Ինչ է կատարվում Սերժ Սարգսյանի հետ

  • Մեկնաբանություն - 21 Ապրիլի 2017, 10:03
Ազգային ժողովի ընտրությունից արդեն 20 օր է անցել, սակայն իշխանության ճամբարում անորոշությունը շարունակվում է: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը հայտարարել է, որ ԱԺ նախագահի եւ փոխնախագահների թեկնածությունների հարցը չի քննարկվել: ՀՀԿ-ն մինչ այժմ նույնիսկ չի հրապարակել իր պատգամավորների անունները:

Դա Սերժ Սարգսյանի քաղաքական ոճն է՝ մինչեւ վերջին պահը ձգել գործընթացը եւ ոչ մեկին տեղյակ չպահել ծրագրերի ու մտադրությունների մասին: Դա մի կողմից անորոշության ու պասիվ վիճակում է պահում ներիշխանական խմբավորումներին, որպեսզի ոտքի տակ չընկնեն ու չխանգարեն, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս անարգել իրագործել մտադրությունները:

Սերժ Սարգսյանը ոսկերչական ճշգրտությամբ անցկացրեց ընտրությունները, ստանալով այն իրավիճակը, ինչը մի կողմից պետք է արտացոլեր այսպես ասած «փոփոխությունների» պատկերը, մյուս կողմից՝ դառնար նոր վերադասավորումների ու ստատուս-քվոյի հիմքը:

Արդյոք այս գործընթացի օղակներից մեկում ինչ որ խափանում է եղել, եւ կարիք է առաջացել, որ ՀԱԿ-ը դիմի Սահմանադրական դատարան՝ Սերժ Սարգսյանին եւս երկու շաբաթ «օրենսդրական» ժամանակ տալու համար:

Նկատելի է, որ ակտիվ ներքին կուլիսային գործընթացներ են, եւ առայժմ չի հաջողվում համաձայնության հասնել: Նկատելի է, որ այդ գործընթացների ակտիվ շահառուներն են ՀՀԿ-ի «նոր ոգին» Կարեն Կարապետյանի գլխավորությամբ եւ ՀՀԿ-ի «հին ոգին» ի դեմս ռեյթինգայինների, որոնք ապահովել են ՀՀԿ-ի հաղթանակը:

Մյուս կողմից, խաղի մեջ են նաեւ ՀՅԴ-ն ու Գագիկ Ծառուկյանը, ով նույնպես մինչ այժմ չի հրապարակում իր պատգամավորների ցուցակը:

ՀՅԴ-ի հետ բանակցություն է ընթանում նոր համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, իսկ Ծառուկյանն ակնհայտորեն սպասում է Սերժ Սարգսյանի որոշմանը, երբ պարզ կդառնա ուժերի նոր հարաբերակցությունն իշխանության ներսում:

Իշխանության անցման բարդ շրջան է, որի ժամանակ հնարավոր են չնախատեսված խնդիրներ: Մյուս կողմից, իշխանության վերադասավորման խնդրի հանգուցալուծումը մոտենում է, եւ որոշումը պետք է կայացվի: 

Սերժ Սարգսյանը խճճվել է իր իսկ հաշվարկների մե՞ջ, թե պատրաստում է հերթական «ձիով քայլը», որի համար արժեր եւս երկու շաբաթ ձգել ինտրիգը:

Ամենաընթերցվածը