ԱՄՆ դեսպանի անսպասելի հայտարարությունը

    • Մեկնաբանություն - 17 Մայիսի 2017, 11:49
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մայիսի 17-ին Երեւանում կազմակերպված վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ համաժողովում արել է հայտարարություն, որն իր թե տնտեսական, թե քաղաքական նշանակությամբ անսպասելի է եւ ունի բեկումնային տրամաբանություն:

Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, եւ կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար: Միլզը նշել է, որ հենց այդ պատճառով ԱՄՆ դեսպանատունը Երեւանում նախաձեռնել է համաժողովը եւ հրավիրել ամերիկյան խոշոր ընկերությունների, էներգետիկայի այդ ուղղությամբ Հայաստանի հնարավորությունը ներկայացնելու համար: Միլզը հայտարարել է, որ ներդրումների հեռանկարն իրական դարձնելու համար Հայաստանի իշխանությունը պետք է ապահովի հավասար մրցակցություն ներդրողների համար, երաշխիքներ տա:

8 միլիարդ դոլարը տպավորիչ թիվ է, առավել եւս Հայաստանի տնտեսության համար: Ընդ որում, մի բան է, երբ օրինակ 15 միլիարդ դոլարի մասին նախընտրական քարոզարշավի վերջին օրը հայտարարում է մասնակից ուժերից մեկի առաջնորդը, մեկ այլ բան, երբ 8 միլիարդ դոլար հեռանկարի մասին հայտարարում է համաշխարհային գերտերության դեսպանը:

Բայց Հայաստանում կա դեսպանների հայտարարությունները «չնկատելու» պրակտիկա, եթե խոսքը Ռուսաստանի դեսպանի մասին չէ: Համենայն դեպս, պաշտոնական Երեւանն այդպես էլ «չլսեց» կամ «չնկատեց» էժան գազի հնարավորության մասին Իրանի դեսպանի հայտարարությունը եւ կնքեց հայտնի պայմանագիրը Գազպրոմի հետ:

Գազպրոմն այստեղ ունի էական նշանակություն, կամ ընդհանրապես Ռուսաստանը: Օրերս Ռուսաստանի նախագահ Պուտինը ստորագրել է այդ երկրի տնտեսական անվտանգության 2030 ռազմավարությունը: Այդ փաստաթուղթն ուղիղ առնչություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող էներգետիկայի հեռանկարի հետ: Բանն այն է, որ այդ ռազմավարության մեջ նշվում է, որ կանաչ տեխնոլոգիաներով էներգետիկայի զարգացումը, խնայող էներգետիկայի զարգացումը, էներգետիկ շուկաների պահանջարկի կառուցվածքի փոփոխությունը սպառնալիք է ՌԴ տնտեսական անվտանգությանը:

Հասկանալի է, թե ինչու է սպառնալիք: Նվազում է նավթի ու գազի պահանջարկը: Զարգացած աշխարհի երկրների առաջնորդները հայտարարել են առաջիկա հարյուրամյակի ընթացքում գազի եւ նավթի «դարաշրջանից» դուրս գալու ռազմավարության մասին: Տեխնոլոգիական զարգացման դինամիկան ներկայում այնպիսին է, որ իրատեսական է դարձնում առաջիկա տասնամյակների ընթացքում այդ հեռանկարի իրականացումը: Աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ եւ բավական նկատելի դինամիկայով:

Իսկ նավթն ու գազը Ռուսաստանի տնտեսության առանցքն են, նաեւ քաղաքական ներուժը:

Հարցն այն է, թե ինչ եզրակացություն է անում Ռուսաստանը, արձանագրելով կանաչ տեխնոլոգիաների, խնայող էներգետիկայի սպառնալիքը: Ռուսաստանն իր ուժերի ներածին չափով փորձելու է խանգարե՞լ այդ տեխնոլոգիաների զարգացմանը, թե՞ սպառնալիքն արձանագրվում է վերջապես խելքի գալու եւ տնտեսական ու քաղաքական արդիականացման գնալու, նավթից ու գազից սեփական տնտեսա-քաղաքական կախվածությունը հաղթահարելու համար:

Որովհետեւ, եթե Ռուսաստանն ընտրում է առաջին տարբերակը, այսինքն հնարավորինս խանգարելն ու նավթի եւ գազի «դարաշրջանը» երկարաձգելը, ապա այստեղ կասկածից վեր է, որ նրա «խանգարող» քաղաքականության առաջին թիրախներից մեկը լինելու է Հայաստանը, որպեսզի Հայաստանը մնա Ռուսաստանի համար նավթագազային «ավանդական շուկա», եւ այստեղ չփոխվի էներգետիկայի պահանջարկի կառուցվածքը:

Եթե Ռուսաստանը կայացնում է առավել ողջախոհ որոշում՝ որովհետեւ խոշոր հաշվով անմիտ է տեխնոլոգիական դարաշրջանին դիմակայելու ջանքը, եւ ընտրում է արդիականացման մոդելը, ապա այստեղ Հայաստանը ոչ միայն չի կանգնի Ռուսաստանի «միջամտության» խնդրի առաջ, այլ կարող է բացվել անգամ գործընկերային հեռանկար:

Միեւնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, առաջնային խնդիրը Հայաստանում է: ԱՄՆ փաստացի անում է շատ կոնկրետ առաջարկ, ինչպես վարչապետը կասեր՝ «թուղթ ու գրիչով»: Այդ առաջարկն իրականացվող գործընթացի վերածելու համար անհրաժեշտ է ընդամենը, որ Հայաստանի իշխանությունն ապահովի ներդրումային բարենպաստ միջավայր, մրցակցային հավասար պայման եւ գործունեության դաշտ: Այսինքն, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը նախ եւ առաջ կատարի արդիականացման անկեղծ ընտրություն եւ ցուցաբերի հետեւողականության կամք եւ ինքնիշխանություն:

Եթե 8 միլարդը որեւէ մեկի համար թվում է ընդամենը տպավորություն թողնող թիվ, ապա անհրաժեշտ է ընդամենը հիշել, որ ԱՄՆ Հայաստանի անկախությունից ի վեր 25 տարիների ընթացքում միայն անհատույց օժանդակության տեսքով Հայաստանին տրամադրել է մոտ 2,5 միլիարդ դոլար՝ տարբեր ծրագրերով: Դա միայն անհատույց օժանդակության տեսքով: Այդ թիվը թերեւս բավական է պատկերացնելու համար, որ 8 միլիարդ դոլարի հեռանկարը ամենեւին անհաս գագաթ չէ, այլ Հայաստանից պահանջում է ընդամենը պետական հասունություն:

Ամենաընթերցվածը