հարցում եւ չկան նախադրյալներ, որ Հայաստանին թույլ կտան հուսալ Աբխազիայի ճանապարհի բացում:

Վրաստանը սառը ջու՞ր է լցնում Հայաստանի գլխին, թե՞ պարզապես ազնվորեն տեղեկացնում, որ Երեւանը չունենա արագ հանգուցալուծման հույս, քանի որ ռուս-վրացական բանակցությունը, չնայած առաջընթացին, այդուհանդերձ կլինի շատ տեւական, քանի որ հնարավոր չի լինի արագորեն հաղթահարել բոլոր այն քաղաքական խնդիրները, որ առկա են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կապակցությամբ:

Չի բացառվում նաեւ, որ Վրաստանի պաշտոնյան պարզապես փորձում է «կանխել» հայաստանցի նախարարի հայտարարության հնարավոր հետեւանքը, որը կարող է ավելացնել կամ յուղ լցնել առանց այդ էլ առկա քաղաքական խնդիրների վրա:

Իհարկե գործնականում անհնար է հստակ արձանագրել, թե որքան է բանակցության շնորհիվ տրանսպորտային միջանցքների գործարկման հասնելու հարցում Ռուսաստանի կամ Վրաստանի անկեղծությունը, բայց աներկբա է, որ հեռանկարը չի գոհացնի Թուրքիային ու Ադրբեջանին: Պատճառները մի շարք են, այդ թվում նաեւ այն, որ դա գործնականում էապես կարժեզրկի Հայաստանի շրջափակման նրանց քաղաքականությունը, եւ ընդհանրապես շոշափելիորեն կնվազեցնի ազդեցությունը թե Վրաստանի, թե տարածաշրջանի վրա:

Հետեւաբար դժվար չէ պատկերացնել, որ եթե անգամ Ռուսաստանն ու Վրաստանը իրապես ձգտում են խնդրի լուծմանը, Թուրքիան ու Ադրբեջանը անկասկած փորձելու են խոչընդոտել հնարավոր ամեն ինչով, կիրառելով հնարավոր ազդեցության լծակները թե Վրաստանում, թե Ռուսաստանում, թե Աբխազիայում եւ Օսիայում:

Այդ համատեքստում չի բացառվում, որ Աբաշիձեն Երեւանին ակնարկում է, որ պետք չէ բարձրաձայն «հույսերով «սադրել» Թուրքիային ու Ադրբեջանին, այլ պետք է «լուռ» հուսալ, ռուս-վրացական առանց այդ էլ բարդ բանակցությանն ավելորդ բարդություն չավելացնելու համար:

Ամենաընթերցվածը