Ադրբեջանին հայկական պատասխան հարվածի ուղղությունը

    • Մեկնաբանություն - 17 Հունիսի 2017, 14:04
Հունիսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարը եւ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, հակատանկային նռնականետով հավածել են կենտրոնական գոտու զորամասերից մեկի պահպանության տեղամասին: Դրա հետեւանքով զոհվել է հայկական զինուժի երեք զինծառայող: Ողբերգական այդ տեղեկությունից ընդամենը մի քանի ժամ անց, հունիսի 17-ի առավոտյան տեղեկություն ստացվեց հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կրակոցի հետեւանքով հայկական կողմից զինծառայող կորստի մասին:

Չորս զոհ երկու օրում՝ հունիսի 16-17: Ողբերգական այդ տեղեկությունները տխուր խորհրդանշականությամբ համընկան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում  հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի մեկնարկի հետ: ՀՀԿ նախաձեռնած այդ հավաքն արդեն երրորդ անգամ անցնում է Ստեփանակերտում եւ այն մեկնարկել է հունիսի 16-ին:

Մասնակցում է Հայաստանի եւ Արցախի մոտ երկու տասնյակ կուսակցություն: Ի՞նչ կարող են անել հայկական կուսակցություններն Արցախի խնդրի համար, նաեւ առաջնագծում անվտանգության եւ կայունության համար: Առաջին հայացքից կուսակցություններն առաջնագծի համար չեն, առաջնագծի համար բանակն է, դրա ռազմա-տեխնիկական արդիականությունն ու մարտական պատրաստությունը, կարգապահությունը:

Բայց, առաջնագծում տեղի ունեցողը, հրադադարի խախտումները, Ադրբեջանի սադրանքները, Բաքվի սահմանային մարդասպանությունը ռազմա-տեխնիկական կամ քրեական խնդիր չէ միայն, այլ առաջին հերթին քաղաքական:

Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքից հետո հայկական կողմում փորձագետները, հանրությունը, լրատվամիջոցները փորձում են քննարկել, թե ի՞նչն էր հերթական սադրանքի պատճառ: Պատճառներ, վարկածներ գտնվում են՝ ինչ որ նշանակալից հանդիպումից առաջ կամ հետո, ինչ որ ներքին խնդիրներ Ադրբեջանում, ինչ որ աշխարհաքաղաքական զարգացում, որից փորձում է օգտվել Ալիեւը եւ այլն:

Սակայն անկասկած է, որ առաջնագծում ադրբեջանական սադրանքները կամ պարզապես մարդասպանությունը լոկալ որոշումներ կամ պահի թելադրանք չեն, դրանք քաղաքականություն են, որ Բաքուն իրականացնում է արդեն տարիներ շարունակ, անգամ ապրիլի պատերազմից հետո իր համար առաջացած փակուղում: Ավելին, մարդասպանությունն այդ փակուղում Բաքվի համար մնացել է միակ անելիքը:

Ադրբեջանական սադրանքներն ու մարդասպանությունը ստանում են համարժեք պատասխան: Արցախի ՊԲ-ն հերթական անգամ հայտարարել է, որ անցնող օրերին հայկական զոհերի համար պատասխանը լինելու է թիրախային եւ ասիմետրիկ: Կասկած չկա, որ հայկական զինուժը կլուծի այդ խնդիրը:

Միաժամանակ աներկբա է, որ ռազմական պատասխանը չի կասեցնելու մարդասպանությունը, առավել եւս, որ Ալիեւի համար որեւէ գին կամ արժեք չունի ադրբեջանցի որեւէ զինծառայողի կյանք: Ալիեւը կարող է կորցնել մեկ հայ զինվորի դիմաց թեկուզ տասը, որովհետեւ նա մարդասպանությամբ լուծում է ավելի լայն քաղաքական խնդիր:

Իսկ գրոհել եւ վերջնականապես լռեցնել Ադրբեջանին, որքան էլ գայթակղիչ է, այդուհանդերձ մեղմ ասած ռացիոնալության տեսանկյունից կասկածելի է, քանի որ հայկական զինուժի ամբողջ մարտունակությամբ հանդերձ՝ աններելի է թերագնահատել հակառակորդին:

Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը օրերս Lragir.am-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ հայկական կողմը ծրագրավորել է Ադրբեջանի մի քանի կետ, ուր պետք է հասցվեն հարվածներ լայնամասշտաբ ռազմական գործողության դեպքում: Ըստ Կոմանդոսի, այդ հարվածներն ուղղակի աղետալի կլինեն Ադրբեջանի համար:

Ադրբեջանը սակայն չի գնա լայնամասշտաբ ռազմական գործողության, մի շարք պատճառներով: Բաքուն մնալու է «լոկալ մարդասպանության» քաղաքականության տիրույթում:

Ըստ այդմ, անկասկած ունենալով ռազմական հարվածի պատրաստ թիրախները, հայկական կողմին այդուհանդերձ անհրաժեշտ է հարվածի մեկ այլ, ոչ պակաս կարեւոր՝ քաղաքական ուղղությունը: Այդ տեսանկյունից է, որ Արցախում հայկական կուսակցությունների ֆորումի մեկնարկը տխուր խորհրդանշականությամբ համընկավ սահմանին ողբերգական իրադարձության հետ:

Ինչու՞ են հավաքվել հայկական կուսակցությունները Ստեփանակերտում: Իսկ ի՞նչ են արել նրանք մինչեւ Ստեփանակերտում հավաքվելը որպես կուսակցություն, ընդհանրապես անցնող երկու տասնամյակի ընթացքում, նայած, թե ով երբ է ստեղծվել: Ո՞րն է Արցախի խնդրի նրանց հայեցակարգը, ռազմավարական տեսլականը, ինչո՞վ է այն տարբերվում մինչ այժմ այսպես ասած բանակցության սեղանին եղած եւ գործնականում հենց փակուղի ստեղծած մոտեցումներից:

Հայկական քաղաքական դասն իր գերակշիռ մեծամասնությամբ՝ իշխանություն, չիշխանություն, ընդիմություն թե այլընտրանք, խոշոր հաշվով միայն մակաբուծել է Արցախի խնդրի վրա՝ ներքաղաքական տարբեր նպատակներով եւ դրանց համար արտաքին հավանություն ստանալու հաշվարկներով:

Հայաստանի քաղաքական դասը կոնցեպտուալ, շրջադարձային որեւէ ռազմավարություն չի ներկայացրել անգամ ապրիլի պատերազմից հետո: Այդ քաղաքական դասից միայն Հայ ազգային կոնգրեսը Արցախի խնդիրը դարձրեց ընտրական օրակարգի առաջնահերթություն, անկախ Կոնգրեսի մոտեցման զուտ բովանդակային մասի հանդեպ վերաբերմունքից:

Հիմա Ստեփանակերտում հավաքվել են, որ ի՞նչ անեն, իհարկե լուսանկարվելուց եւ արցախասիրական հուզական գրառումներից բացի: Արցախի համար հայկական քաղաքական կուսակցությունների անելիքը կուսակցական «ուղեղային կենտրոններում» է, եթե իհարկե կան այդպիսիք:

Ադրբեջանին ռազմական ասիմետրիկ պատասխանների փոխարեն պետք է տրվեն քաղաքական ասիմետրիկ պատասխաններ, աշխարհքաղաքական: Իսկ դա ներառում է ռազմավարական լուծումներ թե հենց Արցախի խնդրի, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մասով, ինչը ենթադրում է նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում դրա վերաբերյալ կոնցեպտուալ, գաղափարական բանավեճի առկայություն: Դրա շնորհիվ կարող է Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ հասնել քաղաքակրթական այնպիսի դիրքային առավելության, որը կտա արդեն Ադրբեջանին թիրախային քաղաքական դիպուկ հարվածներ հասցնելու հնարավորություն: Այդ դեպքում կարող է Ալիեւը ստիպված լինել հրաժարվել մարդասպանությամբ խնդիր լուծելու քաղաքականությունից:

Ամենաընթերցվածը