Սերժ Սարգսյանի արձագանքը Ադրբեջանի ագրեսիային

    • Մեկնաբանություն - 17 Հունիսի 2017, 19:53
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՏՏ ոլորտի երկու ընկերություն, որոնք բավական նշանակալի գործունեություն են ծավալում: Երեւանյան գրասենյակներում նա ծանոթացել է այդ ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:

Այցն իհարկե ծրագրված էր նախապես, եւ պարզապես համընկել է երեկ Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծությանը, որի հետեւանքով զոհվել են հայ զինծառայողներ: Սակայն այդ համընկնումն իր մեջ խորհրդանշական իմաստ է ստացել:

Պատերազմներն իրենց ընդգրկումով միայն ռազմական գործողությունները չեն, այլեւ հանրային-պետական կյանքի բոլոր ոլորտները: Դրանց դինամիկ զարգացումը, բազմազան, բարդ կառուցվածքների ստեղծումը, աշխատանքի, արարման համար բարենպաստ միջավայրի, անհատի դրսեւորման համար պայմանների ձեւավորումը այն հենքն են, որոնք որոշում են անվտանգության, դիմադրունակության աստիճանը:

Այդ պարագայում հանրությունները դառնում են պատերազմին լիովին պատրաստ, ինչը նվազեցնում է դրա հավանականությունը:

Սերժ Սարգսյանը հաճախ մեջբերում է Լեոնիդ Ազգալդյանին, եւ արժե հիշել նրա խոսքերից մեկը՝ պատերազմի պատրաստ ազգի ինտելեկտն ընդունակ է լուծել ցանկացած քաղաքական ու սոցիալական խնդիր:

Հայաստանը Ղարաբաղյան պատերազմից ի վեր, այդ թվում հատկապես ինտենսիվ՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, մսխել է այս ռեսուրսն ու հնարավորությունը, ինչին էլ ուղիղ համեմատական աճել է Ադրբեջանի ագրեսիան ու սանձարձակությունը: Բանակն ու սպառազինությունն իրենց հերթին, իրականում խնդիրների այս ողջ համալիրն է դարձել ներկայիս իրավիճակի հիմքը:

Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգը մակաբուծել է այդ ռեսուրսի վրա եւ այն շուռ տվել հանրության դեմ՝ իր դիրքերը պահպանելու համար, գնալով լիովին հակառակ գործընթացի՝ դեգրադացնելով ու պարզունակացնելով հանրային-պետական ինստիտուտներն ու կառույցները:

Ադրբեջանի քաղաքականությունը եւ ամենաթողությունը, որը մերոնք փորձում են «վիճարկել» միջազգային ատյաններում, Հայաստանի իշխանության պահվածքի ու գործունեության հետեւանքն է:

Այսքան զրկանքներից ու նվաստացումներից հետո սակայն ազգը դեռ պատրաստ է պատերազմի, այսինքն՝ չի կորցրել իր ինտելեկտուալ եւ այլ հատկանիշները, եւ դա ցույց տվեց ապրիլյան ռազմագործողությունների օրերին, երբ ինքնակազմակերպվել ու մի կողմ էր նետել այն ամենը, ինչ նրան պարտադրվել էր այս տարիներին: Եվ լուծեց համենայնդեպս քաղաքական մի հարց՝ ղարաբաղյան գործընթացը դուրս բերեց հայկական կողմի համար տարիների բարդ ու փակուղային վիճակից:

Հայաստանում այս տեսակետից յուրահատուկ իրավիճակն է՝ կա պատերազմի պատրաստ ազգ ու բանակ, եւ կա տնտեսա-քաղաքական մի համակարգ, որը համարժեք չէ այս հանգամանքին, ավելին՝ սպառնալիք է: Այսինքն, իշխանության անգործությունն ու անկարողությունը կրկնակի հանցավոր է դառնում:

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը չի խոսել երեկվա միջադեպի մասին, բայց այցելել է ՏՏ ոլորտի ընկերություններ: Հենց այնպե՞ս, ծանոթանալու համա՞ր, ինչպես իր բոլոր նման այցերը, թե՞ գիտակցում է Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի արդիականացման անհրաժեշտությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանի արդիականացումն ու վերափոխումը հակացուցված են նրա գլխավորած տնտեսա-քաղաքական համակարգին:

Ամենաընթերցվածը