Հայաստանի ծաղրը

  • Մեկնաբանություն - 16 Հունիսի 2017, 09:49
Հայաստանի ԱԺ-ում կա Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով, որի կազմում են մասնավորապես Ավշարի Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, ՍԱՍ-ի Արտակը, Քլոսը՝ Աշոտ Արսենյանը, եւ այլն: Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ի կամ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն է:

Ըստ ԶԼՄ-ների, սա պասիվ հանձնաժողով է, եւ այստեղ հայտնվել են նրանք, ովքեր խորհրդարանական ակտիվ աշխատանքի հավես ու ժամանակ չունեն: Ասում են՝ Նաիրա Զոհրաբյանը չի կարողանում այս պատգամավորներին հավաքել նիստերի, ովքեր նրան ասել են՝ մեզ չանհանգստացնես:

Խորհրդարանի ապրիլի 2-ի «ընտրությունից» հետո խոսք եղավ, որ ԱԺ մի շարք հանձնաժողովներ կրճատվելու են, այդ թվում՝ այս մեկը: Սակայն հանձնաժողովն ի վերջո պահպանվեց, քանի որ իշխանությունը երեւի որոշակի բարդույթներ ուներ սեպտեմբերի 3-ի ամոթալի որոշման համար, մյուս կողմից՝ ԵՄ հետ նոր փաստաթուղթ ստորագրելու շեմին դա փակելը «սիրուն չէր լինի»:

Այդպիսով, այս մեռելածին հանձնաժողովը մնաց, որն իսկական ծաղր է՝ սկսած իր անվանումից, վերջացրած կազմով:

Հանձնաժողովը գլխավորում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը ոչ միայն կողմ քվեարկեց Եվրաինտեգրումից հրաժարվելուն, այլեւ ամեն ինչ արեց Հայաստանը ԵՏՄ խցկելու համար:

Դե, իսկ դրա կազմն էլ պատահական չէ ընտրված, քանի որ այդ մարդիկ Եվրոպան գիտեն մեկ այլ՝ կապիտալն արտահանելու, բիզնեսներ բացելու, զվարճանալու տեսանկյունից, իսկ ՍԱՍ-ի Արտակն էլ լավագույն ընտրակեղծարարին խոստանում էր ուղարկել Փարիզ:

Այս մարդիկ նույնքան հեռու են եվրոպական արժեհամակարգից, որքան «խոզը՝ տուռնիկից», կասեր մի ղարաբաղցի պաշտոնյա: Նրանք կեղծված ընտրությունների, տնտեսական ազատ մրցակցությունը բացառելու, ստվերի ու կոռուպցիայի մեխանիզմի «դետալներն» են, որոնց իշխանությունը միշտ յուղած է պահում ընտրությունից ընտրություն: