Վիգեն Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը

    • Մեկնաբանություն - 21 Ապրիլի 2017, 14:02
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի քաղաքացի ներկայացուցչի նշանակումը որքան խնդրի լուծում, նույնքան էլ խնդրի բարդացում կարող է լինել: Վիգեն Սարգսյանն ասում է, որ այլ կշիռ ուներ ՌԴ քաղաքացի Բորդյուժայի որեւէ հայտարարություն, եւ այլ կշիռ է ունենալու Հայաստանի քաղաքացի Խաչատուրովի հայտարարությունը: Ըստ Վիգեն Սարգսյանի, եթե նա ասի որեւէ բան, կասեն, թե Հայաստանի քաղաքացի է եւ դրա համար է ասում:

Պաշտպանության նախարար Սարգսյանը խոսում է իհարկե առավելապես Հայաստանի անվտանգությանը, Արցախի խնդրին առնչվող հարցերի վերաբերյալ հայտարարության համատեքստում, բայց տողատակում դնում է ընդհանրապես խնդրի նրբությունն ավելի լայն իմաստով:

Նրա հայտարարությունն իսկապես անսպասելի եւ նույնիսկ սենսացիոն կարող է դիտվել այն ընկալման ֆոնին, թե հաջողություն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցչի նշանակումը: Միեւնույն ժամանակ, հայտարարությունը միանգամայն համարժեք է Հայաստանի խնդիրներին ու անհրաժեշտություններին, այն իրավիճակին, որ առաջացել է Հայաստանի համար Խաչատուրովի նշանակումից հետո: 

Վիգեն Սարգսյանի հայտարարությունն այդ իմաստով կարեւոր է՝ ուղղված աշխարհքաղաքական ուժային բոլոր այն կենտրոններին, որոնք գտնվում են միջազգային օրակարգի առաջին շրջանակում:

Նախ, Սարգսյանը փաստացի արձանագրում է, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը Հայաստանը դնում է պատասխանատվության տակ, մեծ հաշվով չավելացնելով Հայաստանի հնարավորությունը: Վիգեն Սարգսյանի հայտարարությունը նաեւ վկայում է այն, ինչի մասին խոսել եմ թեմայի վերաբերյալ ավելի վաղ գրված մի քանի հոդվածներում, երբ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը մի քանի անգամ հետաձգվել է ՀԱՊԿ ղեկավարների կոնսենսուսի բացակայության պատճառաբանությամբ:

Կարծիք եմ հայտնել, որ ինչքան էլ կա Հայաստանի հարցում կոնսենսուսի խնդիր, այդուհանդերձ Հայաստանն ինքն էլ ակնհայտորեն ոգեւորված չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով ստանձնելու հեռանկարից, եւ Սերժ Սարգսյանն էլ փորձում է բավական նրբորեն օգտագործել այդ կոնսենսուսի բացակայությունը՝ Հայաստանի ներկայացուցչի նշանակումից խուսափելու եւ մանեւրելու համար:

Այդ նշանակումը խոշոր հաշվով Հայաստանի վրա դնում է աշխարհքաղաքական անպատեհ եւ բացարձակապես ավելորդ պատասխանատվություն, իսկ Արցախի եւ Հայաստանի անվտանգության այլ խնդիրների մասով էլ փաստացի կաշկանդում Հայաստանին ՀԱՊԿ հանդեպ դաշնակցային պահանջների հարցում:

Վիգեն Սարգսյանը գործնականում արձանագրում է հենց այդ վիճակը, միաժամանակ նաեւ փորձելով ազդակ հղել աշխարհքաղաքական կենտրոններին, որ իրականում Հայաստանը պատասխանատու է այսպես ասած դե յուրե, բայց դե ֆակտո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այլեւս Հայաստանի ներկայացուցիչը չէ: Սարգսյանը հայտարարել է, որ Խաչատուրովը այլեւս միջազգային պաշտոնյա է, եւ որեւէ բան ասելիս համաձայնեցնելու է դա ՀԱՊԿ մյուս անդամների հետ:

Այդպիսով, պաշտպանության նախարարը պաշտոնապես արձանագրում է, որ Խաչատուրովի գործողությունները պետք է այլեւս նույնացնել ՀԱՊԿ մյուս անդամների, ոչ թե Հայաստանի հետ:

Ի դեպ, այդ մասով թերեւս ավելորդ չի լինի մի հռետորական հարցադրում, իհարկե պաշտպանության նախարարի հայտարարության քաղաքական շրջանակից դուրս՝ իսկ Հայաստանում պաշտոն զբաղեցնելիս Խաչատուրովի գործողությունը դե ֆակտո նույնակա՞ն էր Հայաստանի շահի հետ, թե նա Հայաստանում էլ մեծ հաշվով «ՀԱՊԿ պաշտոնյա» էր:

Ամենաընթերցվածը