Ինչո՞ւ հանկարծ «պայթեց» իշխանությունը

    • Մեկնաբանություն - 16 Հունիսի 2017, 15:58
Հայաստանում Եվրամիության դեսպան Սվիտալսկին հայտարարել է, որ ԿԸՀ-ի աշխատանքն արդյունավետ է, սակայն ոչ արժանահավատ, եւ հորդորել էր քայլեր ձեռնարկել ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու ուղղությամբ: Դրան անմիջապես արձագանքել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Սվիտալսկու հայտարարությունը որակելով «ներքին գործերին միջամտելու փորձ, ինչն անթույլատրելի է»:

Նախարարի, ասել է թե իշխանության արձագանքը հետաքրքիր է: Բանն այն է, որ ԵՄ դեսպան Սվիտալսկին Երեւանում պաշտոնավարման ընթացքում արել է բազմաթիվ հայտարարություններ՝ կապված ինչպես ընտրությունների, այնպես էլ կոռուպցիայի, տնտեսության կառուցվածքի եւ այլնի մասին, որոնք պակաս կոշտ չեն եղել, քան այս մեկը, սակայն նման արձագանք չի եղել:

Ընդ որում, Սվիտալսկին ասել է բաներ, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրության ու օրենքների մեջ, եւ ուրիշ ոչինչ:

Ինչո՞ւ հանկարծ «պայթեց» իշխանությունը: Համբերության բաժա՞կն էր լցվել այդօրինակ հայտարարություններից, թե՞ կան այլ հանգամանքներ:

Հնարավոր է՝ դեսպանի հայտարարության տակ իշխանությունն ակնարկ է տեսել, որ ԿԸՀ հրապարակած տվյալները ընտրությունների արդյունքների վերաբերյալ արժանահավատ չեն: Այսինքն, կասկածի տակ է ընտրության լեգիտիմությունն ու արդյունքը:

Սակայն սա դժվար թե մտահոգեր իշխանությանը, քանի որ այս աշխարհում բոլորն էլ գիտեն, թե ինչ է կատարվում հայկական ընտրությունների ժամանակ, իշխանությանն էլ լեգիտիմությունն առանձնապես չի հետաքրքրում:

Փոխարենը, հետաքրքրում է փողը: Օրինակ, ԱԺ ընտրություններն «անաղմուկ» անցկացնելու համար իշխանությունը Եվրամիությունից ահագին փող է ստացել, եւ գուցե դեսպանի հայտարարության մեջ «փողը երեսով տալու» ակնարկ են տեսել: Կամ էլ, այդ հայտարարությունը նշանակում է, որ Եվրամիությունից արդեն փողի ակնկալիք չի կարող լինել, եւ դա նյարդայնացրել է իշխանությանը:

Չի բացառվում մեկ այլ հանգամանք: Նոյեմբերին սպասվում է, որ Հայաստանը պետք է ստորագրի ԵՄ հետ համագործակցության շրջանակային համաձայնագիրը, սակայն ի տարբերություն Ասոցացման համաձայնագրի ժամանակների՝ այս անգամ իշխանությունը հավաստիացում չի տալիս: 2013-ի սեպտեմբերի 3-ի դառը փորձը երեւի հաշվի առնելով, երբ մի գիշերվա մեջ ամեն ինչ շրջվեց: Ըստ ամենայնի, իշխանությունն իր համար «պատճառ» է ստեղծում այն դեպքի համար, եթե նոյեմբերյան անձրեւոտ մի գիշեր ստիպված լինի հրաժարվել նոր համաձայնագրի ստորագրումից:

Իսկ ընդհանրապես, այս ամենն անկասկած կապված է իշխանության ծրագրերի հետ. Դեսպանի հայտարարությունը վտանգ է իշխանության վերարտադրության շղթայի կարեւոր օղակներից մեկի եւ ծրագրերի համար:

Ամենաընթերցվածը