Բակո Սահակյանի անկեղծության պահը. Նա ունի իրավիճակը շտկելու հնարավորություն

    • Մեկնաբանություն - 13 Հուլիսի 2017, 17:48
Լուսանկարը Արցախպրեսի
Լուսանկարը Արցախպրեսի
Հուլիսի 19-ին Արցախի հանրապետության խորհրդարանը կընտրի անցումային եռամյա շրջանի նախագահ: Եռամյա «լյուֆտը» առաջացավ Արցախի Սահմանադրության փոփոխությունից հետո, երբ որոշվեց, որ պետք է լինի ուժեղ նախագահական կառավարում, բայց դա ուժի մեջ կմտնի, երբ 2015 թվականին ձեւավորված խորհրդարանն ավարտի իր հնգամյա գործունեությունը: Դա կլինի 2020 թվականին: Մինչ այդ, անցումային փուլի նախագահ կընտրի խորհրդարանը: Այդպիսով, «ձեւակերպվեց» Բակո Սահակյանի նախագահության երրորդ ժամկետի իրավական հիմքը:

Բակո Սահակյանը նախագահի խորհրդարան ներկայացված միակ թեկնածուն չէ: Առաջադրվել է նաեւ Շարժում 88-ի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը, որը եղել է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ, ընդ որում ընդդիմության առաջադրված քաղաքապետ:

Փաստացի, նա ընդդիմության առաջադրած նախագահի թեկնածու է, բայց չափազանց քիչ է հավանականությունը, որ խորհրդարանի գերակշռող մեծամասնություն հանդիսացող ուժերը ընտրեն ոչ իրենց առաջադրած թեկնածուին: Իսկ իրենց առաջադրածը Բակո Սահակյանն է: Խոսքը Ազատ Հայրենիք, ԱԺԿ եւ ՀՅԴ խմբակցությունների մասին է:

Այդպիսով, չափազանց մեծ է հավանականությունը, որ Արցախի անցումային փուլի նախագահ կլինի երկու ժամկետ պաշտոնավարած Բակո Սահակյանը, որը գնում է փաստորեն երրորդ ժամկետի:

Այդ կապակցությամբ շատ է հնչում հարց, թե արդյոք դա չի վնասի Արցախի ժողովրդավարական իմիջին: Իրական քաղաքականության ռեժիմում՝ ոչ: Որովհետեւ Արցախը վաղուց դուրս է մնացել իրական քաղաքականության ռեժիմից: Ըստ այդմ, Արցախի ժողովրդավարությունը ֆորմալ առումով լինելով իհարկե կարեւորագույն գործոն, դե ֆակտո այդպիսին չէ, որովհետեւ այդ գործոնը «ակտիվ» կարող է լինել միայն այն դեպքում, երբ Արցախի ղեկավարությունը դառնա քաղաքական գործոն, ստանձնի այդպիսի դեր ու պատասխանատվություն:

Իսկ այդ դերի եւ պատասխանատվության դրսեւորումը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումները չեն: Որովհետեւ համանախագահները երբեմն այսպես ասած «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ էլ են հանդիպում: Քաղաքական գործոն լինելու հանգամանքը պետք է ունենա առավել խորքային դրսեւորումներ, արարողակարգայինից բացի:

Դրանք չկան, հետեւաբար չկա Բակո Սահակյանի երրորդ ժամկետի միջազգային հայացք, դա որեւէ մեկին հետաքրքիր չէ: Ավելին, գուցե նույնիսկ ցանկալի կլիներ՝ թող տարօրինակ չհնչի, որ լիներ բացասական արձագանք: Դա կլիներ Արցախի ճանաչման, միջազգային նշանակության որոշակի յուրօրինակ դրսեւորում: Բայց դա էլ չկա, հետեւաբար այս դեպքում խնդիրը ամենեւին չի առնչվում Արցախի ժողովրդավարական վարկանիշին, թե խախտվում է երկու ժամկետի գործնականում ժողովրդավարական աշխարհին բնորոշ նորմը:

Արցախի ժողովրդավարությունը, հաշվով լինելով կարեւորագույն, խորքային գործոն, ներկայում ավելի շուտ ստացել է բուտաֆորիկ նշանակություն:

Արցախում նախագահի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի առումով բուն խնդիրն ավելի շուտ այլ տեղ է, ներքին հանրային նշանակություն ունեցող տեղ: Խոսքը «անփոխարինելիության» մասին է, որը նրբորեն փորձ է արվում բերել Արցախի նախագահի անցումային ընտրության դաշտ, գուցե արդեն իսկ այդ ընտրությունը համարելով լուծված եւ նախապատրաստվելով արդեն 2020 թվականի առաջադրմանը:

Խնդիրը այստեղ Բակո Սահակյանը չէ, անձը չէ բացարձակապես: Խնդիրն այն է, որ պետությունը եւ հասարակությունը պետք է տարբերվեն ցեղախմբային պատկերացումներից կամ պարզապես ազգային-ազատագրական, ռազմա-հայրենասիրական կամ հեղափոխական շարժումներից: Անգամ դրանց դեպքում «անփոխարինելի առաջնորդությունը» ավելի շուտ խոցելիության, քան առավելության նշան է: Ուր մնաց պետականության պարագայում:

Արդիական պետականությանը բնորոշ հատկանիշներից մեկն էլ այն է, որ ինստիտուցիոնալ մակարդակով ստեղծվում է միջավայր, երբ հանրությունն ինքը պարբերաբար, գեներատիվ էֆեկտով առաջ է մղում պետական կառավարման ղեկավարության ունակ անձանց, իր իսկ համար ստեղծելով ընտրելու հնարավորություն:

Մի՞թե ընդամենը երկու տասնամյակ առաջ համաշխարհային քարտեզի վրա ամենաառաջադեմ շարժումներից մեկը սկզբնավորած Արցախը ներկայում ընկել է որեւէ անձի «անփոխարինելիության» ճահիճը:

Բակո Սահակյանն ունի իրավիճակը շտկելու եւ անդառնալի ճահճացում թույլ չտալու հնարավորություն, եթե ընդամենը հայտարարի, որ որեւէ դեպքում չի առաջադրվելու 2020 թվականին:

Լիովին հասկանալի է պատերազմի անմիջական եզրին գտնվելու պատճառով Արցախի իրավիճակի առանձնահատկությունը: Բայց առավել եւս այդ հանգամանքը անթույլատրելի է դարձնում հասարակական-քաղաքական իրավիճակի ճահճացման որեւէ միտում: Դա կարող է կարճաժամկետ առումով ընդամենը թվալ ապահովություն, իսկ երկարաժամկետ առումով պարզապես կարող է ջլատել Արցախի հանրային ներուժը, որն ապագայում անխուսափելիորեն լինելու է պահանջված:

Ամենաընթերցվածը