Իշխանության խուճապը. Դեսպանը քանդեց Սերժ Սարգսյանի պլանը

    • Մեկնաբանություն - 16 Հունիսի 2017, 11:44
Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը, թե ԿԸՀ կազմն ավելի արժանահավատ դարձնելու համար անհրաժեշտ է դրանում ներգրավել քաղհասարակության ներկայացուցիչների, բավական բուռն արձագանք առաջացրեց իշխանության շրջանում: Սվիտալսկուն մեղադրեցին դիվանագիտական կոռեկտությունը խախտելու եւ ներքին գործին միջամտելու փորձի համար:

Հասկանալի է, որ այդ հայտարարության համար Սվիտալսկուն մեղադրելու նույնքան հիմք կա, որքան օրինակ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին նրա խոսքերում, կամ  Ընտրական օրենսգրքի բարեփոխման եւ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման ֆինանսավորման համար: Անգամ Հայաստանի ընտրական գործընթացի գնահատականը ներքին գործի միջամտություն է այնքան, որքան ԿԸՀ մասին Սվիտալսկու հայտարարությունը:

Ստացվում է, որ եթե Եվրամիությունը միջամտում է ֆինանսավորելով եւ դրական գնահատականով, դա միջամտություն չէ, իսկ եթե մտահոգությամբ եւ արժանահավատության վերաբերյալ դիտողությամբ՝ դա միջամտություն է:

Հայաստանի համակարգը սակայն անհամարժեք չէ իրականությանը, նաեւ չի առաջնորդվում երկակի ստանդարտով: Հայաստանի համակարգը Սվիտալսկուց եւ արտասահմանցի դիվանագետներից լսել է թերեւս շատ ավելի կոշտ եւ խիստ հայտարարություններ, բայց չի արել այդօրինակ արձագանք:

Սվիտալսկու հայտարարությունն իրականում ապրիլի 2-ի ընտրությանը չէ, որ առնչվում է, այլ դրանից հետո տեղի ունեցող  ներիշխանական զարգացումներին: Դրա համար է իշխանությունը մեղադրում նրան ներքին գործին միջամտելու համար: Սվիտալսկին միջամտում է իշխանության ներքին գործին:

Ինչ է ԿԸՀ-ն: ԿԸՀ-ն ներիշխանական, համակարգային ստատուս-քվոյի հայելիներից մեկն է, առանցքային հայելիներից մեկը: Քաղաքական գործիչներից մեկը օրինակ հայտարարել էր, թե Սվիտալսկու հետ համաձայն է, բայց ընտրությունն իրականում ԿԸՀ-ում չէ, որ կեղծվում է, ԿԸՀ-ն տեխնիկական կառույց է: Դա թյուրըմբռնում է: ԿԸՀ-ն կառույց է, որը վերահսկում է ընտրական գործընթացը եւ իրավասու է անգամ կայացնել դրանից քաղաքական ուժի դուրս բերելու որոշում, եթե արձանագրում է ԸՕ խախտում:

Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի կազմի վերաբերյալ խոսելով, Եվրամիության դեսպանը փաստացի արձանագրում է, որ բուն գնահատականը տրվելու է ներիշխանական վերադասավորումների, այսինքն իշխանության ստատուս-քվոյի փոփոխության գործընթացին, որը կարտացոլվի նաեւ ԿԸՀ-ում:

Դա է, որ անհանգստացրել է Հայաստանի իշխանությանը, խառնել այսպես ասած գլխավոր պլաններն ու սցենարները: Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ակնկալում էր, որ «անաղմուկ ընտրությամբ» կփակի հաշիվները ԱՄՆ ու Եվրամիության հետ, այդ ընտրությունն այն է, ինչ նրանք ուզում են, իսկ դրանից հետո Սարգսյանին հանգիստ կթողնեն իր պլանները կառուցելու եւ առաջ տանելու հարցում:

Բայց, պարզվում է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ամենեւին մտադիր չեն բավարարվել «անաղմուկ ընտրությամբ» եւ հանգիստ թողնել իշխանությանը, թողնել Սերժ Սարգսյանին իր պլանի հետ միայնակ: Օրերս այդ առումով մի քանի ակնարկ արել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Այժմ էլ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին է հարցը դնում ուղիղ՝ պետք է փոխվի ԿԸՀ կազմը, այսինքն իշխանության ստատուս-քվոն, ընդ որում այնպես, որ Եվրամիության համար այդ փոփոխությունը լինի արժանահավատ:

Այլ կերպ ասած, դեսպան Սվիտալսկին իրականում դնում է Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու խնդիր, ընդ որում ոչ միայն դե յուրե, այլ նաեւ դե ֆակտո, այսինքն արժանահավատորեն:

Այստեղ անկասկած Սարգսյանի հանդեպ անձնական վերաբերմունքի հարց չէ, կամ միայն այդպիսի հարց չէ: Խնդիրն այստեղ իշխանության մեջ փոփոխության հարցն է, որի միջոցով է հնարավոր Հայաստանում առաջ մղել համակարգի վերափոխման թեկուզ դանդաղ գործընթաց:

Այստեղ է իշխանության տագնապը եւ խուճապը: