Դրա՞ համար էին հայկական կուսակցությունները հավաքվել Ստեփանակերտում

    • Մեկնաբանություն - 19 Հունիսի 2017, 19:56
Հրապարակվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երկու թե երեք օր տեւողությամբ համահայկական կուսակցական ֆորումի այսպես կոչված բանաձեւը: Ֆորումը, որ անցկացվում է երրորդ անգամ, նախաձեռնել է ՀՀԿ-ն, եւ դրան մասնակցել են Հայաստանի ու Արցախի գործնականում բոլոր մեծ ու փոքր քաղաքական ուժերը: Բացառությամբ ՀԱԿ-ի, որին կարծես թե հրավիրել են, բայց որը չի մասնակցել: Չեն հրավիրել Համախմբում եւ Ժառանգություն կուսակցություններին:

Մոտ երկու տասնյակ հրավիրված եւ մասնակից կուսակցությունները ֆորումը եզրափակել են բանաձեւով: Դրանում դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են անում լինել հասցեական, ներդնել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը եւ պատասխանատվության ենթարկել նախահարձակ կողմին, արձանագրում են նաեւ պետականության հարցում կուսակցությունների բացառիկ դերը, տնտեսական, քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, նաեւ հայտարարում, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության գրավականը անվտանգության միասնական համակարգն է եւ մասնավորապես հայկական զինուժը:

Թերեւս մի նախադասություն, որը կարող է քիչ թե շատ համարժեք լինել իրականությանը, առավել եւս դատելով կուսակցական ֆորումի բանաձեւի քաղաքական բովանդակությունից, դրա իմաստավորվածությունից, գործնական քաղաքական նշանակությունից:

Եթե հայկական կուսակցությունները կարող են հավաքվել Արցախի մայրաքաղաքում, երեք օր քննարկումներ անել եւ դրա եզրափակումը կարող է լինել այդօրինակ մի բանաձեւ, գրեթե ամենօրյա, առօրեական «պարզունակ ճշմարտությունների» շարադրությամբ, ապա անկասկած անհերքելի եւ աներկբա է, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության միակ երաշխավորը հայկական զինուժն է, որը վերջին տարիներին իր անմիջական մարտավարական եւ ռազմավարական առաքելությունից բացի գործնականում զբաղված է նաեւ Հայաստանի իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական դասի պրակտիկ քաղաքական-դիվանագիտական բացը լրացնելով:

Հիանալի է, որ հայկական կուսակցություններն ամեն տարի, հիմնականում պարտաճանաչորեն հավաքվում են Ստեփանակերտում եւ ֆորում անցկացնում: Արցախն այդօրինակ միջոցառումների կենտրոն դարձնելն իհարկե ունի թե ճանաչողական, թե խորհրդանշական, հոգեբանական զգալի նշանակություն, նպաստում է նաեւ Արցախի տնտեսության ճյուղերից կարեւորներից մեկի՝ զբոսաշրջության խթանմանը: Օրինակ, Արցախում կանցկացվեն նաեւ համահայկական հերթական խաղերը: Ընդհանրապես, թերեւս վատ գաղափար չէ համահայկական բոլոր միջոցառումների կենտրոն դարձնել Արցախը, իհարկե ոչ միայն Ստեփանակերտը կամ Շուշին, այսինքն Արցախն էլ Հայաստանի նման չկենտրոնացնեն միայն մեկ-երկու քաղաքում:

Բայց այդ հավաքները չպետք է լինեն ինքնանպատակ, եւ ամեն հաջորդը թերեւս պետք է իր արդյունքով ավելին լինի նախորդից: Հակառակ դեպքում այդ հավաքները ոչ միայն պրոֆիլային պրակտիկայի առումով են դառնում իմաստազուրկ եւ ապարդյուն, այլ նաեւ իրենց խորհրդանշական եւ ճանաչողական իմաստով: Այդ իմաստը ձեւավորվում է հետաքրքրությունից, իսկ հետաքրքրությունը ձեւավորվում է երկու հիմնական բաղադրիչից՝ կամ պրակտիկ արդյունք, կամ դիտարժանություն՝ տեսարժանություն: Համահայկական խաղերն օրինակ կարող են հետաքրքրություն ունենալ դիտարժանությամբ, իսկ ահա համահայկական կուսակցական ֆորումը՝ օրինակ, հազիվ թե հավակնի լինել դիտարժան կամ տեսարժան, թեեւ կարող է: Բայց դրա հետաքրքրության բուն նյութը պետք է լինի քաղաքական պակտիկ նշանակությունը: Հրապարակվել է բանաձեւ, համահայկական կուսակցական երրորդ ֆորումի:

Դրա՞ համար էին կուսակցությունները հավաքվել Ստեփանակերտում: Այդ նույն բանաձեւը հնարավոր էր առանձին ելույթների, հարցազրույցների, կուսակցական հայտարարություններին ձեւով ապահովել Երեւանից: Ընդ որում, ապահովել ամեն օր: Դա մի բանաձեւ է, որը պետք է լինի այսպես ասած նվազագույն հիմքում, մտքում, այսինքն դա շնչելու պես մի բանաձեւ է, որը համահայկական կուսակցական ֆորում հնչեղ անվան համեմատ գործնականում ոչինչ է:

Եվ առավել եւս ոչինչ է, եթե այն պատկանում է մի ֆորումի, որի անցկացումը ողբերգականորեն համընկավ արցախ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական հերթական սադրանքի հետ, որը խլեց Հայաստանի ու Արցախի անվտանգության գործնական երաշխավորություն հանդիսացող զինուժի երեք զինծառայողի կյանք, իսկ եւս մի զինվոր էլ զոհվեց հունիսի 17-ի առավոտյան հյուսիային ուղղությամբ ադրբեջանցիների հրազենային կրակոցից: Ադրբեջանի այդ հանդուգն քայլին Հայաստանի կուսակցություններն իրենց շնչառական բանաձեւով իհարկե տվեցին ահեղ պատասխան:

Իսկ ի՞նչ անեին, կհարցնեն շատերը: Անեին Բաքուն գրավելու կո՞չ, Քուռ-Արաքսի աջ ափ դուրս գալու հայտարարությո՞ւն, թե՞ հնչեցնեին Ադրբեջանը ջնջելու սպառնալիք: Ամենեւին: Մի անիմաստությունից մյուսն ընկնելու անհրաժեշտություն ամենեւին չկա:

Քաղաքական ուժերը հրապարակը, օրակարգը քաղաքական բովանդակությամբ լցնելու համար են: Առավել եւս, որ ներկայում կա հենց դրա անհրաժեշտություն, հետապրիլյան իրավիճակում Արցախի խնդրի շուրջ քաղաքական մթնոլորտն ու իրականությունը փոխելու համար, որի հնարավորությունը մեկ տարի առաջ ծանր կորստի գնով տվեց հայկական զինուժը:

Քաղաքական բովանդակություն նշանակում է Արցախի խնդրում թե Ադրբեջանի, թե առավել եւս միջնորդ տերությունների եւ հետաքրքրված, անուղղակի ներգրավված ուժային կենտրոնների, նույնիսկ հարեւան Վրաստանի հետ հարաբերության նոր շեշտադրումներ, ռազմավարություն, հայեցակարգ, որը առաջին հերթին պետք է ներառի Արցախի խնդրի վերաբերյալ Հայաստանի հասարակության վերաբերմունքի կոնցեպտուալ փոփոխություն կամ ավելի շուտ՝ ձեւավորում, այն համատեքստում, թե ընդհանրապես ինչ է այդ խնդիրը հայկական պետականության համար կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որ դա ոչ թե բեռ է, որից պետք է ազատվել՝ պարզապես ազատվելու տարբերակները քննարկելով, այլ ռեսուրս, պետականության վկայական, միջազգային նշանակության հարցեր լուծելու կարողության հավաստագիր:

Թեեւ, եթե հայկական կուսակցությունները, քաղաքական դասը լինեին այդ հարցերը սպասարկելու ունակ, ունենային Արցախի խնդրի վերաբերյալ խորքային պատկերացումներ ու ռազմավարություն, ապա թե Հայաստանում, թե Արցախի խնդրում կլիներ բոլորովին այլ քաղաքական իրավիճակ, բոլորովին այլ պատկերով:

Բայդ այդ խորքային պատկերացումների ու ռազմավարության համար էլ կուսակցությունները պետք է լինեն իրապես քաղաքական միավորներ, ոչ թե քաղաքական համակարգի ցուցանակներ, որոնց խնդիրը իշխանության այս կամ այն սցենարում տեղ եւ դեր ստանալն ու այն պահպանելն է՝ անմիջապես տվյալ իշխանությունից, կամ աշխարհաքաղաքական որեւէ ուժային կենտրոնից, հայաստանյան իրավիճակից ելնելով՝ գլխավորապես Ռուսաստանից:

Հայկական քաղաքական կուսակցությունները գործնականում չեն դրել եւ չեն դնում ավելի նպատակ, փորձելով այդ աննպատակությունը քողարկել այն պարզունակ հայտարարություններով, թե մինչեւ կարգի չբերվեն երկրի ներքին գործերը, ներքին վիճակը, հնարավոր չէ խոսել արդյունավետ արտաքին քաղաքականության մասին, արտաքին քաղաքականության ասպարեզում որակական փոփոխության մասին:

Այդ «նշանաբանով» հայկական քաղաքական ուժերը գործնականում հրաժարվում են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում կոնկրետ պատասխանատվությունից, այդպիսով գործնականում ճանաչելով իշխանության մենաշնորհը այդ հարցում: Դա է նաեւ պատճառը, որ արտաքին քաղաքականության, աշխարհքաղաքականության առումով Հայաստանը գործնականում չունի հոդաբաշխ ու պատասխանատու ընդդիմություն, ինչի հետեւանքը հանդիսացավ նաեւ Հայաստանի անդեմ եվրասիականացումն ու ապրիլյան պատերազմի քայլ առ քայլ հասունացումը:

Ամենաընթերցվածը