Պատերազմի նախապատրաստություն. ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Ղարաբաղում հանգուցալուծման են գնում

    • Մեկնաբանություն - 18 Հունիսի 2017, 22:19
Բազմատարբերակ քաղաքականությունը շատ բարդ ու բազմակողմ աշխատանք է, ներկայիս ռազմական ու քաղաքական ռազմավարություններն անհնար են առանց զանազան տարբերակների մշակման, որոնք պակաս նշանակություն չունեն, քան ընդհանուր, գլխավոր գաղափարը:

Ներկայի միջազգային պայմանները, երբ ռազմավարություններն ինքնըստինքյան շատ կասկածելի են դարձել, ծագել են գործոններ, որոնք հանգեցրել են ռազմավարությունների պակասի կամ ռազմավարությունների՝ որպես այդպիսին, բացակայության: Այս կապակցությամբ, Հարավային Կովկասի հանդեպ ուժի համաշխարհային կենտրոնների ռազմավարությունները չի կարելի դիտարկել որպես դետերմինացված ու երկարաժամկետ հայեցակարգեր:

Պատերազմական ժամանակաշրջանի սկիզբը, այսինքն՝ ռազմական գործողությունների անմիջական նախապատրաստության սկզբնական փուլը, այնպիսի իրավիճակներ կստեղծեն, որոնք ռազմավարությունների տարբերակների վերանայման կհանգեցնեն:

Սիրիայի իրադարձությունները դասական են արտաքին խաղացողների, սցենարների հերթականությամբ կիրառման առումով՝ կախված արդեն ստեղծված հանգամանքներից: Այժմ հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ն իրադարձությունների ամենասկզբից էլ գործողությունների մշակված ծրագիր չի ունեցել: Ներկայում ծրագիր արդեն կա եւ այն իրագործվում է, սակայն ակնհայտ է, որ դեռ բազմիցս հարկ կլինի փոխել մտադրություններն ու գործողությունները:

Կարելի է ենթադրել, որ պատերազմական ժամանակահատվածն արդեն սկսվել է, եւ այն կարող է վերաճել կամ էլ չհանգեցնել ռազմական գործողությունների: Այդ պատճառով, հենց հիմա է անհրաժեշտ ուշադիր դիտարկել առաջատար տերությունների դիրքորոշումները, քանի որ տարածաշրջանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվում արտաքին շահագրգիռ կողմերի դիրքորոշումներին ու շահերին:

Նրանց դիրքորոշումներն ու շահերը դեռ ըմբռնվում ու հաշվարկվում են՝ նկատի ունենալով ժամանակի, ներկայության ու արձագանքների չափանիշները: Սակայն շատ շուտով բոլոր հաշվարկներն ու ըմբռնումները կարող են հնացած ու ոչ համարժեք լինել:

Հնարավոր է, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ավելի շահագրգռված լինեն սպառնալիքների մեծացման ու ռազմական գործողությունների վերսկսման հարցում: Իհարկե, տարբեր պատճառներով: Թերեւս, միայն Ֆրանսիան ու նրա ներկայացրած Եվրոպան շարունակելու են ցանկացած սցենարի դեպքում շահագրգռված չլինել ռազմական գործողություններում:

Իհարկե, դրանով հանդերձ, ամեն ինչ կախված է լինելու սկսվող էսկալացիան կանխելու կամ էլ կանգնեցնելու առաջատար տերությունների ունակությունից: Առայժմ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը, ոչ միջազգային հանրությունը ոչ մի քայլ չեն արել ռազմական էսկալացիայի ու պատերազմի սպառնալիքի սահմանափակման համար:

Արդյոք դրանից հետեւում է, որ ուժի երկու համաշխարհային կենտրոնները եւ շատ այլ շահագրգիռ կողմեր հնարավոր են համարում պատերազմը որպես Հարավային Կովկասում ձեւավորված փակուղային աշխարհքաղաքական իրավիճակի հանգուցալուծման միջոց:

Հարց է ծագում, թե ռազմական գործողությունների տեսանկյունից հակամարտության կողմերից որ մեկն է առավել բարենպաստ վիճակում՝ Հայաստանը, թե Ադրբեջանը, բնականաբար, հաշվի առնելով տարածաշրջանում այս կամ այն խաղացողների ներկայությունը կամ բացակայությունը, որոնք նպաստում են Թուրքիայի շահերի ծավալմանը կամ ազատության աստիճանի սահմանափակմանը:

Հասկանալի է, որ հենց դա է դառնում վճռորոշ գործոն այն սցենարում, որտեղ պատերազմը մասշտաբային բնույթ կստանա: Այստեղից էլ բխում է, թե հակամարտության որ կողմն է շահագրգռված մշտական ռազմական գործողություններում: Եվ որպես այս սցենարների ֆոնին երկրորդական խնդիր՝ ում է ավելի անհրաժեշտ Մինսկի խումբը որպես բանակցությունների ձեւաչափ:

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը որքան ասես կարող է ակնարկել ու հայտարարել Մինսկի խմբի անիմաստության մասին: Հայաստանում այդ հայտարարություններին ուշադրություն կարող են դարձնել միայն շատ սահմանափակ «ուսյալները», որոնք շատ հեռու են վերլուծական փորձից ու իրական ինտելեկտից:

Գլոբալիզացիան համաշխարհային ազդեցության եւ տարբեր էքսպանսիոնիստական ուժերի դիմակայելու միջոց է: Գլոբալացման քաղաքականությունից ԱՄՆ հրաժարվելը կնշանակեր հրաժարում արտաքին քաղաքականությունից: Դրա օրինակ կարող է ծառայել առաջատար եվրոպական պետությունների արտաքին քաղաքականությունը, որոնք հրաժարվել են գլոբալ քաղաքականությունից եւ զբաղված են բացառապես եվրոպական եւ մասամբ էլ տարածաշրջանային քաղաքականությամբ:

Չինաստանը, չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին քաղաքական հավակնություններին, այդպես էլ չի կարողացել անցնել շեմը եւ տեղ զբաղեցնել համաշխարհային գլոբալիզացիայում: Արտաքին աշխարհի վրա իր քաղաքականությունը տարածելու Ռուսաստանի փորձերը ծիծաղելի են: Իսլամական պետություններն անհամարժեք են համաշխարհային քաղաքականությունում: Բազմաթիվ երկրներ ու փորձագետներ սխալ են թույլ տալիս՝ հայտարարելով, որ համաշխարհային քաղաքականությունում ԱՄՆ նշանակությունն ու դերը աղետալի նվազել են: Խնդիրն այն է, որ ԱՄՆ դերը համաշխարհային քաղաքականությունում բարձրացել է:

Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավարտում է գլոբալիզացիայի քաղաքականությունը, այդ թվում՝ այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքը, Հեռավոր Արեւելքը, Լատինական Ամերիկան: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շտապել է աջակցել նրան այս հարցում:

Իհարկե, ԱՄՆ-ում կարելի է հանդիպել շատ փորձագետների, որոնք ձգտում են գլոբալիզացիայի ավարտին: ԱՄՆ առաջատար վերլուծական կենտրոններում այսպիսի գնահատականներ կարելի է լսել ՆԱՏՕ-ի վերաբերյալ: Ընդ որում, որքան ուժեղ են գլոբալիզացիան սահմանափակելու մտադրությունները, այնքան ավելի կոշտ է այդ քաղաքականությունը:

Ռուսաստանը հաջողությամբ անցել է իր ազգային գլոբալիզմի լիակատար դեֆլյացիայի փուլը եւ կանգնել գլոբալ քաղաքականությանը հրաժեշտ տալու փուլի առաջ: Այդպիսի Ռուսաստանը գործընկերների, առավել եւս քաղաքականության կարիք չունի: Ռուսաստանի համար շատ կարեւոր է գործընկերներից բաժանվելը եւ դա փորձում է անել զգույշ ու վստահ:

ԱՄՆ-ն իր զարգացման նոր փուլ է մտել, երբ տեղի է ունենում նոր գործընկերների ու դաշնակիցների վերագնահատում: Տեղի է ունենում նոր գործընկերների վերանայում, ազդեցության նոր գործոնների ձեռքբերում:

Տարբեր պետություններ գլոբալիզացիայի դեմ պայքարն օգտագործել են որպես ԱՄՆ կամ էլ ԱՄՆ քաղաքականության դեմ պայքարի մեթոդ: Իրականում տեղի է ունեցել պայքար սեփական մարգինալ դրության դեմ:

Այժմ լավ կլիներ հիշել մեր ժողովրդի ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանին եւ նորովի իմաստավորել նրա խոսքերը, որոնք ասվել են Շահումյանի շրջանում ծանր օրերին. «Քաղաքականութան մեծագույն ձեռքբերումը հակառակորդին ստիպելն է գործել քո ծրագրերով ու սցենարներով», «Ռազմավարությունը ապատեղեկատվության միջոց է», «Պատերազմին պատրաստ ազգի ինտելեկտը ունակ է կատարելու ցանկացած քաղաքական ու սոցիալական խնդիր»:

Ամենաընթերցվածը