Սերժ Սարգսյանը լուծարեց ԱԺ-ն

    • Մեկնաբանություն - 18 Մայիսի 2017, 10:35
Արա Բաբլոյանին խորհրդարանի նախագահ նշանակելու որոշումով Սերժ Սարգսյանը փաստացի արձանագրեց ԱԺ լուծարումը: Բաբլոյանը վատ մարդ չէ: Ամենեւին, նա նույնիսկ լավ մարդ է: Խնդիրը Բաբլոյանը չէ: Խնդիրն այն է, որ քաղաքական թիվ մեկ հարթակի նախագահ է նշանակվում մարդ, որը քաղաքական անձ չէ: Դրանով Սերժ Սարգսյանն ընդամենն արձանագրում է, որ խորհրդարանն իրականում քաղաքական հարթակ չէ, այլ խորհրդանիշ կամ ցուցանակ:

Բաբլոյանի առաջադրումը լիովին համահունչ է Հայաստանում իշխող համակարգի եւ առկա ներքաղաքական վիճակի տրամաբանությանն ու խնդիրներին, դրանց առանցքային գծերին:

Նախ, Հայաստանի իշխող համակարգը գրեթե տասնամյակ գտնվում է ներքին վերակառուցման փուլում: 2017 թվականի ընտրությունը փաստացի ավարտեց այդ փուլը, եւ համակարգը մտնում է նոր փուլ: Նոր փուլում խնդիրն ըստ ամենայնի լինելու է անաղմուկ ընտրության գրավական երկբեվեռ մոդելի առավել բյուրեղացումը, հղկումը, այսպես ասած վերջնական եւ ամբողջական տեսքի բերելը, «գաղափարական տեսքի» բերելու երրորդ փուլից առաջ: Երկրորդ փուլը ենթադրելու է ներիշխանական բավական նուրբ եւ համառ, միաժամանակ թեժ գործընթաց «գորգի տակ»:

Որպեսզի ոչ ոք չխանգարի, տվյալ դեպքում՝ հանրային կողմնակի ազդեցություն, անցանկալի եւ անսպասելի միջամտություն, որպեսզի դրանց հավանականությունը հասցվի հնարավորինս փոքր տոկոսի, անհրաժեշտ էր կատարելագործել ցուցանակը, «գորգը», էապես թարմացնել այն, դրա ֆունկցիոնալ կենսունակությունը բարձրացնելու եւ այդպիսով հանրությանը քաղաքական որոշումների կայացման գործընթացից առավել հիմնավոր մեկուսացնելու համար:

Այդ խնդիրը Սերժ Սարգսյանը գործնականում լուծեց անթերի, եւ Արա Բաբլոյանի նշանակումը վկայեց, որ Սարգսյանին հաջողվել է խորհրդարանը քաղաքականից վերածել խորհրդանշական կառույցի:

Մյուս պարագան 2018 թվականի խնդիրն է: Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, ի՞նչ կարգավիճակ է ընտրելու իր համար՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Ի՞նչ հավանության է արժանանալու աշխարհքաղաքական ուժային կենտրոններում: Ի՞նչ են անելու վարչապետ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը: Նրանք վերցնելու՞ են կառավարությունը: Զիջելու դեպքում Հայաստանի՞ց են հեռանալու, թե՞ հեռանալու են ՀՀԿ-ից ե ձեւավորելու են նոր քաղաքական ուժ: Ինչ է լինելու Ծառուկյանի հետ, նրա դաշինքի հետ: Հարցերը բազմազան են, եւ խորհրդարանը լինելու է դրանց ենթակա, հետեւաբար քանի դեռ չկա այդ գործընթացների թեկուզ միջանկյալ արդյունք, Հայաստանում գործնականում չկա խորհրդարան որպես այդպիսին:

Արա Բաբլոյանի նշանակումը հենց խորհրդարանի բացակայության արձանագրում է:

Ամենաընթերցվածը