Ինչ պայման է խախտել Սերժ Սարգսյանը. Կարապետյանների դեմարշի պատճառը

    • Մեկնաբանություն - 19 Մայիսի 2017, 15:35
Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը չի պատասխանել լրագրողների հարցերին, պահանջելով հարգել չպատասխանելու իր իրավունքը: Նախօրեին Ժամանակ թերթը տեղեկություն է հրապարակել, որ Սերժ Սարգսյանը խիստ խոսակցություն է ունեցել Կարեն Կարապետյանի հետ, որը դեմ է եղել ՀՅԴ հետ կոալիցիային: Սերժ Սարգսյանն ըստ թերթի ասել է, թե ինքն է որոշողը:

Դրանից առաջ էլ Կարեն Կարապետյանը 1in.am-ի հարցին ի պատասխան ասել էր, թե չի ուզում լինել ԱԺ նախագահ եւ իրեն այդ պաշտոնը չի հետաքրքրում, կան կարեւոր գործեր:

Մայիսի 18-ին էլ անցկացված ԱԺ առաջին նիստին Կարեն Կարապետյանը դահլիճ է մտել միայն Սերժ Սարգսյանի ելույթից հետո: Իսկ մայիսի 17-ի երեկոյան էլ չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, որտեղ որոշվել է ԱԺ նախագահի անունը: Կարեն Կարապետյանը մինչ այդ հայտարարել էր, թե արտերկրում է եւ չի բացառվում, որ նրա բացակայության «ինտրիգը» ընդամենը Հայաստանում չլինելն էր:

Այդուհանդերձ ակնհայտ է, որ խոշոր առումով առկա է ներիշխանական ինտրիգ, եւ Կարեն Կարապետյանը դրա առանցքներից մեկն է, իհարկե ոչ մենակ: Խոսքն այստեղ կարող է լինել Կարապետյանների թեւի մասին՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջնորդությամբ: Այդ թեւմն ակնհայտորեն ունի Հայաստանի տնտեսա-քաղաքական հետագա ստատուս-քվոյի եւ զարգացումների վերաբերյալ իր ծրագրերը, պատկերացումներն ու շահերը, որոնք չեն համընկնում Սերժ Սարգսյանի ծրագրերին, պատկերացումներին ու շահերին:

Գուցե ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ շատ այլ փոքր թեւերի եւ բեւեռների, այսպես ասած «գետակների» կամ «վտակների», որոնք սակայն միավորվում են Սերժ Սարգսյանի ընդհանուր դրոշի ներքո:

Այդ տրամաբանությամբ թվում է, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն պետք է չհրաժարվեր ԱԺ նախագահի պաշտոնից, այլ նույնիսկ ձգտեր դրան, եւ այդպիսով Կարապետյանները մինչեւ 2018 թվական կտնօրինեին երեք առաջնային պաշտոններից երկուսը՝ ԱԺ նախագահ եւ վարչապետ:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ այդ երկուսը ոչինչ են մեկի համեմատ, եթե այդ մեկն է տնօրինում ուժային եւ իրավապահ համակարգերը: Այստեղ Սերժ Սարգսյանի առավելությունը շոշափելի է: Շոշափելի է առավելությունը նաեւ խորհրդարանական մեծամասնության մասով, ընդ որում ոչ միայն ֆորմալ, այլ նաեւ ոչ ֆորմալ մեծամասնության:

Այդ պայմաններում ԱԺ նախագահի պաշտոնը դառնում է ծուղակ: Առավել եւս պարզ չէ, թե այն ի՞նչ պայմաններով է առաջարկվել Կարապետյաններին, կամ ինչ գնով:

Այստեղ իրավիճակը բավական նուրբ է, եւ հիմք կա կարծելու, որ Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը Կարապետյանների հետ: Այն պայմանավորվածությունը, որը գուցե ձեռք է բերվել ապագա իշխանության վերաբերյալ 2015 թվականի փետրվարին Հովիկ Աբրահամյանի տանը, այսպես ասած Սարգսյան-Ծառուկյան հաշտության ակտի շրջանակում, որ տեղի է ունեցել ՀՅԴ ու Սամվել Կարապետյանի ներկայությամբ եւ մասնակցությամբ:

Այդ ակտից հետո Գագիկ Ծառուկյանը հեռացավ առանց դիմադրության: Հազիվ թե դա տեղի ունենար առանց Սերժ Սարգսյանի բաժին զիջման, այլապես որն էր հանդիպման իմաստն ընդհանրապես, եթե Սերժ Սարգսյանն առանց փոխզիջման կարող էր հեռացնել Ծառուկյանին քաղաքական կյանքից:

Ըստ ամենայնի, «վկաների» ներկայությամբ եւ միջնորդությամբ Ծառուկյանը համաձայնել է հեռանալ, կամ միջնորդները համաձայնել են համոզել Ծառուկյանին հեռանալ առանց դիմադրության, եթե դրա դիմաց էլ Սերժ Սարգսյանը կխոստանա, որ երբ գա ժամանակը՝ կհեռանա նաեւ ինքը, այսինքն 2018 թվականին:

Այդպիսով, հնարավոր է ենթադրել, որ ներկաները խոստացել են աջակցել Սարգսյանի ծրագրերին մինչեւ 2018 թվականի ապրիլ, պայմանով, որ ապրիլից հետո Սարգսյանը հանձնում կամ փոխանցում է իշխանությունը:

Իհարկե հարց է առաջանում, թե ու՞մ: Որովհետեւ այստեղ առկա է առնվազն երկու շահառու՝ Հովիկ Աբրահամյան-Ծառուկյան, եւ Կարապետյաններ: Այդ մասով դժվար է ենթադրել, քննարկվե՞լ է Աբրահամյանի տանը կոնկրետ տարբերակ, թե ոչ:

Բայց ակնհայտ է, որ Աբրահամյան-Ծառուկյան թեւը հայտնվեց խաբվածի կարգավիճակում, եւ աշնանը կառավարությունում նրանց փոխարինեց Կարապետյանների թեւը: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն այժմ էլ խախտում է պայմանավորվածությունը Կարապետյանների հետ եւ նրանց առաջարկում է ոչ թե իշխանություն, այլ լավագույն դեպքում ընդամենը տեղապահություն, ինչն իհարկե սկզբունքորեն տարբեր բան է:

Ինչ խոսք, այդ ամենը լոկ ենթադրություն է, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել Հովիկ Աբրահամյանի տանը 2015 թվականի փետրվարին: Առավել եւս, որ չեն բացառվում նաեւ հետագայում այլ հանդիպումներն, արդեն առանձին:

Ընդ որում, Սարգսյանն անկասկած պայմանավորվածությունները «պնդերեսությամբ» չէ, որ խախտում է: Նա պարզապես ստեղծում է համապատասխան իրավիճակներ, կարողանալով ձեւավորել դրանք, երբ պայմանավորվածություններն այսպես ասած «ինքնըստինքյան» են խախտվում:

Բանն այն է, որ առայժմ իրավիճակ կարողանում է ստեղծել միայն Սերժ Սարգսյանը: Մնացյալ թեւերը եւ խմբերը առաջնորդվում են պարզունակ առեւտրի կանոններով, սպասելով, թե երբ պետք է «ապրանքը հասնի փչանալու աստիճան», որ վաճառողը ստիպված լինի այն վաճառել, ընդ որում գնորդի թելադրած պայմաններով:

Մինչ նրանք սպասում են, Սերժ Սարգսյանը ստեղծում է «հավելյալ արժեք»:

Ամենաընթերցվածը