ԱՄՆ առաջարկը Հայաստանին. Սերժ Սարգսյա՞ն, թե Կարեն Կարապետյան

    • Մեկնաբանություն - 18 Մայիսի 2017, 14:17
Հայաստանում վերականգնողական էներգետիկայի համաժողովին, որ նախաձեռնել էր ԱՄՆ դեսպանատունն ու հրավիրել ամերիկյան խոշոր մի քանի ընկերությունների, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի մասին: Դեսպան Միլզը չի նշել կոնկրետ անուններ, ժամկետներ: Բայց ասել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, իսկ ամերիկյան ընկերություններն ունեն հետաքրքրություն, եւ կա գործընկերության այդ ծավալի հեռանկար: Դեսպանը միաժամանակ հայտնել է Հայաստանի իշխանությունից ակնկալիքը՝ հավասար տնտեսական, մրցակցային պայմաններ:

Հայաստանի տնտեսության համար 8 միլիարդը ահռելի փող է, եւ դեսպան Միլզի հայտարարությունը շատերի համար թվում է աներեւակայելի: Աներեւակայելի նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել Հայաստանում այդ ծավալի ներդրում կատարելու ցանկություն ունեցող ամերիկյան ընկերություններ:

Մյուս կողմից, դեսպանն ամենեւին չի խոսել մեկ օրում կամ մեկ տարում կատարվելիք ներդրումների մասին: Կա ներուժ, կա հեռանկար, անկասկած որոշակիորեն սուբյեկտիվ հաշվարկների հիման վրա:

Տվյալ դեպքում էական է հայտարարության քաղաքական համատեքստը, հատկապես մի քանի ուշագրավ հանգամանքի ֆոնին:

Մասնավորապես, 8 միլիարդ թիվը աննախադեպ չէ: Հայաստանում հնչել է ավելի մեծ՝ 15 միլիարդ նախընտրական թիվ, որի հետեւում Գագիկ Ծառուկյանի ընկերներն են, կրկին՝ չբացահայտված: Բայց 8 միլիարդի մասին խոսել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հայտարարել է, որ կա 3,2 միլիարդ դոլարի հաստատված ներդրումային ծրագրերի փաթեթ, առաջիկա տարիների համար: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ այժմ էլ կառավարությունն իր ձեռքի տակ քննարկում է ավելի քան 5 միլիարդ դոլարի նոր ներդրումային ծրագրեր:

Ստացվում է ավելի քան 8 միլիարդ դոլար: Դա անկասկած այն նույն 8 միլիարդը չէ, որի մասին խոսում է դեսպան Միլզը:

Կարեն Կարապետյանի ներդրումային փաթեթի այսպես ասած հենքը Հայաստանի ներդողների ակումբն է, Ռուսաստանի մոտ երեք տասնյակ հայ գործարարների մասնակցությամբ: ԱՄՆ դեսպանի 8 միլիարդի հենքը վերականգնողական էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերություններն են:

Այդ երկու հենքը որակապես տարբեր են: Խնդիրը լավը կամ վատը չէ: Դրանք գործնականում նույնիսկ տարբեր քաղաքակրթական հենք են: Հատկապես Հայաստանի ներդրողների ակումբի շուրջ ծագած վերջին աղմկոտ պատմության ֆոնին, որի հերոսը Ռուսաստանում հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանն էր՝ Ռոբսոն մականունով, որը քրեական աշխարհի հետ կապեր ունեցող հեղինակություն է Ռուսաստանի հարավային շրջաններում եւ գործնականում այդ շրջանների «նայողն» է, որն անցել է բավական ուշագրավ ճանապարհ իր դիրքին հասնելու համար: Թաթուլյանը Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է, Չեխիայում իր ձերբակալման պատմությունը հերքելով եւ խոսելով վարչապետի հետ կապի մասին՝ նա հայտարարել էր, թե հարգում է Կարեն Կարապետյանին եւ վստահ է, որ նա լավ գործեր է անելու Հայաստանի համար ու պատրաստ է օգնել նրան:

Այստեղ իրավիճակն իսկապես նուրբ է: Ռուսաստանը մի պետություն է, որտեղ քրեական հեղինակությունները կառավարման համակարգի կարեւոր մասերից մեկն են, փաստացի՝ մշակույթ: Հետեւաբար, թերեւս անհնար է գործ ունենալ Ռուսաստանի հետ առանց այդ շերտի հետ առնչվելու եւ հարաբերվելու: Այդ շերտից են կախված Ռուսաստանին առնչվող հսկայական թվով հարցեր, նույնիսկ քաղաքական:

Տվյալ պարագայում խնդիրը թերեւս հարաբերության խողովակներն են եւ իհարկե հայկական պետականության վրա այդ շերտի ազդեցության սահմանները: Այստեղ է, որ իրավիճակը միարժեք չէ: Եթե խոսքը Հայաստանին օժանդակելու մասին է՝ իրավիճակն այլ է, եթե խոսքը Հայաստանին օժանդակելու անվան տակ պետության վրա ազդեցություն ձեռք բերելու մասին է, այստեղ առկա են խնդիրներ:

Երեւանում դեսպան Միլզի հայտարարությունը ուշագրավ է նաեւ այդ աղմկոտ պատմության ֆոնին: Դեսպանի հայտարարությունը փաստացի ստացվում է այլընտրանքային առաջարկ Կարեն Կարապետյանին: Կամ գուցե հավասարակշռող առաջարկ, որը թույլ կտա չեզոքացնել Հայաստանի ներդրողների ակումբի հնարավոր «քրեական» ռիսկերը, պետության վրա դրանց բացասական ազդեցությունը, ֆիլտրելով եւ թողնելով միայն տնտեսականը:

Թեեւ, միարժեք չէ, դա Կարեն Կարապետյանի՞ն արվող առաջարկ է, թե՞ առաջարկ է օրինակ Սերժ Սարգսյանին՝ Կարեն Կարապետյանի ներդրումային ակումբին դիմագրավելու համար:

Թեեւ, խոշոր հաշվով դա առաջարկ է Հայաստանին՝ տեխնոլոգիական ու քաղաքակրթական զարգացման, քանի որ պայմանը դրվում է բավական հստակ՝ հավասար տնտեսական մրցակցության ապահովում: Իսկ աջակցություն կստանա թերեւս այն թեւը, որը առավելագույնս կնպաստի այդ պայմանի բավարարմանը:

Ամենաընթերցվածը