Սամվել Բաբայանի գործի արմատը. ԱԱԾ ուշագրավ շղթան

    • Մեկնաբանություն - 14 Հուլիսի 2017, 10:06
Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ կապված գործի կապակցությամբ, որտեղ ասվում է նախաքննությունն ավարտվելու մասին: Սամվել Բաբայանին, բացի «Իգլայի» մեղադրանքից, ներկայացված է նաեւ փողերի լվացման մեղադրանք:

«Սամվել Բաբայանը դիմել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Քոչարյանին, ով համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում: Այնուհետև, Սամվել Բաբայանը, S.Հ.-ի ծանոթներից փորձնական ձեռք բերելով 4 հատ թղթադրամ, փոխանցել է Կարեն Քոչարյանին, ով իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի, միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Վերջինս իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ և նպատակադրվելով տարբեր խմբաքանակներով ձեռք բերել նման թղթադրամներ` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սամվել Բաբայանը, որպես առաջին խմբաքանակ, Մոսկվա քաղաքի բնակիչ Մ.Ն.-ի միջոցով S.Հ.-ի ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5.000 եվրո ներկված թղթադրամներ, որի դիմաց ընդամենը վճարել է անվանական արժեքի շուրջ 50 տոկոսը՝ 2.900 ԱՄՆ դոլար: Այնուհետև Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում դրանք հայտնաբերվել և առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից», նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

2016 թվականի սեպտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց տեղեկություն, որտեղ նշվում էր Հայաստանում «աննախադեպ բնույթի անդրազգային հանցագործության բացահայտման» մասին:

«Իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում», 2016 թվականի սեպտեմբերի 23-ին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ այդ հայտարարության, ձերբակալվել էր երեք անձ, եւ միջոցներ էին ձեռնարկվում հնարավոր այլ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Փաստացի, ԱԱԾ-ն այժմ՝ մոտ մեկ տարի անց, հանցակցության համար մեղադրում է Սամվել Բաբայանին:

Հետաքրքիր է, թե ե՞րբ է ԱԱԾ-ն պարզել, որ Բաբայանն առնչություն ունի այդ «նոր բնույթի անդրազգային հանցագործությանը»՝ դեռեւս նախորդ տարի սեպտեմբերի՞ն, թե՞ միայն այժմ:

Սամվել Բաբայանը տեւական ժամանակ գտնվելով Ռուսաստանում, Հայաստան ժամանեց 2016-ի մայիսին: Հունիսին նա արդեն մեկնել էր Արցախ, որտեղ եղավ հայտնի միջադեպը նրա աջակից Հայկ Խանումյանի հետ: Դրանից հետո, բուռն վերադարձով աչքի ընկած Սամվել Բաբայանը կտրուկ նվազեցրեց իր ակտիվությունը: Հետո տեղի ունեցան հուլիսյան դեպքերը՝ կլանելով ամեն ինչ: Սեպտեմբերին տեղի ունեցավ կառավարության փոփոխությունը, մասնավորապես դրանում առանցքային՝ վարչապետի եւ պաշտպանության նախարարների փոփոխությունը:

Նախկին նախարար Սեյրան Օհանյանն անցավ ընդդիմադիր քաղաքական գործունեության դաշտ եւ հայտարարեց 2017-ի ապրիլի խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մասին: Ձեւավորվեց ՕՐՕ դաշինքը, որը բավական բաց տեքստով խոսում էր ընդհուպ հետընտրական զարգացումերի գնալու պատրաստակամության մասին եւ թերեւս ամենաարմատականն էր իր նախընտրական հռետորաբանությամբ: Սամվել Բաբայանը հայտարարվեց դաշինքի աջակից: Նախընտրական արշավի ընթացքում նա ձերբակալվեց, բայց ոչ թե փողերի լվացման, այլ «Իգլայի» գործով: Ընթացքում սակայն, նրան փաստորեն ներկայացվում է նոր մեղադրանք՝ փողերի լվացում, որն էլ փաստորեն կապվում է դեռեւս նախորդ տարի սեպտեմբերին բացահայտված աննախադեպ անդրազգային հանցագործության հետ:

Արդյոք Բաբայանն իրավապահ համակարգի «նշանառության» տակ է սեպտեմբերից, պարզապես «ընթացք» տալու հարցում դեր խաղաց ՕՐՕ դաշինքին նրա աջակցությունը: Այդ դեպքում իհարկե հարց է առաջանում, թե ինչու՞ էր պետք «Իգլայի» գործը, եթե «փողերի լվացումը» կար սեպտեմբերից, եւ մնում էր լուծել «ընթացքի» «տեխնիկական» խնդիրը:

Միեւնույն ժամանակ, հարց է նաեւ, թե «Իգլայի գործի» առկայության պարագայում ինչու՞ էր պետք «փողերի լվացման» գործը: Առավել եւս, եթե խորհրդարանի ընտրությունն անցել է, իսկ հաջորդ ընտրությունը հինգ տարի անց է: Մյուս կողմից, թեեւ չկա մոտալուտ նոր ընտրություն, այդուհանդերձ կա իշխանության խնդրի լուծման հարց, եւ «ընտրությունը» գործնականում ոչ թե ավարտված է, այլ ավարտված է դրանում հանրային «դերակատարման» մասը, իսկ բուն գործընթացն արդեն տեղափոխված է բացառապես ներհամակարգային դաշտ:

Այդ հարցերն իհարկե առկա են այն վարկածի պարագայում, թե կարող է խոսք լինել իրավական այդ գործընթացի քաղաքական շարժառիթի մասին:

Միեւնույն ժամանակ, կա մի հատկանշական բան, որ Սամվել Բաբայանն ինքը կարծես թե առ այսօր հրաժարվում է քաղաքականացնել իր ձերբակալումը, թեեւ կան մի շարք շրջանակներ, որոնք պնդում են, որ նա քաղբանտարկյալ է: Նրա փաստաբանը մի քանի անգամ հայտարարել է, որ իր պաշտպանյալը ակնկալում է իրավական դաշտում հանգուցալուծում եւ մեղադրանքների չեզոքացում:

Դեռ որքա՞ն քանդվելու տեղ ունի նրա «գործի» կծիկը եւ արդյոք «արմատը» 2016-ի սեպտեմբերն է, թե՞ ավելի խորը:

Ամենաընթերցվածը