Սերժ Սարգսյանը հանձնեց Արցախի խնդիրը խորհրդարանին

    • Մեկնաբանություն - 18 Մայիսի 2017, 16:06
Ելույթ ունենալով նոր Ազգային Ժողովի առաջին նիստին, Սերժ Սարգսյանը բավական ծավալուն, գրեթե ծրագրային անդրադարձ կատարեց պետական քաղաքականության բոլոր ուղղություններին, այդ թվում Արցախի խնդրին: Սերժ Սարգսյանն այդ առումով արեց հայտարարություն, որը մի կողմից այդքան էլ նորություն չէ, մյուս կողմից իհարկե հարց է առաջացնում, թե ինչն էր դա հիշատակելու անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Կազանի պլանը սեղանին է, այն հանձնված չէ ԵԱՀԿ քարտուղարություն, այնտեղ ի պահ տրված չէ, հետեւաբար սեղանի վրա գտնվող փաստաթուղթ է:

Այն, որ Կազանի պլանը սեղանին է, Սերժ Սարգսյանը հայտարարել էր նաեւ նոյեմբերին, երբ հարցազրույց էր տալիս ՌԴ պաշտոնական պրոպագանդայի առաջամարտիկ Կիսելյովին:

Միեւնույն ժամանակ, դրան զուգահեռ, հայկական կողմը աստիճանաբար սահմանեց բանակցային գործընթացի հանդեպ որոշակի կոշտ վերաբերմունք, հայտարարելով, թե բանակցության կամ հանդիպումների իմաստ կարող է լինել այն դեպքում, երբ դրանցում ձեռք բերած պայմանավորվածությունները՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմի պահպանման մասով, կիրականացվեն: Մասնավորապես, հայկական կողմը պնդում է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:

Որքանո՞վ է Երեւանն այդ հարցում սկզբունքային: Այսինքն, այդ պնդումների ներքո կա՞ արդյոք Կազանի փաստաթղթի շուրջ ստվերային քննարկում ու բանակցություն: Այդ մտավախությունները կամ հարցադրումները խորացան ապրիլի վերջին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպման փաստից, որը տեղի ունեցավ տեւական ընդմիջումից եւ Հայաստանի խորհրդարանի ընտրությունից հետո: Իսկ եռակողմ ֆորմատը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, հենց այն ֆորմատն է, որտեղ ծնվեց Կազանի փաստաթուղթն ու պատրաստվում էր ստորագրման:

Թե ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, Սերժ Սարգսյանը գաղտնազերծեց ապրիլի պատերազմից հետո, ապրիլի 23-ին Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում: Նա հայտարարեց, որ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա կառուցվածք փաստաթուղթ է, առավել մանրամասնեցված: Ըստ Սերժ Սարգսյանի, Կազանի փաստաթուղթն առաջին կետով ամրագրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու դրա իրացումը հանրաքվեի միջոցով, բայց ոչ հստակ նշված ժամկետով: Իսկ մինչ այդ Արցախը ստանում է միջանկյալ կարգավիճակ: Բացի այդ, հայկական զինուժը դուրս է գալիս 5 շրջանից, այնտեղ վերադառնում են ադրբեջանցիները, իսկ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ տեղակայվում են խաղաղապահներ:

Սերժ Սարգսյանը ապրիլի պատերազմից հետո գաղտնազերծեց այն, ինչն իր իսկ հայտարարությամբ պատրաստ է եղել ստորագրել, բայց համոզված է եղել, որ Ալիեւը մերժելու է:

Ներկայում, պատերազմից մեկ տարի անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Կազանի փաստաթուղթն ուժի մեջ է: Ինչու՞ է առաջացել այդ հայտարարության անհրաժեշտությունը: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի հայտարարության հասցեատերը Հայաստանում չէ, այն ուղղված է Հայաստանից դուրս:

Նոր խորհրդարանի առաջին նիստը պարզապես այն հնչեցնելու առիթ է: Միաժամանակ՝ ուշագրավ հանգամանքով: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բարձրանում է խորհրդարանի դերն արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում Արցախի խնդիրն է: Այդ համատեքստում Կազանի պլանի ուժի մեջ լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը փաստացի նոր խորհրդարանի առաջ դրված առանցքային, ռազմավարական խնդրի առկայությունն է:

Բայց ի՞նչ համատեքստում, ի՞նչ շեշտադրումով. Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ նոր խորհրդարանը պետք է վերջապես հրաժարվի՞ Կազանի փաստաթղթից, թե՞ հակառակը՝ պետք է ստանձնի դրա համար պատասխանատվությունն ու դնի Հայաստանի կնիքը:

Դատելով այն բանից, որ նոր խորհրդարանում չի հայտնվել Հայ ազգային կոնգրեսը՝ իր հայտնի դիրքորոշմամբ, Սերժ Սարգսյանի ակնարկն ավելի առաջին շեշտադրումն ունի՝ նոր խորհրդարանի ռազմավարական խնդիրը պետք է լինի Կազանի փաստաթուղթը ուղարկել «պատմության գիրկը»:

Սերժ Սարգսյանը թերեւս համարում է, որ իր՝ նախագահական իշխանության մասով դա արել է ապրիլի պատերազմից հետո, գաղտնազերծելով այն եւ ցույց տալով դրա վտանգավոր էությունը:

Այժմ Սարգսյանը փաստորեն տողատակում ձեւակերպում է խորհրդարանի խնդիրը: Ընդ որում, դա ռազմավարական խնդիր է, քանի որ առնչվում է ոչ միայն Արցախի խնդրին, այլ հայկական պետականության համար կարեւոր շրջադարձի ընդհանրապես:

Զուտ ինստիտուցիոնալ առումով, կառավարման նոր մոդելը գործնականում տալիս է դրա ավելի ճկուն հնարավորություն: Այլ հարց է, թե որքանով է իշխանության որակը համապատասխանելու մոդելային, կառուցվածքային, ինստիտուցիոնալ նոր հնարավորությանը:

Այդ առումով, ի դեպ, հատկապես ուշագրավ է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի դեռեւս մեկ-երկու տարի առաջ հայտարարությունը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ գնահատականի համատեքստում: Արմեն Ռուստամյանը, անհրաժեշտ համարելով խորհրդարանական մոդելի ներդրումը, հայտարարում էր, թե դա կտա Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն ավելի բարձրացնելու հնարավորություն:

Արցախի խնդրում կարգավորման գործընթացի տրամաբանությունը սկզբունքորեն փոխելը Հայաստանի ինքնիշխանության հարցում կարեւորագույն անելիք է, որից էապես կախված է պետության տնտեսա-քաղաքական եւ քաղաքակրթական զարգացման հարցը՝ ընդհանուր միջազգային, քաղաքակրթական անվտանգության համակարգի իր ուրույն տեղով ու դերով:

ԱԺ առաջին նիստում խնդիրն այդ առումով ձեւակերպված է, բայց ամբողջ հարցն այն է, թե ու՞մ է դա հետաքրքրելու նոր խորհրդարանում:

Սերժ Սարգսյանը գործնականում հանձնել է Արցախի խնդիրը խորհրդարանին: Իհարկե, խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է ֆորմալ հանձնմանը, քանի որ դե ֆակտո այն կշարունակի տնօրինել հենց Սարգսյանը:

Բայց տրված է Արցախի խնդրում պետական քաղաքականության տրանսֆորմացիայի գործընթացի մեկնարկ: Առայժմ կառուցվածքային: Դեռ պարզ չէ, թե ինչ բովանդակություն է դրվելու այդ տրանսֆորմացիայի ներքո: Դեռեւս ուժի մեջ է մնում կազանյան կամ մադրիդյան բովանդակությունը, թեեւ գաղտնազերծված, ինչը նշանակում է «ժամկետանց»: