Որոշումը կայացվե՞լ է

    • Մեկնաբանություն - 19 Հունիսի 2017, 19:02
Կառավարությունը հավանություն է տվել եւ խորհրդարան ուղարկել Հայաստանի 2017-2022 թվականների կայուն զարգացման ծրագիրը, որը նախատեսում է լայնամասշտաբ բարեփոխումներ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ ծրագրում նշված են արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում կառավարության հրամայականները եւ տեսլականը, որոնք խորացնում են կապը ազատ ու անկախ Հայաստանի ու Արցախի միջեւ եւ Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական:

Այս շաբաթ խորհրդարանը կքննարկի ծրագիրը, եւ կասկած չկա, որ խորհրդարանական մեծամասնությունն ի դեմս ՀՀԿ-ի հավանություն կտա դրան: Մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն վարչապետի հայտարարությունն այն մասին, որ տնտեսական զարգացման գրավական է դիտարկվում անվտանգությունը, խոսում է Հայաստանի տնտեսության կառուցվածքի նախապատրաստվող փոփոխության, ավելի ճիշտ՝ նոր Սահմանադրությանը դրա «հարմարեցման» մասին:

Սերժ Սարգսյանը «ազգ-բանակ» հայեցակարգի մասին հայտարարել է դեռ անցյալ տարի, եւ այդ ուղղությամբ արդեն համապատասխան քայլեր են ձեռնարկվել: Օրինակ, ստեղծվել է զինծառայողների սոցիալական աջակցության հիմնադրամ, որին Հայաստանի աշխատող քաղաքացիներն ամսական 1000 դրամ են փոխանցում: Այժմ քննարկվում են Պաշտպանության նախարարության եւս երկու նախաձեռնություններ, որոնց համաձայն կարող է ներդրվել սոցիալական եւ այլ երաշխիքների դիմաց առաջնագծում պայմանագրային զինծառայության ինստիտուտ, ինչպես նաեւ ուսանողների ռազմական ուսուցում եւ սպայական պաշտոններում ծառայություն՝ վարկավորմամբ: Դա բավական մեծ ֆինանսական ծախսեր է նախատեսում:

Խոսվում է նաեւ ռազմարդյունաբերությունը զարգացնելու եւ ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկությունների միավորման մասին: Կառավարությունը միջոցներ է հատկացնելու նաեւ ՌԱՀ-բարձր տեխնոլոգիաներ կապի զարգացման համար:

Պատերազմող երկրի համար դա անկասկած անհրաժեշտություն է, սակայն հարկ է նշել, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը փաստացի կփոխվի եւ կդրվի ռազմական ռելսերի վրա: Դա ենթադրում է նաեւ ֆինանսների այլ տեսակի կառավարում եւ որոշումների կայացման այլ մեխանիզմ:

Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն է միջոցների բաշխման ու տնտեսական պլանավորման վերաբերյալ որոշումներ կայացնում, սակայն «ազգ-բանակ» հայեցակարգը ենթադրում է զսպման ու վերահսկողության այլ մեխանիզմներ: Հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության խորհրդի մասին նոր օրենք է պատրաստվում, որը, Սահմանադրության համաձայն, ոչ միայն սահմանադրական, այլ նաեւ որոշումներ կայացնող մարմին է լինելու:

Եթե Խորհուրդը լայն լիազորություններ ստանա, ապա «ազգ-բանակի» պայմաններում կարող է յուրատեսակ «զուգահեռ կառավարություն» դառնալ, որը միգուցե նույնիսկ ավելի լիազորված մարմին կլինի, քան կառավարությունը: Առավել եւս, որ դեռ չի որոշվել, թե ով է ի պաշտոնե լինելու Անվտանգության խորհրդի քարտուղարը: Հնարավոր է, դա լինի մասնավոր անձ, առանց պաշտոնի:

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր համար պատրաստում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Դա նրան թույլ կտա կառավարության ծրագրի պայմաններում, որը կառուցված է անվտանգության վրա, ազդել թե տնտեսական զարգացման, թե բաշխման, թե ծախսերի վրա: 

Ամենաընթերցվածը