Մոսկվան բացում է Հասանովին. Հայաստանը պետք է սրի լսողությունը

    • Մեկնաբանություն - 13 Հուլիսի 2017, 21:20
ՌԻԱ Նովոստի գործակալությունը ծավալուն հարցազրույց է վերցրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովից, որում Հասանովին ուղղվում են հարցեր ամենատարբեր թեմաների՝ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունից գոհ լինել-չլինելու, շարունակելու մտադրության, համատեղ զորավարժությունների պատրաստակամության, Սիրիայում ապառազմականացված գոտիներում հերթապահություն իրականացնելու պատրաստակամության, Վրաստանի ու Թուրքիայի հետ գործակցության, ու բնականաբար նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ ՌԻԱ Նովոստի գործակալությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարին ուղղում է հարցեր գրեթե «ամեն ինչի մասին», տարածաշրջանի հարեւանների հետ հարաբերության կամ հակամարտության մասին, բայց բաց թողնում երկու ասպեկտ՝ Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերություն եւ Իրանի հետ հարաբերություն:

ՌԻԱ Նովոստին ռուսական պետական լրատվական գործակալություն է, ռուսական պաշտոնական պրոպագանդայի գործիքներից մեկը: Ըստ այդմ, երբ այդ գործիքի ուշադրության կենտրոնում է հայտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարարը, այն էլ բավական լայն ու ծավալուն արեալով, դա անկասկած արժանի է ուշադրության:

Բանն այն է, որ Զաքիր Հասանովը տալիս է խրոխտ հարցազրույց, թողնելով տպավորություն, որ հանդիսանում է աշխարհի ամենամարտունակ եւ ամենաարդիական բանակներից մեկի նախարար: Ինչու՞ է ՌԻԱ Նովոստի պետական պրոպագանդայի հարթակը տալիս Հասանովին այդ «խրոխտ» հարցազրույցի հարթակը, այնքան էլ պարզ չէ:

ՌԻԱ Նովոստին պարզապես փո՞ղ է աշխատում Հասանովի գովազդի վրա, թե՞ կան այլ խնդիրներ, ավելի քաղաքական նշանակության: Թեեւ, օրինակ, Հասանովի գովազդի պարագան էլ կարող է ունենալ թե կոմերցիոն, թե քաղաքական նշանակություն: Բանն այն է, որ հարցազրույցն ունի ուշագրավ մի առանձնահատկություն, որը թերեւս այդքան էլ բնորոշ չէ ասիական իշխանական հիերարխիային, ինչպիսին հանդիսանում է ադրբեջանական համակարգը:

Բանն այն է, որ Հասանովը չնայած ներկայացնում է, թե ինչքան հզոր է Ադրբեջանը, այդուհանդերձ Ադրբեջանի նախագահ Ալիեւին նա հղում է անում միայն մեկ անգամ: Քիչ չէ՞ արդյոք՝ հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն, ընդգրկուն բնույթը: Ավելին, Հասանովի շեշտադրումները, թե ինքը պաշտպանության նախարար է, ոչ քաղաքական գործիչ, եւ պատասխանատու է միայն պաշտպանական ոլորտի հարցերի համար, թողնում է տպավորություն, թե նա փորձում է իր վրայից հանել Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության համար ինչ որ պատասխանատվություն:

Այդ համատեքստում առաջանում է հարց, թե արդյոք Հասանովը խնդիրներ ունի Ադրբեջանի իշխանությունում, ինչը ցանկալի չէ Մոսկվայի համար եւ այդ իսկ պատճառով կազմակերպվում է նրա բարձր մակարդակի «շնորհանդեսը» ռուսական պետական պրոպագանդայի բարձր հարթակներից մեկում:

Ընդ որում, Ադրբեջանի իշխանական համակարգում Հասանովի շուրջ կապված որոշակի տարօրինակ դրսեւորումներ նկատվեցին դեռեւս ամիսներ առաջ, երբ ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց, թե հայերը ծրագրում էին ոչնչացնել պաշտպանության նախարարի ուղղաթիռը: Դա այն շրջանն էր, երբ Բաքուն իբր բացահայտել էր Ադրբեջանում հսկա լրտեսական խումբ, որ իբր գործակցել է հայերի հետ: Ադրբեջանում որոշ գործիչներ սկսեցին խոսել այն մասին, որ իրականում այդ խումբը եղել է ներիշխանական հեղաշրջման նախապատրաստություն, պարզապես այդ մասին չի հայտարարվել եւ հռչակվել է իբր հայկական կողմի համար լրտեսություն անողների բացահայտում: Բացառված չէ նաեւ, որ Հասանովի ուղղաթիռի ոչնչացումն էլ ծրագրված էր «ներքին շրջանակում», պարզապես պատասխանատվությունը գցվելու էր հայերի վրա: Հնարավոր է նաեւ, որ դա պարզապես զգուշացում էր Հասանովին, որ կխփենք, եւ դա կվերագրենք հայերին:

Ո՞վ կարող էր լինել այդ զգուշացման հեղինակը՝ Ալիեւին գցել ցանկացողնե՞րը, թե՞ Ալիեւն ինքը, Հասանովին կասկածելով իրեն գցել ցանկացողներին օժանդակության հարցում:

Հնարավոր վարկածներն իհարկե կարող են շատ լինել: Ադրբեջանի իշխող համակարգում իրադրությունն անկասկած կայուն չէ, դրա մասին է վկայում եւ այն, որ Ալիեւը խաղի մեջ է մտցնում նաեւ տիկնոջը, կամ տիկինն է մտնում խաղի մեջ, անգամ չհարցնելով Ալիեւին: Ընդ որում, հատկանշական է այն, որ Մեհրիբան Ալիեւան խաղի մեջ է մտնում այսպես ասած հաշտարար տրամադրություններով, որ արտահայտել էր ռուս հայտնի հրապարակախոս Պրոխանովին ընդունելով Բաքվում:

Բացառված չէ, որ Պրոխանովի միջոցով անգամ փորձ է արվել տնտղել Ալիեւային եւ հասկանալ, թե ինչ կարող է սպասել Ռուսաստանը «հաշտարար պլատֆորմի» վրա Ալիեւայի մուտքից: Եվ հնարավոր է, որ Պրոխանովը զեկուցել է, որ ոչ մի լավ բան էլ չի տնտղել, եւ Ռուսաստանը որոշել է այսպես ասած բացել ադրբեջանական «մաֆիայում» իր սեւ կամ կարմիր խաղացողին՝ Հասանովին:

Համենայն դեպս, տարօրինակ է, որ ռուսական պրոպագանդայի հարթակը կարող է օրինակ Ադրբեջանի պաշտպանության նախարարին տարածք տրամադրել հայտարարելու համար, թե իրենք ունեն Հայաստանի Իսկանդերից պաշտպանվելու հնարավորությունը: Ի վերջո, Ադրբեջանի նախարարը ռուսական պրոպագանդայի հարթակում փաստացի խոսում է, որ Իսկանդերն այդքան էլ այն զենքը չէ, որի «դեմ խաղ չկա»: Որքա՞ն բարձր գին պետք է ունենա խաղը Ռուսաստանի համար, որ պաշտոնական պրոպագանդայով հնարավորություն տա ադրբեջանցի նախարարին խոսել այդ մասին:

Իսկ հնարավո՞ր է, որ Մոսկվան այդպիսով ինչ որ ազդակ է հղում Երեւանին, փորձում ճնշում բանեցնել: Թեեւ հարց կարող է առաջանալ, թե այդ դեպքում ինչու՞ բավական լայնածավալ հարցազրույց: Դա վկայում է, որ բանն ամենեւին Երեւանին որեւէ ակնարկ անելը չէ:

Հարցազրույցի սեղանին դրված է անկասկած ավելին, հարցն այն է Ադրբեջանի ներսու՞մ տեղի ունեցող ներիշխանական տրանսֆորմացիաները բաց չթողնելու համար, որոնք անկասկած իրենց ազդեցությունն ունենալու են նաեւ արտաքին հարցերի վրա, թե՞ Հասանովի հարցազրույցի ակնարկ-բեկորներն ուղղված են Իրանին, Արեւմուտքին, կամ գուցե Թուրքիային:

Մյուս կողմից, հարց է իհարկե, թե արդյոք պատահականություն էր այն, որ հարցազրույցը հրապարակվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո, ինչն օրինակ կարող է հարց առաջացնել, թե արդյոք Ադրբեջանի արտգործնախարարը չի արել բաներ, որոնք կգոհացնեին Մոսկվային եւ այդ իսկ պատճառով հանդիպումից հետո խաղի մեջ է մտցվում պաշտպանության նախարար Հասանովը: Ի դեպ, այստեղ էլ կարծես թե շոշափվում է Ադրբեջանի իշխանության ներսում առկա ստատուս-քվոյի հետ կապված խնդիրների շրջանակ:

Բոլոր դեպքերում, Հասանովի հարցազրույցի ձայնն ըստ երեւույթին դեռ դուրս կգա, պարզ չէ միայն, թե որտեղից: Մի բան հստակ է, որ Հայաստանը պետք է «սրի» ականջները՝ որեւէ տեղից այդ ձայնի դուրս գալուն պատրաստ լինելու եւ անակնկալի չգալու համար: Առավել եւս, որ Հասանովը նաեւ հայտարարում է, թե Ռուսաստանը պատրաստակամությամբ կիսվում է Սիրիայում ռազմական գործողությունների փորձով, օգնելով Ադրբեջանին տեղայնացնել դրանք Կովկասում:

Ամենաընթերցվածը