Բացառիկ պատկեր ԱԺ առաջին նիստից առաջ

    • Մեկնաբանություն - 18 Մայիսի 2017, 08:52
Մայիսի 18-ին տեղի կունենա 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Աստիճանաբար հայտնի են դառնում ԱԺ ղեկավարությունը, խորհրդարան անցած չորս քաղաքական միավորների այսպես ասած ղեկավար կազմերը, կազմերն ընդհանրապես: Խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենում ընտրությունից գրեթե մեկուկես ամիս անց: Դրա պատճառը այն է, որ խորհրդարան չանցած ուժերից մեկը՝ ՀԱԿ-ը, ընտրության արդյունքը վիճարկեց Սահմանադրական դատարանում, այլապես առաջին նիստը պետք է լիներ ապրիլի 27-ին:

Այդ ընթացքում տեղի ունեցավ նաեւ Երեւանի Ավագանու ընտրությունը, որին մասնակցեց խորհրդարան անցած երկու ուժ՝ ՀՀԿ ու ԵԼՔ, իսկ չանցած ուժերը չմասնակցեցին ընդհանրապես:

Այդպիսով, նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենում այսպես ասած ընտրական ամբողջական ցիկլի ավարտից հետո:

Այդ ընթացքում ներքին օրակարգից դուրս բավական դինամիկ զարգացում է ունեցել արտաքին միջավայրը, թե Հայաստանին անմիջականորեն առնչվող, թե ոչ անմիջական, բայց էական նշանակություն ունեցող համատեքստում:

Օրինակ, Ռուսաստանում տեւական դադարից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում արտգործնախարարների ֆորմատով, որից հետո հնչել են մի քանի հայտարարություններ, մասնավորապես Ադրբեջանից:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է արել Հայաստանի ռազմակայանի մասին հայտնի հայտարարությունը: Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է հայտարարել այն մասին, որ ՌԴ հետ քննարկում են Սիրիայում մարդասիրական ականազերծման եւ այլ մարդասիրական հարցերում հայկական զինուժի ներգրավման հեռանկարը:

Զարգացումներ են տեղի ունեցել ռուս-թուրքական ուղղությամբ, տեղի է ունեցել Էրդողան Պուտին հանդիպում, ԱՄՆ-Ռուսաստան ֆորմատում են կատարվել ուշագրավ զարգացումներ, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Վրաստան-ԱՄՆ ֆորմատում: Չինաստանում տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի վերաբերյալ խոշոր համաժողով:

Երբ արտաքին այդ անցուդարձը՝ Հայաստանին ուղղակի թե անուղղակի առնչվող, համադրում ենք այն ներքին զարգացումների հետ, որ տեղի են ունեցել Հայաստանում խորհրդարանի ընտրությունից հետո, առաջանում է մի պարզ հարց՝ ինչո՞վ են զբաղված եղել Հայաստանի քաղաքական դաշտում ներգրավված եւ առավել եւս խորհրդարան անցած քաղաքական ուժերը:

Եթե նրանք զբաղված են եղել քաղաքականությամբ, ապա ինչու՞ մեկուկես ամսի ընթացքում նրանցից որեւէ մեկը որեւէ էական անդրադարձ չի կատարել արտաքին հարթության վրա տեղի ունեցող կարեւոր խնդիրների, Հայաստանին առնչվող կարեւոր հայտարարությունների կապակցությամբ, չի անդրադարձել անվտանգության խնդիրների, աշխարհքաղաքական զարգացումների:

Չէ՞ որ դա է քաղաքականությունը, որն էապես փոխկապակցված է Հայաստանի կառավարման եւ իշխանության խնդիրներին, որը ենթադրում է պատասխանատվություն թե հանրային, թե միջազգային մասշտաբով:

Ինչպե՞ս է հնարավոր զբաղվել քաղաքականությամբ, լինել քաղաքականության մեջ ու համարվել քաղաքական ուժ, մեկուկես ամիս բացարձակապես որեւէ կերպ «չլինելով» այդ մասշտաբի հարցերում:

Խորհրդարանի ընտրությունից մինչեւ առաջին նիստը ընկած մեկուկես ամիս ժամանակահատվածը գործնականում ցույց տվեց, թե Հայաստանն ինչի մեջ է:

Ամենաընթերցվածը