Անհայտ վարչապետի կառավարությունը. Սերժ Սարգսյանի ընտրությունը

    • Մեկնաբանություն - 19 Մայիսի 2017, 14:09
Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի վերանշանակումը, ընդ որում բավական արագ՝ հրաժականի նույն օրը, չարժանացավ հանրային մեծ ուշադրության, քանի որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը դեռեւս ընտրությունից առաջ էին հայտարարել, որ մեծամասնությունը պահելու դեպքում թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը:

Այդ իսկ պատճառով ինտրիգ գործնականում չկար, եւ վերանշանակումը ընկալվեց տեխնիկական ֆորմալության շրջանակում:

Իրավիճակը կարծես թե այլ է լինելու կառավարության կազմի հարցում: Այստեղ առնվազն մեկ փոփոխություն լինելու է աներկբա՝ արդարադատության նախարարի պաշտոնում: Կլինե՞ն այլ փոփոխություններ: Համենայն դեպս հատկանշական է, որ կառավարության կազմի հարցում Սարգսյանը նույնքան արագ չէ, որքան վարչապետի:

Նա չի՞ ուզում հոգնել նույն օրը մի քանի հրամանագիր ստորագրելով, թե՞ կառավարության կազմն արդեն լինելու է որոշակի դիրքային պայքարի առարկա, որովհետեւ ընթացիկ տարում կառավարության գործունեության արդյունքը արդեն փաստացի դառնում է իշխանության գին: Եթե կառավարությունը լինի արդյունավետ, ապա Կարեն Կարապետյանը կստանա վարչապետի պաշտոնում մնալու շանս, եթե ոչ՝ ապա Կարապետյանին կսպասի պաշտոնանկությունը:

Ընդ որում, արդյունավետությունն ինքնին հարաբերական է, այն իմաստով, որ կարեւոր է դրա համար «պատասխանատվության» խնդիրը: Օրինակ, կարող է լինել արդյունավետ իքս նախարար, ենթադրենք պաշտպանության, բայց չլինել արդյունավետ վարչապետ կամ կառավարություն ընդհանրապես:

Իսկ այդ տեսանկյունից կառավարությունը իհարկե «միատարր» չէ եւ հազիվ թե այդպիսին լինի նոր կազմով, ընդ որում ոչ միայն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի պատճառով, այլ նաեւ հենց ՀՀԿ պորտֆելների շրջանակում:

Իրավիճակն ուշագրավ է այն առումով, որ կառավարության անդամների համար վարչապետը «ժամանակավոր» է, առնվազն քանի դեռ հստակ չէ, որ նա նույն կերպ վերանշանակվելու է նաեւ 2018-ին: Իսկ «ժամանակավոր» վարչապետի հանգամանքը իր հետքն է թողնելու նաեւ նախարարների վրա եւ նրանք իրենց աշխատանքն իրականացնելու են՝ մտքում ունենալով սեփական ճակատագրի խնդիրը:

Նրանք գործնականում ոչ թե աշխատելու են նոր վարչապետի գլխավորությամբ, այլ աշխատելու են անընդհատ փնտրելով 2018 թվականի վարչապետին:

Բացառություն կկազմեն գուցե նախարարները, որոնք ընդգծված թիմակից են Կարեն Կարապետյանին եւ հստակ աշխատելու են նրա քաղաքական հեռանկարի համար:

Մյուս նախարարների աշխատանքում եթե չլինի հստակ եւ անկասկած աշխատանք որեւէ ուրիշ անձի համար, խիստ որոշակի, ապա անկասկած նրանք աշխատելու են 2018 թվականի «անհայտ վարչապետի» համար:

Թեեւ, նրանցից յուրաքանչյուրն իհարկե կարող է կատարել իր անհատական ընտրությունը, ընտրել Կարեն Կարապետյանին եւ աշխատել ըստ այդ ընտրության:

Թե որքանով է այդպիսի ընտրության հավանականությունը, այսինքն այդպիսի ընտրություն կատարողների տեսակարար ներուժը, պարզ կլինի կառավարության կազմի հստակեցումից հետո:

Ընդ որում, ըստ երեւույթին կազմի ընտրության հարցում Սերժ Սարգսյանը հաշվի կառնի նաեւ այդ հանգամանքը, քանի դեռ ինքն անձամբ ակնհայտորեն չի ընտրում Կարեն Կարապետյանին:

Ամենաընթերցվածը