Ոստիկանությունն անցավ վարչապետի կողմ

    • Մեկնաբանություն - 20 Ապրիլի 2017, 22:46
Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 20-ին տարածել է հայտարարություն, որտեղ խիստ զգուշացնում է, որ հետամուտ է լինելու Հայաստանում շրջակա միջավայրն աղտոտելու, աղբը չնախատեսված տեղերում լցնելու երեւույթի կանխմանը, հարկ եղած դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելուն: Ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին նաեւ միանալ «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը:

Նախաձեռնությունը պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին: Ոստիկանության հայտարարությունն էլ հետեւել է դրանից մի քանի ժամ առաջ կառավարության նիստում վարչապետի մի քանի անդրադարձերին: Կարեն Կարապետյանը նիստի ընթացքում մի քանի անգամ խոսել է Հայաստանում տարբեր տեղերում համատարած աղտոտվածության, աղբի մասին, հորդորելով բոլորին ձեռնամուխ լինել «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանին էլ ասելով, որ ոստիկանությունը շատ խիստ լինի շրջակա միջավայրն աղտոտող երեւույթների հանդեպ:

Դրան հետեւել է ոստիկանության պաշտոնական հայտարարությունը խիստ եւ հետեւողական լինելու, միաժամանակ «Մաքուր Հայաստանին» միանալու քաղաքացիներին ուղղված կոչի տեսքով:

Կարեն Կարապետյանի եւ իրավապահների, մասնավորապես ոստիկանության հարաբերությունը նրա վարչապետ նշանակումից ի վեր չի եղել հարթ ու սահուն: Կարապետյանը մի քանի անգամ տարբեր առիթներով անուղղակի, բայց թափանցիկ ակնարկել է, որ Հայաստանում համակարգային արատների դեմ պայքարի եւ փոփոխությունների իր քայլերի արդյունավետությունը տուժում է այն պատճառով, որ ազդեցություն չունի իրավապահ համակարգի վրա:

Իրավապահ համակարգը, մասնավորապես ոստիկանությունը Սերժ Սարգսյանի ազդեցության գոտին է, ուժային ամբողջական գոտու շրջանակում:

Այդ իմաստով, կառավարության նիստում Կարեն Կարապետյանի անդրադարձերից եւ ոստիկանապետին հորդորից հետո ոստիկանության հայտարարությունը ստանում է ուշագրավ երանգ:

Ոստիկանությունը փաստորեն շատ արագ հրապարակավ ստանձնում է վարչապետի նախաձեռնության համար պատասխանատվությունը: Իրավիճակը կրկնակի ուշագրավ է մեկ այլ համատեքստում:

Բանն այն է, որ երբ կառավարության նիստում Կարեն Կարապետյանը բավական կոշտ տոնով եւ խիստ հանձնարարականներով ազդարարում էր «Մաքուր Հայաստան» նախաձեռնության գործնականացումը, մեկ այլ դահլիճում՝ Կարեն Դեմիրճյան համալիրի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի ուղեկցող ելույթով գործնականացնում էր իր նախաձեռնությունը՝ «Ազգ-բանակ» հայեցակարգը:

Ուշագրավ հանգամանք է այն, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ներկա էր ոչ թե այդ համաժողովին, թեեւ զուտ կազմակերպական իմաստով ոստիկանությունը դրա հետ նաեւ չուներ որեւէ առնչություն, այլ կառավարության նիստին: Այստեղ հետաքրքիր կլինի արձանագրել, որ Վովա Գասպարյանը ոչ միշտ է անձամբ մասնակցում կառավարության նիստերին, եւ կարծես թե նկատելի է ընդհանուր որոշակի պատկեր, որ երբ ոստիկանությանն առնչվող հարցեր են լինում օրակարգում, նիստին ոստիկանությունը ներկա է լինում փոխոստիկանապետի մակարդակով:

Թեեւ «Ազգ-բանակ» համաժողովի կազմակերպմանը ոստիկանությունը չուներ առնչություն, այդուհանդերձ մեղմ ասած անտրամաբանական չէր լինի դրան ոստիկանապետի ներկայությունը, եւ տարօրինակ չէր դիտվի, որ, ինչպես Վիգեն Սարգսյանն էր կառավարության նիստից բացակա, այդպես էլ համաժողովին մասնակցության պատճառով նիստից բացակայեր Վովա Գասպարյանը: Առավել եւս, որ հազիվ թե բարդ լիներ կազմակերպել համաժողովի ներկայությունը գոնե այսպես ասած բացման արարողության մակարդակում:

Գասպարյանն «ընտրել» է կառավարության նիստը, որում նա փաստորեն «հայտնվեց» առանցքային դերում, իսկ նիստից հետո արդեն ոստիկանության հայտարարության տեսքով նա փաստորեն «ստանձնեց» կամ «ընդունեց» իր այդ դերակատարումը, դրա համար պատասխանատվությունը: Փաստացի, առնվազն մի քանի ուշագրավ նրբերանգների եւ համատեքստերի պայմաններում ոստիկանությունն անցավ վարչապետի կողմը:

Դա համակարգայի՞ն, թե՞ իրավիճակային անցում էր:

Հայաստանի իշխանության նոր դասավորության խնդրի հանգուցալուծումը մոտենում է վճռական հանգրվանին, որոշման կայացմանը: Իսկ դա նշանակում է, որ ավելի ու ավելի արդիական է դառնում հարցը, թե ով որտեղ է այժմ եւ ըստ այդմ որտեղ է լինելու 2018-ից հետո: Այդ համատեքստում ուշադրության արժանի է դառնում մեծ ու փոքր ցանկացած տեղաշարժ:

Ամենաընթերցվածը