Հայաստանի հեռահար պատասխանը խրամատային մարդասպանությանը

    • Մեկնաբանություն - 19 Հունիսի 2017, 22:51
Սահմանին Ադրբեջանի սադրանքի եւ մարդասպանության յուրաքանչյուր դեպից հետո Հայաստանի հանրային տարբեր շրջանակներ փորձում են քննարկել, վերլուծել, գնահատել, թե կոնկրետ մարդասպանությամբ ինչ խնդիր էր լուծում Բաքուն, իսկ հաճախ նույնիսկ աշխարհքաղաքական որեւէ կենտրոն:

Ընդունված է համարել, որ Բաքուն սրացման է գնում Արցախի խնդրում այս կամ այն կարեւոր հանդիպումից առաջ, այսպես ասած իր ատամները ցույց տալու համար: Հունիսի 16-ի ողբերգական դեպքն էլ բացատրվեց նրանով, որ Բաքուն մարդասպանության հերթական քայլին գնացել է Մինսկի խմբի համանախագահներին ընդունելուց առաջ:

Համանախագահները Բաքու են ժամանել հունիսի 19-ին: Մինչ այդ, նախորդ շաբաթ նրանք Երեւանում էին ու Ստեփանակերտում: Ընդհանուր քաղաքական, աշխարհքաղաքական իրավիճակը Ադրբեջանի համար բավական աննպաստ է եւ դա նկատելի է: Ըստ այդմ տրամաբանությունը հուշում է, որ Բաքուն փորձում է շանտաժով ու սադրանքով բարելավել իրավիճակը:

Թերեւս միամտություն կլինի ենթադրել, որ սահմանին հայ զինծառայող սպանելով Բաքուն կարող է որեւէ բան թելադրել Մինսկի խմբի համանախագահ երեք գերտերություններին՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան: Անկասկած է, որ նրանք ղարաբաղյան խնդրում միջնորդական ձեւաչափ կազմել են ոչ թե մարդասիրական նկատառումներից դրդված՝ դա գուցե բաղադրիչներից մեկն է, այլ իրենց աշխարհքաղաքական շահով պայմանավորված: Դա միջազգային հարաբերությունների բնական վիճակն է:

Հետեւաբար, որքան էլ ցավալի կարող է հնչել, ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը այստեղ լուծում են շատ ավելի խորը, համապարփակ եւ լայն խնդիրներ, քան հայ կամ ադրբեջանցի մեկ կամ մի քանի զինվորի կյանքը: Հետեւաբար, միամիտ է կարծել, թե Բաքուն օրինակ կարող է դրանով ազդել նրանց դիրքորոշումների վրա: Ըստ այդմ, քիչ է ռացիոնալությունը, թե Ադրբեջանը սահմանային մարդասպանության դրվագներով փորձում է ազդեցություն ձեռք բերել կարեւոր հանդիպումներից առաջ:

Ադրբեջանն ազդեցության գործիք է դարձրել մարդասպանությունն ընդհանրապես՝ որպես մոտեցում, որպես քաղաքականություն, որպես գործողությունների հաջորդականություն եւ այսպես ասած դիվանագիտական տարր:

Հանդիպումներ տեղի են ունենում պարբերաբար, եւ պարբերաբար տեղի են ունենում նաեւ ցավալի միջադեպերը սահմանին, ադրբեջանական սադրանքները: Դրանք ինչ որ պահերի համընկնում են, ինչ որ պահերի՝ ոչ: Լինում են բազմաթիվ պահեր, երբ ողբերգական դեպքերը տեղի են ունենում առանց որեւէ հանդիպումային «ուղեկցման»:

Անիմաստ է փնտրել Ադրբեջանի սահմանային մարդասպանության կոնկրետ դեպքերի կոնկրետ շարժառիթ: Ադրբեջանը գնալու է դրան՝ հենց որ գտնի հնարավորություն, հենց որ գտնի «անցք» Հայաստանի եւ Արցախի սահմանին, անկախ այն բանից՝ կա՞ նախանշված որեւէ հանդիպում, թե՞ ոչ: Իհարկե, կարող են լինել առանձին դեպքեր, երբ դրվեն առանձնահատուկ խնդիրներ հենց Բաքվից՝ շատ կոնկրետ ժամի, տեղի, գործողությունների առումով:

Բայց չափազանց դժվար է հասկանալ, թե որ դեպքում ինչ շարժառիթի կամ հրամանի հետ գործ ունենք: Փոխարենը հստակ է, որ գործ ունենք տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության հետ:

Այդ առումով միարժեք չէ նաեւ այն, թե Ալիեւը սադրանքի է գնում ներքին տնտեսական խնդիրների պատճառով: Ալիեւը սադրանքի գնում է արդեն տարիներ շարունակ եւ գնացել է նաեւ տնտեսական բավական լավ վիճակում, երբ նավթն ու գազը ունեին բավական բարձր գին եւ Ադրբեջանը չուներ ներքին տնտեսական խնդիր:

Մինսկի խմբի համանախագահ եռյակի մակարդակով զսպվում է այսպես ասած լայն ռազմական գործողությունների ծավալումը, որը կշոշափի արդեն նրանց շահերի շրջանակը, կամ նրանց շրջանում գերակշռող որեւէ տերության կամ բեւեռի շահերի շրջանակը:

Դժվար է, գործնականում անհնար է դեմ դիմաց, խրամատային պատերազմի մակարդակում լիարժեքորեն սահմանափակել Ադրբեջանի մարդասպանության հնարավորությունը, տեխնիկապես դարձնել այն անհնար: Հնարավոր է նվազեցնել՝ ռազմա-տեխնիկական միջոցների շնորհիվ, նաեւ սահմանին մարտական հերթապահության բարձր կարգապահության, որովհետեւ դեպքերի զգալի մասը տեղի է ունենում նաեւ դրա հետեւանքով: Բայց խրամատային դիրքավորման, խրամատային պատերազմի պայմաններում դժբախտաբար հնարավոր չէ լիովին չեզոքացնել սպանելու Ադրբեջանի հնարավորությունը:

Դրան հասնելու ճանապարհը քաղաքականն է: Ընդ որում, խոսքն այստեղ այսպես ասած քաղաքական կարգավորման մասին չէ: Չի լինում եւ չի լինելու քաղաքական կարգավորում, ուզենք, թե ոչ: Կարգավորումը ունի ռազմական ճանապարհ եւ դա տեղի է ունեցել երկու տասնամյակ առաջ: Քաղաքական կարող է լինել այդ կարգավորման ամրագրումը: Ադրբեջանը ներկայում փորձում է մարդասպանությամբ կանխել հենց այդ ամրագրումը:

Ըստ այդմ, մարդասպանությունը կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը կարողանա ուժային կենտրոնների շահը հասցնել խրամատ, այլ կերպ ասած հնարավորինս նեղացնել այդ շահը: Դա իհարկե բարդ խնդիր է, պահանջում է առաջին հերթին ինքնիշխան, ու նաեւ ներքին եւ արտաքին արդյունավետ, համաշխարհային կյանքի միտումներին համարժեք քաղաքականություն բոլոր առումներով եւ ոլորտներում:

Ադրբեջանի խրամատային մարդասպանության քաղաքականությունը միջազգային գործնական հակազդեցություն կարող է ստանալ այն դեպքում միայն, երբ սկսի հակասել աշխարհքաղաքական ուժային կենտրոնների շահին: Այստեղ է կարող է լինել հայկական պետականության ռազմավարական պատասխանի գլխավոր ուղղությունը:

Ամենաընթերցվածը