Սերժ Սարգսյանի «արաբական ձիով» քայլը. ինչ կա նրա ուղերձում

    • Մեկնաբանություն - 19 Հունիսի 2017, 12:09
Հունիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը կարճատեւ այցով եղել է Կատարում, հանդիպել այդ երկրի արտգործնախարարին եւ փոխանցել Սերժ Սարգսյանի ուղերձը:

Նալբանդյանի այցն ուշագրավ է ոչ այնքան Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին,- դժվար է պատկերացնել, որ Հայաստանն այդտեղ ունի որեւէ անելիք,- որքան Սերժ Սարգսյանի մի քանի շաբաթ առաջ Կատար կատարած այցի ֆոնին: Սերժ Սարգսյանը Կատարում էր մինչեւ արաբական մի շարք երկրների դեմարշը Կատարի դեմ:

Նալբանդյանի այցի ուշադրության արժանի մյուս հանգամանքն այն է, որ դա տեղի է ունենում արցախ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքի ֆոնին, երբ հրադադարի խախտման, նռնականետով հարվածի հետեւանքով զոհվել է հայկական զինուժի երեք զինծառայող: Դա տեղի է ունեցել հունիսի 16-ի երեկոյան, իսկ հունիսի 17-ի առավոտյան էլ տեղեկություն ստացվեց, որ հայկական զինուժի մեկ զինծառայող է սպանվել հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրազենային կրակոցից:

Կարո՞ղ էր սահմանին Ադրբեջանի այդ սադրանքի հետ կապ ունենալ Նալբանդյանի կարճատեւ եւ ըստ ամենայնի չպլանավորված այցը Կատար: Այո, եթե Կատարը կապ ունի Ադրբեջանի քաղաքականության եւ պահվածքի հետ:

Իհարկե, ամենեւին բացառված չէ, որ Նալբանդյանի կարճատեւ այցը եղել է պլանավորված եւ Կատար այցելության ընթացքում Սերժ Սարգսյանը այդ երկրի ղեկավարի հետ պայմանավորվել է մի բան, որի վերաբերյալ մի քանի շաբաթ անց արտգործնախարարները պետք է «ճշտեին սլաքները» եւ անկախ սահմանային իրավիճակից, այցը տեղի էր ունենալու:

Բայց համենայն դեպս ուշագրավ է հունիսի 16-17-ի սահմանային ողբերգական իրադարձությունն ու հունիսի 18-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կարճատեւ այցը Կատար՝ Սերժ Սարգսյանի ուղերձով: Չի բացառվում, որ իբրեւ «զուգահեռ ֆոն» դիտարկման է արժանի նաեւ թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջեւանում եւ Ադրբեջանում մեկնարկելիք լայնածավալ զորավարժությունը:

Ի՞նչ ուղերձ է հղել Սարգսյանը Կատարի Էմիրին:

Կատարը, չնայած արաբական երկրների հետ հարաբերության ճգնաժամին, անկասկած շարունակում է մնալ արաբական, իսլամական աշխարհի ազդեցիկ պետություններից մեկը: Միաժամանակ հետաքրքիր է, որ Կատարի շուրջ ճգնաժամում բավական աշխույժ պահվածք դրսեւորեց Թուրքիան, ընդգծված աջակցելով Կատարին եւ հայտարարելով այդ երկրում ռազմական ստորաբաժանում, ընդհուպ հարվածային ավիացիա տեղակայելու մտադրության մասին: Կարո՞ղ է պաշտոնական Դոհան իր վրա որեւէ հանձնառություն վերցնել Կովկասում, մասնավորապես Հայաստանի եւ Արցախի հարցում Թուրքիայի պահվածքի վերաբերյալ:

Միաժամանակ, Կատարի հարցում ուշագրավ էր Վաշինգտոնի պահվածքը, որը նույնպես ունի ռազմական ներկայություն այդ երկրում: Վաշինգտոնը բավական չափավոր, բայց կոչ արեց չսրել իրավիճակը Կատարի շուրջ եւ գտնել հանգուցալուծում: Ռուսաստանը Մոսկվայում ընդունելով Կատարի արտգործնախարարին, հայտարարեց, որ սկզբունքորեն չի միջամտի Կատարի շուրջ ճգնաժամին, քանի որ սկզբունքորեն չեն միջամտում որեւէ երկրի թե ներքին գործերին, թե երկկողմ հարաբերություններին: Իհարկե, Մոսկվան հանդես եկավ խնդրի դիվանագիտական եւ արագ կարգավորման կոչով:

Ընդ որում, Հայաստան-Կատար հարաբերության հարցում կա ուշադրության արժանի մեկ այլ նրբերանգ: Սերժ Սարգսյանը Կատար այց կատարեց այն ժամանակ, երբ Պեկինում էին հավաքվել մոտ 3 տասնյակ երկրների ղեկավարներ, Չինաստանի Մեծ Մետաքսի ճանապարհ ծրագրի շուրջ քննարկումների համար: Պեկինի այդ հավաքին ներկա էր Եվրասիական ամբողջ «բոմոնդը»՝ ԵՏՄ բոլոր անդամների ղեկավարները, բացառությամբ հենց Սերժ Սարգսյանի:

Սարգսյանը մի քանի օր առաջ նախագահի նստավայրում կազմակերպած խորհրդացությանն անդրադարձավ Չինաստանի հետ հարաբերությանը, կարծես թե ընդգծված կերպով փորձելով առանձնացնել Հայաստանը եվրասիական «արեալից»: Այդ ֆոնին առավել ուշագրավ է դառնում, որ Մոսկվան ընդունելով Կատարի արտգործնախարարին, հրապարակավ զերծ մնաց Կատարի շուրջ զարգացումներին խառնվելուց, փաստացի հայտարարելով, որ մտադիր չէ մտնել այդ խաղի մեջ եւ դա իր խաղը չէ: Չի բացառվում, որ Ռուսաստանն ու Կատարը ինչ որ բան չպայմանավորվեցին, եւ Մոսկվան հայտարարեց «սկզբունքային չեզոքության» մասին:

Այդ համատեքստը առավել ուշագրավ երանգ է ալիս Երեւան-Դոհա շփումներին: Ի՞նչ խաղի մաս են այդ շփումները:

Նալբանդյանի Դոհա կատարած այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ «զրուցակիցները քննարկեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը»:

Պաշտոնական հաղորդագրությունները սովորաբար որքան այդօրինակ շփումների մասին տեղեկատվության, նույնքան էլ գործնականում իրական բովանդակությունը քողարկող տեքստեր են: Պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկումը մի կողմից բնական է՝ իսկ ուրիշ ի՞նչ պետք է տեղ գտնի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մյուս կողմից, այդօրինակ ձեւակերպումները կարող են նաեւ պարունակել որոշակի քողարկիչ մեսիջներ: Օրինակ, այն մասին, որ եղել է ձեռք բերած որեւէ պայմանավորվածության խախտում, եւ Երեւանն ասենք ունեցել է Դոհայի հետ զրույցի անհրաժեշտություն:

Ըստ այդմ հետաքրքիր է, արդյոք պայմանավորվածությունն առնչվել է այնպիսի հարցերի, որոնք կարող էին ճյուղավորվել ընդհուպ ղարաբաղյան խնդրում առկա իրավիճակ: Հնարավոր է, որ իրավիճակն է թելադրել որոշակի շտկումներ Երեւան-Դոհա պայմանավորվածություններում կամ այսպես ասած դրանց ամբողջացման հետագա քայլեր:

Ամենաընթերցվածը