Ադրբեջանի նոր արկածախնդրությունը. Տարածք կամ զորքերի դուրսբերում խաղաղության դիմաց

    • Մեկնաբանություն - 17 Մայիսի 2017, 19:41
Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան կարգավորման նոր հայեցակարգ առաջ մղել՝ տարածքներ կամ զորքերի դուրսբերում խաղաղության դիմաց: Սակայն Բաքվի «առաջարկը», ըստ ամենայնի, չի ընդունվել համաշխարհային հանրության կողմից:

Հայկական զինված ուժերը հայտնում են, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանին: Այս են վկայում նաեւ փաստերը՝ Ադրբեջանը մեծացնում է կիրառվող զենքի տրամաչափը, օրերս իսրայելական արտադրության Սպայկ կառավարվող հրթիռներ են օգտագործվել: Ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանը փորձում է առաջ տանել բանակցությունների իր օրակարգը, այդ թվում՝ ուժային ճանապարհով:

Բաքուն ձեւակերպել է իր առաջարկը՝ տարածքներ խաղաղության դիմաց կամ էլ զորքերի դուրսբերում խաղաղության դիմաց: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Հնարավոր է, այդպիսով Ադրբեջանը, որին Մինսկի խմբի համանախագահները «համոզում են» սահմանին հետաքննության մեխանիզմներ ներդնել, փորձում է նախ հայկական զորքերի դուրսբերման հասնել:

Հայաստանը պատրա՞ստ է դրան: Հայաստանի համար խաղաղությունը շատ կարեւոր է, սակայն ամեն գնով խաղաղությունն ինքնանպատակ չէ, քանի որ տարածքային զիջումները խաղաղություն չեն, այլ փաստացի կապիտուլյացիա:

Հայկական կողմը պաշտոնապես չի արձագանքել Ադրբեջանի նոր «բանաձեւին»: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը միայն ասել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, որովհետեւ դրան այլընտրանք չկա: Նալբանդյանը չի ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է խաղաղության դիմաց զորքերը դուրս բերել:

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն այլ բանաձեւ է առաջ քաշել՝ «բանակցությունների վերսկսում Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման դիմաց»:

Հայաստանը հրաժարվե՞լ է այդ բանաձեւից: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն ամրապնդում է սահմանը՝ հասկացնել տալով, որ չի պատրաստվում ոչինչ զիջել: Մյուս կողմից, Հայաստանը փորձում է ստանալ համաշխարհային հանրության աջակցությունն Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունների չեզոքացման հարցում:

Ըստ երեւույթին, Բաքուն փորձում է տարբերակ գտնել, որը թույլ կտա կատարել մեխանիզմների ներդրման մասին Արեւմուտքի պահանջը եւ պահպանել դեմքը: Ադրբեջանը որոշակի գին է պահանջում՝ զորքերի դուրսբերում:

Այն, որ Ադրբեջանը տարածքների դիմաց առաջարկելու այլ բան չունի, բացի «չսպանելու» խոստումներից, վկայում է Ադրբեջանի իրավական ու քաղաքական փաստարկների լիակատար սպառման մասին: Բաքուն համոզվել է, որ ոչ Ռուսաստանում, ոչ Արեւմուտքում Ղարաբաղի նկատմամբ իր «իրավունքի» մասին փաստարկները չեն ընդունվում: Մնում է միայն «սպանելու իրավունքը»: Սակայն այդ իրավունքն էլ սահմանափակվում է հայկական զորքերով եւ համանախագահների առաջարկներով:

Ամենաընթերցվածը