Ռուսաստանը եւ Իսրայելը «սնուցում են» Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

    • Մեկնաբանություն - 18 Մայիսի 2017, 22:34
1970-ականներին Իսրայելի արտաքին գործերի նախարար Աբի Էբանը հիշում է, որ հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ն ու Արեւմուտքը երես թեքեն Իսրայելից, Գոլդա Մեյերն ասել է. «Ոչ մի սարսափելի բան չկա, մենք կդառնանք միութենական 16-րդ հանրապետությունը»:

Իսրայելը ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հետ մերձեցման խնդիրներն սկսել է իրականացնել 1985 թվականից, երբ իշխանության անցավ Գորբաչովը: Իսրայելի ռազմավարական խնդիրներից ու նպատակներից մեկը Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի չեզոքացումն էր, այնուհետեւ նրան Իսրայելի շահերին ենթարկելը: Այս խնդրի հետ էր կապված Ելցինին ու նրա թիմին Իսրայելի ցուցաբերած աջակցությունը, թիմ, որը կազմված էր Իսրայելի բարեկամներից:

Սակայն Իսրայելին ձեռնտու չէ որպես գործընկեր միայն Ռուսաստանը: Իսրայելը դրել է Եվրասիայում իր դիրքերն ամրապնդելու խնդիր, եւ այդ ուղղությամբ վաղուց աշխատում է Եվրասիական հրեական կոնգրես ազդեցիկ կառույցը: Ռուսաստանը դիտարկվում է որպես Եվրասիա թափանցելու գլխավոր գործիք:

Զարմանալի չէ, որ Եվրոպայում, Ռուսաստանում ու ԱՄՆ-ում Իսրայելի բարեկամներն ակտիվ աշխատում էին Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը թույլ չտալու ուղղությամբ, որին Իսրայելը համարում է գլխավոր թշնամին Իրանից հետո:

Իսրայելի ու Ռուսաստանի միջեւ շահերի համատեղման բազմաթիվ կետեր կան, այդ թվում՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Թուրքիայի խնդիրը բարդ է, իսկ Ադրբեջանի հարցում Ռուսաստանն ու Իսրայելը սերտ համագործակցում են, նախեւառաջ սպառազինության մատակարարման հարցում: Իսրայելը ոչ միայն ժամանակակից զենք է մատակարարում Ադրբեջանին, այլեւ նպաստում է ռուսական զենքի մատակարարումներին, որոնց մշակմանը մասնակից են իսրայելական ընկերությունները:

Ներկայում Հայաստանի դեմ քաղաքական ու ռազմական ագրեսիայի հարցում Ադրբեջանի խաղադրույքը Ռուսաստանն ու Իսրայելն են: Սա արդեն կասկած չի հարուցում: Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան կապն ամրապնդվում է եւ լավ աշխատել է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը շրջափակելու հարցում, դրա համար բավարար լծակներ ունենալով:

Ի դեպ, լավ կլիներ հիշել, որ պրոռուսական հայ քաղաքական գործիչների ակտիվ գործունեությունն ինչպես 1980-90-ականների սահմանագծին, այնպես էլ ներկայում գտնվում է Ռուսաստանում Իսրայելի բարեկամների վերահսկողության տակ:

Ներկայում Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան դաշինքի առավել ակտուալ խնդիրը Իրանի շրջափակումն է եւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման տապալումը: Հայաստանին այդ ծրագրերում հատկացվում է բավական որոշակի դեր:

Հայաստանն ուժեղ ճնշման է ենթարկվելու, ինչը նրան հասցնելու է տարածաշրջանային վերջնական շրջափակման: Եվրամիության հետ ինտեգրումը կկանխեր այս վիճակը: Բայց երեւում է տրված չէ:

Իսրայելը փորձում է Ադրբեջանին զենքի մատակարարումները բացատրել ֆինանսական պատճառներով: Սա նույնպես գործոն է, սակայն Իսրայելը Ադրբեջանը դիտարկում է Թուրքիայի «սիրտը շահելու» տեսանկյունից: Բանն այն է, որ Իսրայելը հանդես է գալիս որպես զենքի մատակարար, Ռուսաստանի մրցակից: Սակայն տվյալ դեպքում առանձնապես մրցակցություն չկա, քանի որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը սերտ կապված է Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի հետ:

Այսպիսով, «ռուսը-ադրբեջանցին-իսրայելցին» նույն արյունն է: Հրաշալի ֆրագմենտացիա պոստմոդեռնի ոգով:

Իսրայելը լավ է հասկանում, որ Ռուսաստանը չի կարող լինել հուսալի գործընկեր Թուրքիայի համար: Որքան էլ Թուրքիան կապված լինի Ռուսաստանի հետ, նա չէր ցանկանա հեռացվել ՆԱՏՕ-ից: ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային տալիս է միջազգային որոշակի կարգավիճակ ու անվտանգություն, ինչպես նաեւ հեղինակություն:

Ամենաընթերցվածը